ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՔԱՐՈԶ - 2020 – Գրադարան – Mashtoz.org

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՔԱՐՈԶ - 2020

Ծնթ. – Այս խորհրդածությունը Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
 
 
Ն.Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՔԱՐՈԶ
 
Ուրբաթ, 25 Դեկտեմբեր 2020
Վատիկան, Սբ. Պետրոսի Մայր Տաճար
 
 
Այս գիշեր իրականանում է Եսայիի մեծ մարգարեությունը. «Մի մանուկ ծնվեց մեր համար, մեզ մի զավակ տրվեց» (Եսայի 9, 5)։
Մեզ մի զավակ տրվեց։ Հաճախ ենք լսում, որ կյանքի ամենամեծ ուրախությունը դա մի մանկան ծնունդն է։ Դա ինչ որ մի արտակարգ բան է, որ փոխում է ամեն ինչ, շարժման մեջ է դնում աներևակայելի էներգիաներ և հաղթահարել է տալիս հոգնություններ, անհարմարություններ ու անքուն գիշերներ, որովհետև բերում է մի մեծ երջանկություն, որի առաջ ոչինչ ծանր չի թվում։ Այսպիսին է Սուրբ Ծնունդը. Հիսուսի ծնունդը այն նորությունն է, որ մեզ ամեն տարի հնարավորությունն է տալիս վերածնվելու մեր ներսում, Նրա մեջ վերագտնելու ուժը՝ դիմագրավելու ամեն տեսակ նեղության։ Այո՛, որովհետև Իր ծնունդը մեր համար է. ի՛մ համար, քո՛ համար, մեր բոլորի՛ս համար, յուրաքանչյուրի՛ համար։ «Համար». ահա՛ այն բառը, որ կրկնվում է այս սուրբ գիշերվա ընթացքում. «Մի մանուկ ծնվեց մեր համար», մարգարեացավ Եսային. «Այսօր մեր համար ծնվեց Փրկիչը», կրկնեցինք Սաղմոսն ընթերցելիս։ Հիսուսն «Իր Անձն ընծայեց մեր համար», հռչակեց Պողոս Առաքյալը (Տիտոս 2, 14). և հրեշտակն Ավետարանում ավետեց. «Այսօր մի Փրկիչ ծնվեց ձեր համար» (Ղուկաս 2, 11)։ Ի՛մ համար, ձե՛ր համար։
Բայց ի՞նչ է նշանակում այս «մեր համար»ը։ Նշանակում է, որ Աստծո Որդին, Օրհնյալն ըստ բնության, գալիս է դարձնելու մեզ օրհնյալներ ըստ շնորհի։ Այո՛, Աստված աշխարհ է գալիս որպես որդի՝ դարձնելու համար մեզ Աստծո որդիներ։ Ինչպիսի՜ զմայլելի պարգև։ Այսօր Աստված հիացնում է մեզ և մեզնից յուրաքանչյուրին ասում է. «Դու սքանչելիք ես»։ Քո՜ւյր, եղբա՜յր, մի՛ վհատվիր։ Քեզ իբրև սխալի արդյունք զգալու փորձության մե՞ջ ես։ Աստված քեզ ասում է. «Ո՛չ, դու Ի՛մ զավակն ես»։ Քեզ թվում է, թե ուժերդ սպառվո՞ւմ են, անպատշաճ լինելու երկյուղն ունե՞ս, փորձության թունելից դուրս չգալու վա՞խը։ Աստված քեզ ասում է. «Քաջալերվի՛ր, Ես քո հետ եմ»։ Քեզ դա չի ասում սոսկ խոսքերով, այլ՝ դառնալով զավակ՝ քո նման և քո համար, քեզ հիշեցնելու համար մեկնակետը քո յուրաքանչյուր վերածննդի. ճանաչել քեզ որպես Աստծո որդի, որպես Աստծո դուստր։ Սա՛ է մեկնակետը որևէ վերածննդի։ Սա՛ է անխոցելի սիրտը մեր հույսի, հրաբորբոք միջուկը, որի վրա է հիմնվում գոյությունը. մեր դրական որակներից ու մեր թերություններից անդին, անցյալի վերքերից ու ձախողումներից, ապագայի վախերից ու տագնապից ավելի ուժեղ, կա այս ճշմարտությունը. բոլորս սիրված զավակներ ենք։ Եվ մեր հանդեպ Աստծո սերը կախում չունի և երբեք կախում չի ունենալու մեզնից. այն ձրիաշնորհ սեր է։ Այս գիշերը ուրիշ ոչ մի տեղ բացատրություն չի գտնում. միմիայն՝ շնորհը։ Ամեն բան շնորհ է։ Պարգևը ձրի է, առանց մեզնից որևէ մեկի կողմից արժանիքի, զուտ շնորհ։ Այս գիշեր, ասաց մեզ Պողոս Առաքյալը, «հայտնվեց, արդարև, Աստծո շնորհը» (Տիտոս 2, 11)։ Ոչի՛նչ ավելի թանկարժեք չէ։
Մեզ մի զավակ տրվեց։ Հայրը չի տվել մեզ ինչ որ մի բան, այլ՝ Իր իսկ Միածին Որդուն, որն Իր ողջ ուրախությունն է։ Եվ սակայն, եթե նայում ենք Աստծո նկատմամբ մարդու ապերախտությանը և մեր բազմաթիվ եղբայրների հանդեպ անարդարությունը, մի կասկած է ծնվում. Տերը ճիշտ արե՞ց, որ մեզ այդքա՜ն շատ բան պարգևեց, ճի՞շտ է անում, որ դեռ վստահում է մեզ։ Մեզ չի՞ գերագնահատում։ Այո՛, Նա մեզ գերագնահատում է, և դա անում է, որովհետև սիրում է մեզ խենթի նման։ Չի կարողանում չսիրել մեզ։ Նա այսպիսին է, շա՜տ տարբեր է մեզնից։ Մեզ սիրում է միշտ, ավելի՝ քան որքան մենք կարողանում ենք սիրել ինքներս մեզ։ Սա Իր գաղտնիքն է՝ մեր սրտից ներս մտնելու համար։ Աստված գիտի, որ մեզ փրկելու, մեր ներաշխարհը բժշկելու միակ ձևը մեզ սիրելն է. ա՛յլ ձև չկա։ Գիտի, որ մենք բարեփոխվում ենք միայն այն ժամանակ, երբ ընդունում ենք Իր անխոնջ սերը, որը չի փոխվում, այլ՝ փոխում է մեզ։ Միայն Հիսուսի սերն է փոխակերպում կյանքը, բժշկում է ամենախորին վերքերը, ազատագրում է դժգոհության, զայրույթի ու անվերջանալի բողոքների անելանելի շրջապտույտներից։
Մեզ մի զավակ տրվեց։ Այդ խավար ախոռի աղքատ մսուրի մեջ հենց Ինքը՝ Աստծո Որդին է։ Ի հայտ է գալիս ևս մի հարց. ինչո՞ւ ծնվեց գիշերվա մեջ, առանց արժանապատիվ օթևանի, աղքատության ու մերժման մեջ, երբ արժանի էր ծնվելու իբրև ամենամեծ արքան ամենագեղեցիկ պալատի մեջ։ Ինչո՞ւ։ Մեզ հասկացնելու համար, թե որքա՛ն է սիրում մեր մարդկային վիճակը. մինչև հպվելը – Իր կոնկրետ սիրով – մեր վատթարագույն թշվառությանը։ Աստծո Որդին ծնվեց խոտանի կարգավիճակում, ասելու համար, որ յուրաքանչյուր խոտան համարված Աստծո որդի է։ Աշխարհ եկավ այնպես, ինչպես աշխարհ է գալիս մի մանուկ, անուժ ու դյուրաբեկ, որպեսզի մենք կարողանանք քնքշանքով ընդունել մեր տկարությունը։ Եվ կարողանանք բացահայտել մի կարևոր բան. ինչպես Բեթղեհեմում, այնպես էլ մեր հետ, Աստված սիրում է մեծագործություններ կատարել մեր աղքատությունների միջոցով։ Մեր ողջ փրկությունը հաստատել է մի ախոռի մսուրի մեջ և չի քաշվում մեր աղքատություններից. թողնենք, որ Իր ողորմությունը փոխակերպի մեր թշվառությունները։
Ահա՛ թե ի՛նչ է նշանակում, որ մի զավակ է ծնվել մեր համար։ Բայց մի «համար» էլ կա տակավին, որն հրեշտակն ասում է հովիվներին. «Սա՛ է նշանը ձեր համար. մսուրի մեջ դրված մի մանուկ» (Ղուկաս 2, 12)։ Այս նշանը – մսուրի մեջ դրված Մանուկը – նաև մեր համար է, կյանքում մեզ կողմնորոշում տալու համար։ Բեթղեհեմում, որ նշանակում է «Հացի Տուն», Աստված մի մսուրի մեջ է, կարծես հիշեցնելու համար մեզ, որ ապրելու համար Իր կարիքն ունենք այնպես, ինչպես կարիքն ունենք ուտելու հացի։ Կարիքն ունենք թողնելու, որ մեր մեջ թափանցի Իր ձրիաշնորհ, անխոնջ, կոնկրետ սերը։ Որքա՜ն անգամներ, մինչդեռ, զվարճանքի, աշխարհային հաջողության ու վայելքների սովին անձնատուր եղած, սնուցում ենք մեր կյանքը կերակուրներով, որոնք չեն հագեցնում և դատարկություն են թողնում մեր ներսում։ Տերը, Եսայի մարգարեի շուրթերով, դժգոհում էր, որ մինչ եզն ու ավանակը ճանաչում են իրենց մսուրը, մենք՝ Իր ժողովուրդը, չենք ճանաչում Իրեն, մեր կյանքի Ակունքին (հմմտ. Եսայի 1, 2-3)։ Ճիշտ է. ունենալու անհագ ցանկությունն ունենալով, նետվում ենք բազմաթիվ ունայնությունների մսուրների վրա, մոռանալով Բեթղեհեմի մսուրը։ Այդ մսուրը, աղքատ ամեն ինչով և հարուստ սիրով, ուսուցանում է, որ կյանքի սնունդը թողնելն է, որ Աստված սիրի մեզ, և որ մենք սիրենք ուրիշներին։ Հիսուսը տալիս է մեզ դրա օրինակը. Նա՝ Աստծո Խոսքը, նորածին մանուկ է. չի խոսում, այլ՝ ընծայվում է։ Մենք, մինչդեռ, շատ ենք խոսում, բայց հաճախ անգրագետ ենք բարության հարցում։
Մեզ մի զավակ տրվեց։ Ով փոքր երեխա ունի, գիտի, թե որքա՜ն սեր ու որքա՜ն համբերություն է պահանջվում։ Հարկավոր է կերակրել նրան, խնամել, լողացնել, հոգ տանել նրա տկարություններին ու կարիքներին, որոնք հաճախ դժվար է հասկանալ։ Երեխան զգալ է տալիս քեզ սիրված, բայց սովորեցնում է նաև սիրել։ Աստված ծնվեց որպես երեխա՝ մղելու համար մեզ՝ հոգատար լինելու ուրիշների հանդեպ։ Նրա նուրբ լացը հասկացնում է մեզ, թե քանիցս անիմաստ են մեր բազմաթիվ քմահաճությունները. – և դրանք բազմաթիվ են։ Իր անզեն ու զինաթափող սերը մեզ հիշեցնում է, որ ժամանակը, որ ունենք մեր տրամադրության ներքո, ինքներս մեր վրա լացելու համար չէ, այլ՝ սփոփելու համար արցունքները նրա, ով տառապում է։ Աստված բնակություն է հաստատում մեր կողքին, աղքատ ու կարիքավոր, ասելու համար մեզ, որ աղքատներին ծառայելով է, որ կարող ենք սիրել Իրեն։ Այս գիշերվանից սկսած, ինչպես գրել է մի բանաստեղծուհի, «Աստծո բնակարանը իմինի կողքին է։ Տան կահույքը սերն է» (Է. Դիկքինսըն, Բանաստեղծություններ, XVII)։
Մեզ մի զավակ տրվեց։ Դո՛ւ ես, ո՜վ Հիսուս, Որդին, որ ինձ դարձնում է որդի։ Դու ինձ սիրում ես այնպես, ինչպիսին որ ես եմ, ո՛չ թե՝ ինչպիսին երազում եմ լինել։ Ես դա գիտեմ։ Գրկելով Քեզ, մսուրի մեջ պառկած Մանուկ, կրկին փարվում եմ իմ կյանքին։ Ընդունելով Քեզ, կյանքի Հաց, ես նույնպես կամենում եմ ընծայել իմ կյանքը։ Դու, որ փրկում ես ինձ, ինձ սովորեցրու ծառայել։ Դու, որ ինձ միայնակ չես թողնում, օգնիր ինձ՝ մխիթարելու Քո եղբայրներին, որովհետև Դու գիտես. այս գիշեր բոլորը իմ եղբայրներն են։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։