ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԻ ՔԱՐՈԶ – 2022 – Գրադարան – Mashtoz.org

ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԻ ՔԱՐՈԶ – 2022

Ծնթ. – Այս խորհրդածությունը Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։

 

Ավետարանի ավարտական հատվածում, որ այժմ լսեցինք, Հիսուսը մի խոսք է ասում, որը մեզ հույսով է լցնում, և միաժամանակ՝ մեզ մտածել է տալիս։ Ասում է աշակերտներին. «Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, Նա ձեզ կուսուցանի ամեն բան և կհիշեցնի ձեզ այն ամենը, որ ձեզ ասացի» (Հվհ 14, 26)։

Տպավորիչ է այս «ամեն բան»ը, և այս «ամենը». և ինքներս մեզ հարցնում ենք. ի՞նչ իմաստով է Հոգին տալիս նրան, ով Իրեն ընդունում է, այս նոր ու լիակատար հասկացողությունը։ Քանակի խնդիր չէ, ո՛չ էլ ակադեմիական խնդիր. Աստված մտադիր չէ դարձնել մեզ քայլող հանրագիտարաններ, կամ ամենագետներ։ Ո՛չ։ Որակի՛ խնդիր է, հեռանկարի, հոտառության։ Սուրբ Հոգին ամեն բան մեզ տեսնել է տալիս նոր ձևով, Հիսուսի հայացքի համաձայն։ Դա այս կերպ կարտահայտեի. կյանքի մեծ քայլքի ընթացքում Նա մեզ ուսուցանում է, թե որտեղի՛ց մեկնենք, ո՛ր ճանապարհներով ընթանանք և ինչպե՛ս ընթանանք։ Սուրբ Հոգին ներկա է՝ ասելու մեզ, թե որտեղի՛ց պետք է ճանապարհ ընկնենք, ո՛ր ճանապարհներով քայլենք և ինչպե՛ս քայլենք. «ինչպե՛ս քայլելու» ոճը։

Առաջին հերթին. որտեղի՛ց ճանապարհ ընկնենք։ Սուրբ Հոգին, արդարև, մեր առաջ մատնանշում է հոգևոր կյանքի մեկնակետը։ Ո՞րն է դա։ Դրա մասին խոսում է Հիսուսը այսօրվա ավետարանական ընթերցվածի առաջին տողում, ուր ասում է. «Եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները» (Հվհ 14, 15)։ Եթե ինձ սիրում եք, կպահեք. ահա՛ Սուրբ Հոգու տրամաբանությունը։ Մենք հաճախ հակառակ ուղղությամբ ենք մտածում. եթե պահում ենք, սիրում ենք։ Վարժվել ենք մտածելու, թե սերն էականորեն սերում է մեր օրինապահությունից, մեր առաքինություններից, մեր կրոնականությունից։ Սուրբ Հոգին, մինչդեռ, հիշեցնում է մեզ, որ եթե այդ ամենի հիմքում ընկած չէ սերը, մնացած ամեն ինչ ունայն է։ Եվ որ այս սերը չի ծնվում հիմնականում մեր կարողություններից. այս սերը Իր պարգևն է։ Նա մեզ սովորեցնում է սիրել, և մենք պետք է հայցենք Իրենից այս պարգևը։ Սիրո Հոգին է, որ մեր մեջ դնում է սերը. Նա է, որ մեզ զգալ է տալիս սիրված և մեզ ուսուցանում է սիրել։ Նա է մեր հոգևոր կյանքի – այսպես ասած – «շարժիչը»։ Նա է, որ ամեն ինչ շարժման մեջ է դնում մեր ներսում։ Բայց եթե մենք չենք սկսում Սուրբ Հոգուց կամ Սուրբ Հոգու հետ կամ Սուրբ Հոգու միջոցով, ճանապարհն անհնարին է դառնում անցնել։

Նա Ինքն է, որ հիշեցնում է մեզ սա, որովհետև Ինքը Աստծո Հիշողությունն է. Նա է, Ով հիշեցնում է Հիսուսի բոլոր խոսքերը (հմմտ. Հվհ 14, 26)։ Եվ Սուրբ Հոգին մի գործուն հիշողություն է, որ սրտի մեջ արծարծում ու վերարծարծում է Աստծո հանդեպ գորովը։ Իր ներկայության փորձառությունն ենք ունեցել մեղքերի ներման ժամանակ, երբ լցվել ու լիացել ենք Իր խաղաղությամբ, Իր ազատությամբ, Իր մխիթարությամբ։ Էական կարևորություն ունի այս հոգևոր հիշողությունը սնուցանելը։ Մենք միշտ հիշում ենք ձախորդ բաները. մեր ներսում հաճախ է հնչում այն ձայնը, որ հիշեցնում է մեզ մեր ձախողումներն ու անհամապատասխանությունները, որ ասում է մեզ. «Տեսնո՞ւմ ես, ևս մի անկում, ևս մի հուսախաբություն, չես կարողանալու երբեք, ընդունակ չես»։ Սա մի վատ ու տգեղ կրկներգ է։ Սուրբ Հոգին, մինչդեռ, լրիվ ուրիշ բան է հիշեցնում. «Ընկե՞լ ես։ Բայց, որդի ես։ Ընկե՞լ ես։ Աստծո որդի ես, Աստծո դուստր ես, մի եզակի արարած ես, ընտրյալ, թանկարժեք։ Ընկել ես, բայց շարունակում ես միշտ սիրված լինել։ Նույնիսկ եթե դու կորցրել ես վստահությունը ինքդ քո հանդեպ, Աստված վստահում է քեզ»։ Սա Սուրբ Հոգու հիշողությունն է, այն՝ ինչը որ Սուրբ Հոգին անդադար հիշեցնում է մեզ. Աստված հիշում է քեզ։ Կարող է պատահել, որ դու կորցնես Աստծո հիշատակը, բայց Աստված երբեք չի կորցնում քո հիշատակը. անդադար հիշում է քեզ։

Դու, սակայն, կարող ես առարկել. գեղեցիկ խոսքեր են սոսկ, ես մինչդեռ լիքը խնդիրներ ունեմ, վերքեր ու մտահոգություններ, որ լուծում չեն գտնում էժանագին մխիթարություններով։ Շատ լավ, հենց այդտեղ է, որ Սուրբ Հոգին փափագում է մտնել։ Որովհետև Ինքը՝ Մխիթարիչը, բժշկության հոգի է, Հարության Հոգի է, և կարող է փոխակերպել այդ վերքերը, որոնք քեզ այրում են ներսից։ Նա մեզ ուսուցանում է հեռացնելու, մոռացության մատնելու նպատակով չկտրել հանել անձերի ու իրավիճակների հիշողությունները, որոնք մեզ ցավ են պատճառել, այլ՝ թողնել, որ դրանց մեջ բնակվի Իր ներկայությունը։ Նա այսպես վարվեց Առաքյալների ու նրանց ձախողումների հետ։ Նրանք Խաչելությունից առաջ լքել էին Հիսուսին, Պետրոսը Նրան ուրացել էր, Պողոսը հալածել էր քրիստոնյաներին. որքա՜ն սխալներ, որքա՜ն մեղքի զգացումներ։ Մենք էլ, մտածում ենք մեր սխալների մասին. որքա՜ն սխալներ, որքա՜ն մեղքի զգացումներ։ Մենակ՝ ելք չկար։ Մենակ՝ ո՛չ. Մխիթարչի հետ՝ այո՛։ Որովհետև Հոգին բժշկում է հիշողությունները։ Բժշկում է հիշողությունները։ Ինչպե՞ս։ Ցանկի առաջին տող վերադարձնելով այն, ինչը որ կարևոր է. Աստծո սիրո հիշատակը, Նրա հայացքը մեր վրա։ Այսպիսով՝ կարգուկանոն է հաստատում կյանքի մեջ. մեզ սովորեցնում է ընդունել ինքներս մեզ, մեզ սովորեցնում է ներել, ներել ինքներս մեզ։ Հեշտ չէ ինքներս մեզ ներելը. Սուրբ Հոգին ուսուցանում է մեզ այս ճանապարհը, մեզ ուսուցանում է հաշտվել անցյալի հետ։ Կրկին ճանապարհ ընկնել։

Մեզ մեկնակետը հիշեցնելուց բացի, Սուրբ Հոգին մեզ ուսուցանում է, թե ո՛ր ճանապարհներով պետք է քայլենք։ Մեզ հիշեցնում է մեկնակետը, բայց այժմ մեզ ուսուցանում է ընթանալիք ճանապարհը։ Դա ուսանում ենք այսօրվա երկրորդ Ընթերցումից, ուր Պողոս Առաքյալը բացատրում է, որ նրանք, ովքեր «առաջնորդվում են Աստծո Հոգու կողմից» (Հռմ 8, 14), «ընթանում են ո՛չ թե ըստ մարմնի, այլ՝ ըստ հոգու» (Հռմ 8, 4)։ Սուրբ Հոգին, ա՛յլ խոսքերով ասած, գոյության խաչմերուկների դիմաց մեզ հուշում է, թե ո՛րն է ընտրելիք լավագույն ճանապարհը։ Ուստի կարևոր է՝ կարողանալ զանազանել Իր ձայնը չարի ոգու ձայնից։ Երկուսն էլ խոսում են մեզ. սովորել զանազանել՝ հասկանալու համար, թե որտե՛ղ է Սուրբ Հոգու ձայնը, այն ճանաչելու համար և հետևելու համար Իր նշած ճանապարհին, հետևելու համար այն բաներին, որոնք Ինքն է մեզ ասում։

Մի քանի օրինակ տանք. Սուրբ Հոգին քեզ երբեք չի ասի, որ քո ընթացքի մեջ ամեն ինչ լավ վիճակում է գտնվում։ Քեզ երբեք նման բան չի ասի, որովհետև ճիշտ չէ։ Ո՛չ, Սուրբ Հոգին սրբագրում է քեզ, ուղղում, քեզ մղում է նաև արտասվելու մեղքերիդ համար. քեզ մղում է փոխվելու, պայքարելու քո կեղծիքների ու երկվությունների դեմ, նաև եթե դա ջանք է պահանջում, ներքին պայքար ու զոհողություն։ Չար ոգին, մինչդեռ, քեզ մղում է անելու միշտ այն, ինչ քեզ հաճելի է ու քո քմահաճույքի համաձայն է. քեզ մղում է կարծելու, թե իրավունքն ունես գործածելու քո ազատությունն այնպես, ինչպես քեզ թվում է։ Հետո, սակայն, երբ մնում ես ներսումդ դատարկ, – շատ վատ բան է այս փորձառությունը՝ զգալ դատարկությունը մեր ներսում. և մեզնից շատերն այն զգացել են, – և դու, երբ մնում ես ներսումդ դատարկ, սկսում է մեղադրել քեզ. չար ոգին մեղադրում է քեզ, դառնում է ամբաստանողը, և քեզ գետնին է փռում, կործանում է քեզ։ Սուրբ Հոգին, որ ճանապարհի ընթացքում քեզ ուղղում է, քեզ երբեք գետնին փռված չի թողնում, երբե՛ք, այլ՝ բռնում է քո ձեռքից, մխիթարում է քեզ, և քեզ միշտ քաջալերում է։

Տակավին, երբ տեսնում ես, որ քո ներսը ալեկոծվում է դառնությամբ, հոռետեսությամբ և տխուր մտքերով, – քանի՜ անգամներ ենք մենք հայտնվել նման իրավիճակում, – երբ այս բաները պատահում են, լավ է իմանալը, որ դա երբեք չի գալիս Սուրբ Հոգուց։ Երբե՛ք. դառնությունները, հոռետեսությունը, տխուր մտքերը չեն գալիս Սուրբ Հոգուց։ Գալիս են չարից, որն իրեն իր տարերքի մեջ է զգում բացասականության մեջ և հաճախ է գործի դնում այս ռազմավարությունը. սնուցում է անտարբերությունը, զոհի հոգեբանությունը, զգալ է տալիս ինքներս մեր վրա լացելու կարիքը, – շատ վատ բան է, այս ինքներս մեր վրա լացելը, բայց քանի՜ անգամներ, ... – և ինքներս մեր վրա լացելու կարիքի հետ՝ կարիքը խնդիրներին հակազդելու, ինչպե՞ս, քննադատելով, ողջ հանցանքը ուրիշների վրա գցելով։ Մեզ դարձնում է նյարդային, կասկածամիտ ու տրտնջացող։ Տրտունջը բնորոշ է չար ոգու բառապաշարին. քեզ մղում է տրտնջալու, ինչը որ միշտ նշանակում է տխուր լինել, թաղմանական թափորի տրամադրությամբ։ Տրտունջները ... ։ Սուրբ Հոգին, ընդհակառակը, հորդորում է երբեք չկորցնել վստահությունը, և վերսկսել միշտ. ոտքի՛ կանգնիր, ոտքի՛ կանգնիր։ Միշտ քեզ ոգևորում է. ոտքի՛ կանգնիր։ Եվ բռնում է քո ձեռքից. ոտքի՛ կանգնիր։ Ինչպե՞ս։ Ինքդ քեզ գործի նետելով առաջինը, առանց սպասելու, որ ինչ որ ուրիշ մեկը սկսի։ Իսկ հետո, տանելով յուրաքանչյուր մարդու, որ հանդիպում ենք, հույս և բերկրանք, ո՛չ թե տրտունջ։ Երբեք չնախանձելով ուրիշներին, երբե՛ք։ Նախանձը դուռն է, որով ներս է մտնում չար ոգին, դա Աստվածաշունչն է ասում. «սատանայի նախանձի պատճառով չարիքը ներս մտավ աշխարհ» (հմմտ. Իմս 2, 24)։ Երբեք չնախանձել, երբե՛ք։ Սուրբ Հոգին քեզ բարիք է բերում, բայց քեզ մղում է ուրախանալու ուրիշների հաջողությունների համար. «Ի՜նչ լավ։ Որքա՜ն լավ է, որ այս բանը նրա մոտ ստացվեց ... »։

Ինչպես նաև, Սուրբ Հոգին կոնկրետություն է սիրում, իդեալիստ չէ. կամենում է տեսնել մեզ կենտրոնացած այստեղի ու այժմի վրա, քանի որ տեղը, ուր գտնվում ենք, և ժամանակը, որ ապրում ենք, շնորհի վայրերն են։ Շնորհի վայրը այսօրվա կոնկրետ վայրն է. այստե՛ղ, ա՛յժմ։ Ինչպե՞ս։ Երևակայությունները չեն, որ մենք կարող ենք մտածել. Սուրբ Հոգին մղում է քեզ դեպի կոնկրետություն, մի՛շտ։ Չարի ոգին, մինչդեռ, ցանկանում է շեղել մեր ուշադրությունը այստեղից ու այժմից, ցանկանում է մտքով մեզ ուրիշ տեղ տանել։ Հաճախ մեզ խարսխում է անցյալի մեջ. ափսոսանքների, կարոտների, այն բաների մեջ, որոնք կյանքը մեզ չի տվել։ Կամ էլ՝ մտքով հեռարձակում է մեզ ապագայի մեջ, սնուցելով անորոշությունները, վախերը, խաբկանքները, կեղծ հույսերը։ Սուրբ Հոգին ո՛չ, մեզ մղում է սիրելու այստեղն ու այժմը, կոնկրետ կերպով. ո՛չ մի գաղափարական աշխարհ, մի գաղափարական Եկեղեցի, մի գաղափարական կրոնավորական միաբանություն, այլ՝ այն, ինչը որ կա, արևի լույսի տակ, թափանցիկության, պարզության մեջ։ Ինչպիսի՜ վիթխարի տարբերություն սատանայի համեմատ, որն արծարծում է թիկունքին ասված բաները, բամբասանքները, դատարկախոսությունը։ Դատարկախոսությունն ու բամբասանքը վատ սովորություն է, որ կործանում է մարդկանց ինքնությունը։

Սուրբ Հոգին մեզ կամենում է միասին տեսնել, մեզ հիմնում է որպես Եկեղեցի, և այսօր – ահա՛ երրորդ ու վերջին կետը – Եկեղեցուն ուսուցանում է ինչպե՛ս քայլել, ինչպես ընթանալ։ Աշակերտները վախեցած փակված էին վերնատանը, հետո Սուրբ Հոգին իջավ և նրանց դուրս հանեց այնտեղից։ Առանց Սուրբ Հոգու՝ միայն իրենք էին իրար մեջ, Սուրբ Հոգու հետ՝ բացվում են դեպի բոլորը։ Բոլոր դարաշրջաններում, Սուրբ Հոգին գլխիվայր շրջում է մեր սխեմաները և մեզ բացում է Իր նորության առաջ։ Կա Աստծո նորությունը, միշտ, որը Սուրբ Հոգու նորությունն է. միշտ ուսուցանում է Եկեղեցուն դուրս գալու կենսական անհրաժեշտությունը, ավետելու ֆիզիոլոգիական կարիքը, կարիքը փակված չմնալու ինքն իր մեջ. չլինելու մի հոտ, որ պարսպապատում է իր փարախը, այլ՝ մի բաց արոտավայր, որպեսզի ամենքը կարողանան սնվել Աստծո գեղեցկությամբ. ուսուցանում է մեզ՝ լինել մի հյուրընկալ տուն, առանց բաժանարար պատերի։ Աշխարհային ոգին, մինչդեռ, հարկադրում է մեզ, որպեսզի կենտրոնանանք միայն մեր խնդիրների, մեր շահերի վրա, կարևոր երևալու կարիքի վրա, մեր ազգային ու խմբակային պատկանելությունների անտեղիտալի պաշտպանության վրա։ Սուրբ Հոգին՝ ո՛չ. հորդորում է մոռանալ սեփական անձը, բացվել դեպի բոլորը։ Եվ այսպես երիտասարդացնում է Եկեղեցին։ Ուշադիր լինենք. Նա՛ է երիտասարդացնում Եկեղեցին, ո՛չ թե մենք։ Մենք փորձում ենք ինչ որ չափով շպարել այն. սա անպիտան բան է։ Ինքը՝ երիտասարդացնում է այն։ Որովհետև Եկեղեցին անհնարին է ծրագրավորել և արդիականացման ծրագրերը բավարար չեն։ Կա Սուրբ Հոգին, որ ազատում է մեզ անհապաղ գործերի, անհապաղ միջամտությունների մտասևեռումից, և հրավիրում է մեզ՝ քայլելու հին և միշտ նոր ճանապարհներով, որոնք վկայության ճանապարհներն են, աղքատության ճանապարհները, առաքելության ճանապարհները, ազատելու համար մեզ ինքներս մեզնից և ուղարկելու համար մեզ աշխարհ։

Եվ վերջում, – սա հետաքրքրաշարժ բան է, – Սուրբ Հոգին հեղինակն է բաժանման, նաև ժխորի, որոշակի անկարգուկանոնի։ Մտածենք Հոգեգալստի առավոտվա մասին. Հեղինակը ստեղծում է լեզուների բաժանում, դիրքորոշումների բաժանում, ... մի տեսակ ժխոր էր, դա։ Բայց միաժամանակ, հեղինակն է ներդաշնակության։ Բաժանում է պարգևաշնորհների բազմազանությամբ, բայց դա սոսկ թվացյալ բաժանում է, որովհետև ճշմարիտ բաժանումն իր տեղն է գտնում ներդաշնակության մեջ։ Սուրբ Հոգին բաժանում է ստեղծում պարգևաշնորհներով և ներդաշնակություն է ստեղծում ողջ այս բաժանումով, և սա՛ է Եկեղեցու հարստությունը։

Եղբայրներ և քույրեր, հաճախենք Սուրբ Հոգու դպրոցը, որպեսզի ուսուցանի մեզ ամեն բան։ Աղոթքով կանչենք Նրան ամեն օր, որպեսզի հիշեցնի մեզ՝ միշտ որպես մեկնակետ ունենալ Աստծո հայացքը մեր վրա, մեր ընտրությունների մեջ առաջ շարժվել՝ ունկնդրելով Իր ձայնը, քայլել միասին, որպես Եկեղեցի, հլու Իր հանդեպ, և բաց՝ աշխարհին։

Եղիցի՛ այսպես։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։