ԾԱՂԿԱՔԱՂ ՄՏՔԵՐ (Աստված, Քրիստոս, Սուրբ Ծնունդ, Աստծո սեր, փրկություն, ...) – Գրադարան – Mashtoz.org

ԾԱՂԿԱՔԱՂ ՄՏՔԵՐ (Աստված, Քրիստոս, Սուրբ Ծնունդ, Աստծո սեր, փրկություն, ...)

« Քանի՜ անգամներ է Հիսուսն անցնում մեր կյանքի միջով, և քանի՜ անգամներ է մեզ մի հրեշտակ ուղարկում, և քանի՜ անգամներ այդ ամենը մենք չենք նկատում, որովհետև այնքա՜ն կլանված ենք, ընկղմված մեր մտքերի, մեր գործերի մեջ, [...] որ չենք նկատում Նրան, որ անցնում և բախում է մեր սրտի դուռը՝ հայցելով հյուրընկալում, հայցելով մի ''այո՛'', ինչպիսին Մարիամի ''այո՛''ն էր »։
 
***
 
« Տոնել Սուրբ Ծնունդը՝ նշանակում է վարվել Հիսուսի նման, Ով եկավ մեր՝ կարիքավորներիս համար, և ''իջնել'' դեպի նա, ով մեր կարիքն ունի։ Նշանակում է վարվել Մարիամի նման. վստահել՝ հպատակվելով Աստծուն, նաև առանց հասկանալու, թե ի՛նչ է Նա անելու։ Տոնել Սուրբ Ծնունդը՝ նշանակում է վարվել Հովսեփի նման. ոտքի կանգնել՝ իրագործելու համար այն, ինչ Աստված ուզում է, նաև եթե դա չի համապատասխանում սեփական ծրագրերին »։
 
***
 
« Աստված ընտրեց ծնվել մի մարդկային ընտանիքում, որն Ինքն իսկ կազմել էր։ Այն կազմել էր Հռոմեական Կայսրության արվարձաններում կորած մի գյուղում։ Ո՛չ Հռոմում, որը կայսրության մայրաքաղաքն էր, ո՛չ մեծ քաղաքներից մեկում, այլ՝ գրեթե անտեսանելի, մանավանդ թե՝ բավական վատահամբավ մի արվարձանում։ [...] Եվ սակայն, հենց այնտեղից՝ մեծ կայսրության այդ արվարձանից սկսվեց ամենասուրբ ու ամենաբարի պատմությունը. Հիսուսի պատմությունը մարդկանց մեջ »։
 
***
 
« Աստծո վարքը վարքն է նրա, ով գնում է որոնելու իր կորած զավակներին, իսկ ապա տոն է կազմակերպում և բոլորի հետ ուրախանում է նրանց վերագտնման համար »։
 
***
 
« Աստված՝ մեր Հայրը, ուրիշ ոչ մի բանի ընդունակ չէ, եթե ոչ միայն՝ մեզ սիրելու և մեզ քաջալերելու, մեզ մղելու և մեզ դեպի առաջ քայլել տալու։ Ուրիշ ոչ մի բանի ընդունակ չէ։ Որովհետև Իր Անունը սեր է, Իր Անունը ձրի պարգև է, Իր Անունը նվիրում է, Իր Անունը ողորմություն է »։
 
***
 
« Աստված և մարդը մի հակադրության երկու ընդդիմադիր բևեռները չեն։ Աստված և մարդը մշտապես փնտրում են միմյանց, ձգտում են միության, որովհետև Աստված մարդու մեջ ճանաչում է Իր պատկերը, իսկ մարդն Աստծո մեջ ճանաչում է իր բնօրինակին և ինքն իրեն ճանաչում է միայն այն ժամանակ, երբ հայում է Աստծուն։ Սա՛ է ճշմարիտ իմաստությունը »։
 
***
 
« Քրիստոսի՝ Մարիամից ծնված Աստվածորդու համերաշխությունը արտահայտությունն է Աստծո ողորմած ամենակարողության, որ բացահայտվում է մեր կյանքում, – հատկապես՝ երբ այդ կյանքը տկարացած է, վերքերով պատված, ստորացված, խտրականության զոհ դարձած, տառապանքի տակ կքված, – նրա մեջ հեղելով հույսի ուժը, որը մեզ կրկին ոտքի է կանգնեցնում և զորավիգ կանգնում »։
 
***
 
« Մանուկ Հիսուսի դեմքում մենք տեսնում ենք Աստծո դեմքը, որը մեզ չի հայտնվում ուժի ու զորության, այլ՝ մի նորածնի տկարության ու դյուրաբեկության մեջ։ Այսպիսին է մեր Աստվածը, այսքա՜ն մոտիկ է գալիս, հանձինս մի մանկան »։
 
***
 
« Մանուկ Հիսուսը, Իր Մայր Մարիամի և Սուրբ Հովսեփի հետ, ընտանեկան պարզ, բայց մեծապես լուսավոր սրբապատկեր են։ Լույսը, որ ճառագայթում է նրանից, ողորմության և փրկության լույս է համայն աշխարհի համար, ճշմարտության լույս է յուրաքանչյուր մարդու, ողջ մարդկության և յուրաքանչյուր ընտանիքի համար »։
 
***
 
« Մարիամը մեզ սովորեցնում է բաց չթողնել նպաստավոր պահը, երբ Հիսուսն անցնում է մեր կյանքի միջով և պատրաստակամ ու վեհանձն պատասխան է ակնկալում մեզնից։ [...] Բանը(*), որ օթևան գտավ Մարիամի կուսական արգանդի մեջ, [...] գալիս է կրկին ու կրկին բախելու յուրաքանչյուր քրիստոնյայի սրտի դուռը։ Մեզնից յուրաքանչյուր ոք կանչված է պատասխանելու, Մարիամի նման, իր անձնական ու անկեղծ «այո՛»ն արտասանելով, սեփական անձը լիովին դնելով Աստծո և Իր ողորմության, Իր սիրո տրամադրության ներքո »։
 
***
 
« Ահա՛ թե ում համար է Հիսուսը եկել. մեղավորների՛ համար, ո՛չ թե արդարների։ Այս վերջիններն Իր կարիքը չունեն »։
 
***
 
« Հիսուսը մեր Ուսուցիչն է, մեր Վարդապետը, հզոր՝ խոսքերով և գործերով։ Հիսուսը մեզ հաղորդում է ամբողջ լույսը, որով լուսավորվում են մեր գոյությունների հաճախ մթապատ ճանապարհները. մեզ հաղորդում է նաև հարկավոր ուժը՝ հաղթահարելու համար դժվարությունները, փորձությունները, նեղությունները »։
 
***
 
« Տեր Հիսուս Քրիստոս, Դու մեզ պատվիրեցիր ողորմած լինել ինչպես երկնավոր Հայրը, և ասացիր մեզ, որ ով տեսնում է Քեզ, տեսնում է Հորը։ Ցո՛ւյց տուր մեզ Քո Դեմքը և մենք կփրկվենք »։
 
***
 
« Հիսուսը չի եկել ջնջելու Օրենքն ու Մարգարեներին, այլ՝ դրանք իրենց լրմանը հասցնելու։ Պետք է մեկնենք իրականությունից, ոստում կատարելու համար դեպի այն, «ինչ մեզ պակասում է»։ Պետք է քննենք սովորականը՝ արտակարգի դիմաց բացվելու համար »։
 
***
 
« Տիրոջ կշեռքը տարբեր է մեր կշեռքներից։ Նա ուրիշ կերպ է կշռում մարդկանց և նրանց արարքները. Աստված չի կշռում քանակը, այլ՝ որակը, քննում է սիրտը, ուշադրություն է դարձնում նպատակների մաքրությանը »։
 
***
 
« Մենք նրանք ենք, ովքեր հավատում են, որ Աստված Հայր է։ Սա՛ է լույսը »։
 
***
 
« Հիսուսի լույսը խոնարհ լույս է։ Ինքն իրեն պարտադրող լույս չէ. խոնարհ է »։
 
***
 
« Աստված քեզ փնտրում է, նույնիսկ եթե դու չես փնտրում Իրեն։ Աստված քեզ սիրում է, նույնիսկ եթե դու մոռացել ես Իրեն։ Աստված տեսնում է քո մեջ մի գեղեցկություն, նույնիսկ եթե դու կարծում ես, թե անօգուտ կերպով վատնել ես քո բոլոր տաղանդները։ Աստված ո՛չ միայն հայր է, այլ նաև մոր նման է, որն երբեք չի դադարում սիրել իր արգանդից ծնված զավակին »։
 
***
 
« Աստված, որի առաջ լռում ենք, դա մի անխոս Մանուկ է։ Նրա վեհությունն առանց խոսքերի է, Նրա սիրո խորհուրդը քողազերծվում է փոքրության մեջ »։
 
***
 
« Քրիստոսի Չարչարանքները տառապանքի խորհուրդ են, բայց հատկապես՝ սիրո մի պարգև են, Հիսուսի կողմից անսահման սիրո պարգև »։
 
***
 
« Ահա՛ Հույսի զմայլելի իրականությունը. Տիրոջը վստահելով, Նրան ապավինելով՝ դառնում ենք Նրա նման, Իր օրհնությունը մեզ փոխակերպում է Իր զավակների, որոնք մասնակցում են Իր իսկ կյանքին։ Աստծո հանդեպ Հույսը մեզ մտցնում է, այսպես ասած, Նրա հիշողության ազդեցության գոտու մեջ, որն օրհնում է մեզ ու փրկում։ Եվ այդ ժամանակ է, որ կարող է մեր սրտից բխել ''Ալլելուիա''ն, կենդանի ու ճշմարիտ Աստծուն ուղղված փառաբանությունը »։
 
***
 
« Լինել քրիստոնյա՝ նշանակում է որպես մեկնակետ ունենալ ո՛չ թե մահը, այլ՝ մեր հանդեպ Աստծո սերը, որն հաղթել է մեր ոխերիմ թշնամուն։ Աստված ավելի մեծ է, քան ոչինչը, և վառված միայն մեկ մոմն անգամ բավական է ամենամութ գիշերվան հաղթելու համար »։
 
***
 
« Ողորմությունը բացում է մտքի դուռը՝ ավելի լավ հասկանալու Աստծո խորհուրդը և մեր սեփական գոյության խորհուրդը »։
 
***
 
« Ով հավատքով սնվում է Քրիստոս կենդանի Հացով, Նրա սիրուց մղվում է սեփական կյանքը տալու եղբայրների համար, դուրս գալու սեփական եսից, ընդառաջ գնալու նրան, ով արհամարհված է և խտրականության զոհ դարձած »։
 
***
 
« Մեր Աստվածը մի մեղմ լույս է, որ վառվում է ցուրտ ու փոթորկալի օրվա մեջ, և որքան էլ որ դյուրաբեկ թվա Նրա ներկայությունն այս աշխարհում, Նա ընտրել է այն վայրը, որից մենք արհամարհանքով խուսափում ենք »։
 
***
 
« Հիսնակաց շրջանում մենք չենք ապրում միայն Սուրբ Ծննդյան սպասումը։ Մեզ կոչ է արվում նաև վերարթնացնելու Քրիստոսի փառավոր վերադարձի սպասումը, – երբ կվերադառնա ժամանակների վախճանին, – նախապատրաստվելով Նրա հետ վերջնական հանդիպմանը հետևողական ու քաջարի քայլերով »։
 
***
 
« Աստված մեզ երբեք չի մոռանում, Հայրը մեզ երբեք չի լքում։ Նա համբերատար հայր է, միշտ սպասում է մեզ։ Հարգում է մեր ազատությունը, բայց միշտ հավատարիմ է մնում։ Իսկ երբ վերադառնում ենք Իր մոտ, մեզ որպես որդիներ ընդունում է Իր Տուն, որովհետև երբեք, և ո՛չ իսկ մի պահ անգամ, չի դադարում սպասել մեզ սիրով »։
 
***
 
« Թույլ տանք, որ Աստծո սրբությունը վարակի մեզ։ Յուրաքանչյուր քրիստոնյա կանչված է սրբության. և սրբությունը չի կայանում նախևառաջ արտասովոր բաներ անելու մեջ, այլ՝ թողնելու մեջ, որ մեր կյանքում գործի Աստված։ Սրբությունը մեր տկարության հանդիպումն է Իր Շնորհի ուժի հետ, Նրա կամքի նկատմամբ վստահություն ունենալն է, որով հնարավորությունն ենք ունենում ապրելու սիրո մեջ, ամեն ինչ ուրախությամբ ու խոնարհությամբ անելու, Աստծո փառքի համար և ի ծառայություն մեր մերձավորների »։
 
***
 
« Ուրիշներին Հիսուսի մասին խոսել կարողանալու համար հարկավոր է ճանաչել Նրան և սիրել, Նրա հետ շփման փորձառություն ունենալ աղոթքի մեջ, Նրա խոսքի ունկնդրման մեջ »։
 
***
 
« Մենք՝ բոլոր մկրտվածներս, Եկեղեցու զավակներս, կանչված ենք միշտ նորովի ընդունելու Աստծո ներկայությունը մեր մեջ, և օգնելու նաև ուրիշների՝ բացահայտելու Աստծո ներկայությունն իրենց կյանքում, կամ վերաբացահայտելու, եթե երբևէ մոռացել էին դա »։
 
***
 
« Հիսուսը չի ակնկալում, որ մենք Իր կողմից ստացած շնորհը կողպեքի տակ, չհրկիզվող պահարանում պահենք։ Սա չի ակնկալում մեզնից Հիսուսը, այլ՝ կամենում է, որ Իր տված շնորհը գործածենք ի նպաստ ուրիշների։ Բոլոր բարիքները, որ մենք ստացել ենք, ստացել ենք ուրիշներին տալու նպատակով, և այդպես է, որ դրանք աճում են։ Կարծես մեզ ասում է. ''Ահա՛, տալիս եմ քեզ իմ ողորմությունը, իմ քնքշանքը, իմ ներումը. վերցրո՛ւ և լայնորեն գործածիր դրանք'' »։
 
***
 
« Աստված երբեք չի դադարում բացահայտել և տեսանելի դարձնել Իր ողորմության հարստությունը դարերի ընթացքում։ Սրտի փոխակերպումը, որ մեզ մղում է խոստովանելու մեր մեղքերը, ''Աստծո պարգև'' է։ Միայն մեր ուժերով չենք կարող։ [...] Քնքշանքով հպված լինելը Իր աջից և կաղապարված լինելը Իր շնորհով, հնարավորություն է տալիս մեզ մերձենալ քահանային՝ առանց մեր հանցանքների համար զգացված երկյուղի, այլ՝ համոզվածությամբ, որ իր կողմից ընդունվելու ենք՝ հանուն Աստծո, և հասկացվելու ենք՝ չնայած մեր թշվառությունների »։
 
***
 
« Մենք ևս, Հիսուսի նման և Հիսուսի օգնությամբ, պետք է երախտագիտությամբ ընդունենք սերը, որ գալիս է Հորից և հարատևենք այդ սիրո մեջ, ջանալով երբեք չբաժանվել այդ սիրուց մեր էգոիզմի և մեր մեղքի պատճառով։ Դժվարին հանձնառություն է, բայց ո՛չ անհնարին »։
 
***
 
« Վստահել Աստծուն՝ նշանակում է Նրա ծրագրերի մեջ մտնել առանց որևիցէ մի բան հավակնելու, նաև ընդունելով, որ Իր պարգևած փրկությունն ու օգնությունը հասնեն մեզ ա՛յլ կերպերով, քան ինչպես մենք ինքներս էինք ակնկալում »։
 
***
 
« Բոլորս մուրացկաններ ենք էականի, Աստծո սիրո, որն իմաստ է տալիս մեր կյանքին և տալիս է անվախճան կյանք »։
 
***
 
« Քրիստոսը, դառնալով մարդ մեր նման, և մեզ բոլորիս միայն մեկ միություն դարձնելով Իր հետ, Իր մահվամբ և Իր հարությամբ իսկապես միացել է մեզ ամուսնական կատարյալ միությամբ, և մեզ բոլորիս որպես ժողովուրդ դարձրել է Իր Հարսը։ Եվ սա ա՛յլ բան չէ, եթե ո՛չ՝ հաղորդության և սիրո ծրագրի կատարումը, որն Աստված հյուսել էր ողջ պատմության ընթացքում, Աստծո ժողովրդի պատմության և նաև մեզնից յուրաքանչյուրի անձնական պատմության։ Տերն Ինքն է, որ առաջ է տանում սա »։
 
***
 
« Եթե մենք Սուրբ Ծննդյան և քրիստոնեական ուրիշ որևէ տոնի մասին մտածում ենք սպառողական մտայնությամբ, տեսնելու համար, թե ի՛նչ կարող ենք գնել՝ այսինչ կամ այնինչ բանն անելու համար, որպես աշխարհային տոն, Հիսուսը մեր կողքով կանցնի և մենք Նրան չենք գտնի։ Մենք սպասում ենք Հիսուսին և ուզում ենք սպասել Նրան աղոթքի մեջ, որը սերտորեն կապված է արթուն հսկմանը »։
 
***
 
« Մեր հայացքն Աստծո Որդու վրա սևեռված պահելը կարող է հասկացնել մեզ, թե տակավին որքա՜ն ճանապարհ ունենք անցնելիք։ Բայց, միաժամանակ, մեր մեջ հեղում է բերկրանքը՝ իմանալու, որ քայլում ենք Իր հետ և երբեք միայնակ չենք »։
 
***
 
« Ընդունիր, որ Հարուցյալ Հիսուսը մտնի քո կյանք, ընդունիր Նրան որպես ընկեր, վստահությամբ։ [...] Եթե մինչև օրս հեռու ես եղել Նրանից, մի փոքրիկ քայլ կատարիր. կընդունի քեզ գրկաբաց։ Եթե անտարբեր ես, ընդունիր ռիսկի դիմել. հուսախաբ չես մնա։ Եթե քեզ դժվարին է թվում Նրան հետևելը, մի՛ վախեցիր, վստահիր ու ապավինիր Նրան. համոզված եղիր, որ Նա քեզ մոտիկ է, քո հետ է և քեզ կպարգևի խաղաղությունը, որ փնտրում ես, և ուժը՝ ապրելու այնպես, ինչպես Ինքը կամենում է »։
 
***
 
« Քրիստոսի Ծնունդը, սկիզբ տալով փրկագործությանը, մեզ խոսում է մի հույսի մասին, որը վստահելի, տեսանելի ու հասկանալի է, որովհետև հիմնված է Աստծո վրա։ Նա մուտք է գործում աշխարհ և մեզ պարգևում է Իր հետ քայլելու ուժը. Աստված մեր հետ քայլում է հանձինս Հիսուսի, և Նրա հետ դեպի կյանքի լիությունը քայլելը մեզ տալիս է ուժը՝ նորովի ապրելու մեր ներկա ժամանակը, նույնիսկ եթե այն հոգնություններով լի է »։
 
***
 
« Մեր ամենօրյա ուրախությունը մեզ Քրիստոսի շնորհի գործիքները զգալու ուրախությունն է, որպես ճյուղերը որթատունկի, որը Քրիստոսն Ինքն է, կենագործված՝ Իր Հոգու ավիշով »։
 
***
 
« Աստված, մեզ նվիրվելու համար, հաճախ ընտրում է աներևակայելի ճանապարհներ, շատ հաճախ՝ մեր սահմանների, մեր արցունքների, մեր պարտությունների ճանապարհները »։
 
***
 
« Հավատքը մեզ տալիս է միշտ մեր կողքին գտնվող Հիսուսի ներկայության ապահովությունը, ապահովությունն Իր ձեռքի, որ բռնում է մեզ՝ վտանգից դուրս քաշելու համար։ Մենք բոլորս գտնվում ենք այս նավակի մեջ, և այստեղ մեզ ապահով ենք զգում, հակառակ մեր սահմանափակությունների ու մեր տկարությունների։ Ապահով ենք հատկապես այն պահերին, երբ ընդունակ ենք լինում ծնրադրելու և պաշտելու Հիսուսին՝ մեր կյանքի միակ Տիրոջը »։
 
***
 
« Ամեն ինչից առաջ ուզում եմ մարդկանցից յուրաքանչյուրին ասել առաջին ճշմարտությունը. Աստված սիրում է քեզ։ [...] Երբեք մի՛ կասկածիր սրան, ի՛նչ էլ որ պատահելու լինի քեզ կյանքում։ Որևէ իրավիճակում, դու անսահմանորեն սիրված ես »։
 
***
 
« Քրիստոնեական սիրո չափանիշը Բանի(*) մարդեղությունն է։ Եվ ով ասում է, թե քրիստոնեական սերն ա՛յլ բան է, դա նեռն է, որ չի ճանաչում մարմնացյալ Բանին »։
 
***
 
« Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը թող օգնի մեզ, որպեսզի – մինչ մոտենում ենք Սուրբ Ծննդյանը – արտաքին իրողություններին թույլ չտանք շեղել մեր ուշադրությունը, այլ՝ մեր սրտում տարածք բացենք Նրա համար, Ով արդեն եկել է և ուզում է տակավին գալ՝ բուժելու մեր հիվանդությունները և տալու մեզ Իր բերկրանքը »։
 
***
 
« Սուրբ Ծննդյան մսուրի առաջ բացահայտում ենք, թե որքա՜ն կարևոր է մեր կյանքի համար, որն այսքա՜ն հաճախ խելացնոր ընթացքի մեջ է, գտնել լռության ու աղոթքի պահեր։ Լռությունը՝ հիանալու համար դեմքի գեղեցկությամբ Մանուկ Հիսուսի՝ Աստծո Որդու, որ ծնվել է մսուրի աղքատության մեջ։ Աղոթքը՝ արտասանելու համար մեր ապշահար ''շնորհակալություն''ը՝ սիրո այս վիթխարի պարգևի դիմաց, որ տրվում է մեզ »։
 
***
 
« Կարևոր չէ, թե ինչպե՛ս ենք զարդարում սուրբծննդյան խորանները. դրանք կարող են միշտ միաձև մնալ կամ ամեն տարի փոխվել։ Իսկապես կարևոր բանն այն է, որ դրանք խոսեն մեր կյանքին »։
 
***
 
« Հետևենք լույսին, որ Աստված պարգևում է մեզ. խոնա՜րհ լույսին ... ։ Ժամագրքի շարականը բանաստեղծական կերպով ասում է, որ Մոգերը '' [աստղի] լույսի մեջ [ճշմարիտ] լույսն էին փնտրում ''. այն խոնա՜րհ լույսը, որ ճառագում է Քրիստոսի Դեմքից, ողորմությամբ ու հավատարմությամբ լի »։
 
***
 
« Անհնարին է թվում, և սակայն այսպես է. հանձինս Հիսուսի՝ Աստված եղել է մանուկ և այդ վիճակում կամեցել է հայտնել մեզ մեծությունն Իր սիրո, որ բացահայտվում է մի ժպիտի մեջ և Իր ձեռքերը պարզելու մեջ դեպի յուրաքանչյուր ոք »։
 
***
 
« Հրեշտակի ավետիսին, որն իրենից խնդրում էր դառնալ Աստծո Մայրը, Մարիամը պատասխանեց լիակատար ու ամբողջական հնազանդությամբ։ Իր այս խոսքերը. ''Ահա՛, Տիրոջ աղախինն եմ. թող լինի ինձ քո խոսքի համաձայն'' (Ղկս 1, 38), մեր բոլորիս համար վկայությունն են այն բանի, թե ինչպես է հարկավոր հավատքով ապավինել Աստծո կամքին »։
 
***
 
« Մոգերն ուսուցանում են, որ հնարավոր է շա՜տ հեռվից մեկնել՝ Քրիստոսին հասնելու համար։ [...] Նրա առաջ հասկանում են, որ Աստված, ինչպես ինքնիշխան իմաստությամբ կանոնավորում է աստղերի ընթացքը, նույն կերպ առաջնորդում է պատմության ընթացքը, ցածրացնելով հզորներին և պանծացնելով խոնարհներին »։
 
***
 
« Աղքատներն ու պարզերը մսուրի մեջ հիշեցնում են, որ Աստված մարդանում է նրանց համար, ովքեր ավելի շատ են զգում Իր սիրո կարիքը և խնդրում են Իր մոտիկությունը »։
 
***
 
« Մսուրը կարծես կենդանի Ավետարան լինի, որ հորդում է Աստվածաշնչի էջերից։ Մինչ հիացմունքով դիտում ենք Սուրբ Ծննդյան տեսարանը, կանչվում ենք հոգեպես ճանապարհ ընկնելու, զգալով ձգողականությունը Նրա խոնարհության, Ով մարդացել է մարդկանցից յուրաքանչյուրին հանդիպելու նպատակով »։
 
***
 
« Ֆրանցիսկյան իր ծագումից ի վեր, մսուրը մի հրավեր է՝ ''զգալու'', ''հպվելու'' աղքատությանը, որն Աստծո Որդին ընտրեց Իր համար, Իր Մարմնեղության ժամանակ։ Եվ այդպիսով, լռելյայն հասկացված, կոչ է՝ հետևելու Իրեն խոնարհության, աղքատության, ավելորդություններից մերկացման ճանապարհի վրա, որը Բեթղեհեմի մսուրից ձգվելով հասնում է մինչև Խաչը »։
 
***
 
« Ահա՛ մարտահրավերը. գտնել կյանքի բնօրինակը, ո՛չ թե պատճենը։ Հիսուսը կեղծ փոխնակներ չի առաջարկում, այլ՝ ճշմարիտ կյանք, ճշմարիտ սեր, ճշմարիտ հարստություն։ Երիտասարդներն ինչպե՞ս կարող են հետևել մեզ Հավատքի մեջ, եթե չտեսնեն, որ մենք ընտրում ենք բնօրինակը. եթե տեսնում են, թե ինչպես ենք խեղդվում երկու չափերի ու երկու կշիռների միջև »։
 
***
 
« Ամենակալ Աստված, որ ներկա ես ողջ տիեզերքում և արարածներիցդ ամենափոքրի մեջ. Դու, որ քնքշանքովդ պատում ես գոյություն ունեցող ամեն ինչ. մեր մեջ հեղի՜ր Քո սիրո ուժը, որպեսզի հոգատար լինենք կյանքի ու գեղեցկության հանդեպ։ Ողողի՜ր մեզ խաղաղությամբ, որպեսզի ապրենք իբրև եղբայրներ և քույրեր, առանց ոչ ոքի վնասելու։ Ո՜վ Աստված աղքատների, օգնի՜ր մեզ նեցուկ լինել այս աշխարհի լքվածներին ու մոռացվածներին, որոնք շա՜տ արժեքավոր են Քո համար։ Բժշկի՜ր մեր կյանքը, որպեսզի պաշտպանենք երկիրը և ո՛չ թե թալանենք. որպեսզի գեղեցկություն սերմանենք և ո՛չ թե աղտոտվածություն ու ավերածություն։ Հպվի՜ր սրտերին բոլոր նրանց, ովքեր միայն փող են որոնում ի վնաս աղքատների ու երկրագնդի։ Սովորեցրո՜ւ մեզ բացահայտել ամեն ինչի արժեքը, դիտել հիացմունքով, ճանաչել, որ սերտորեն միացած ենք բոլոր արարածների հետ՝ դեպի Քո անսահմանափակ լույսն ընկած մեր ճամփորդության մեջ։ Շնորհակալությո՜ւն, որ մեր հետ ես ամեն օր։ Թիկո՜ւնք կանգնիր մեզ, խնդրո՜ւմ ենք, հանուն արդարության, սիրո ու խաղաղության մղվող մեր պայքարում։ Ամեն »։
 

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։