« ՄԵՂԱՎՈՐՆԵՐ, ԲԱՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԵՂԱՎՈՐՆԵՐ, ԲԱՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ »

Ծնթ. – Այս խորհրդածությունը Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
 
 
Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի
քարոզը առավոտյան
Սուրբ Պատարագի ժամանակ
 
Վատիկան
« Սրբուհի Մարթա » տան մատուռից
երեքշաբթի, 10 Մարտ 2020
 
« Մեղավորներ, բայց Աստծո հետ երկխոսության մեջ »
 
 
Երեկ Աստծո Խոսքը մեզ ուսուցանում էր ընդունել մեր մեղքերը և խոստովանել դրանք, բայց ո՛չ միայն մտքով, այլ՝ նաև սրտով, ամոթի զգացողությամբ. ամոթը որպես առավել ազնիվ դիրքորոշում Աստծո առաջ՝ մեր մեղքերի համար։ Եվ այսօր Տերը կանչում է մեզ բոլորիս՝ մեղավորներիս, երկխոսելու Իր հետ (հմմտ. Ես 1, 10.16-20)։ Որովհետև մեղքը փակում է մեզ ինքներս մեր մեջ, մեր թաքնվել է տալիս կամ թաքցնել մեր ճշմարտությունը, ներսում։ Սա այն է, ինչ պատահեց Ադամին ու Եվային. մեղքից հետո թաքնվեցին, քանի որ ամաչում էին. մերկ էին (հմմտ. Ծնդ 3, 8-10)։ Եվ մեղավորը, երբ ամոթ է զգում, ապա ենթարկվում է թաքնվելու փորձությանը։ Եվ Տերը կանչում է. «Օ՜ն, եկեք և քննարկենք, ասում է Տերը» (Ես 1, 18). «խոսենք քո մեղքի մասին, խոսենք քո իրավիճակի մասին։ Մի՛ վախեցեք»։ Եվ շարունակում է. «Նույնիսկ եթե ձեր մեղքերը շիկակարմիր լինեն, ճերմակ կդարձնեմ ձյան նման։ Եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի նման» (Ես 1, 18)։ «Եկեք, որովհետև ես ի զորու եմ փոխելու ամեն ինչ, – ասում է Տերը, – մի՛ վախեցեք գալ և խոսել, քաջասիրտ եղեք նաև ձեր խեղճությունների հարցում»։
Միտքս է գալիս այն Սուրբը, որ խիստ ճգնակեցությամբ էր ապրում ու շատ աղոթում։ Եվ միշտ պատրաստակամ էր տալու Տիրոջը այն ամենը, ինչ Տերն իրենից ուզում էր։ Բայց Տերը գոհ չէր։ Եվ մի օր նա կարծես մի քիչ նեղացել էր Տիրոջից, քանի որ մի քիչ բարդ բնավորություն ուներ այդ Սուրբը։ Եվ ասում է Տիրոջը. «Բայց Տեր իմ, ես Քեզ չեմ հասկանում։ Ես Քեզ տալիս եմ ամեն ինչ, իրոք ամեն ինչ, բայց Դու միշտ կարծես դժգոհ ես, կարծես թե ինչ որ մի բան պակասում է։ Ի՞նչն է պակասում»։ «Տուր ինձ քո մեղքերը. սա՛ է, որ պակասում է»։ Քաջությունն ունենալ Տիրոջ հետ խոսելու գնալու մեր խեղճություններով. «Օ՜ն, եկեք, քննարկենք։ Մի՛ վախեցեք»։ «Նույնիսկ եթե ձեր մեղքերը շիկակարմիր լինեն, ճերմակ կդարձնեմ ձյան նման։ Եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի նման» (Ես 1, 18)։
Սա Տիրոջ կանչն է։ Բայց միշտ մի խաբեություն կա. Տիրոջ հետ խոսելու գնալու փոխարեն ձևացնել, թե մեղավորներ չենք։ Դա այն է, ինչի համար Տերը հանդիմանեց օրենսգետներին (հմմտ. Մտթ 23, 1-12)։ Նման անձինք գործեր են կատարում «մարդկանց կողմից հիացմունք շահելու ակնկալիքով. լայնացնում են իրենց գրապանակներն ու երկարացնում են իրենց հագուստների քղանցքները. նախընտրում են պատվավոր տեղեր գրավել խնջույքների ժամանակ, առաջին տեղերը ժողովարաններում, ողջույններ լսել հրապարակներում, ինչպես նաև մարդկանց կողմից անվանվել վարդապետ» (Մտթ 23, 5-6)։ Երևույթները, փառասիրությունը։ Մեր սրտի ճշմարտությունը ծածկել երևույթների ունայնությամբ։ Երևույթների ունայնությունը չի բժշկում երբեք։ Երևույթների փառասիրությունը չի բժշկում երբեք։ Նաև թունավոր է, առաջ է գնում ՝ հիվանդությունը հասցնելով սրտիդ, պատճառ դառնալով սրտի այն կարծրության համար, որը քեզ ասում է. ''Չէ՜, մի՛ գնա Տիրոջ մոտ, մի՛ գնա։ Դու մնա ... »։
Երևույթների ունայնությունը հենց այն տեղն է, ուր մարդը թաքնվում է Տիրոջ կանչից։ Մինչդեռ, Տիրոջ կանչը դա մի հոր, մի եղբոր կանչն է. «Եկեք։ Խոսենք, խոսենք։ Վերջում ես ի զորու եմ փոխելու քո կյանքը կարմիրից ճերմակի»։
Տիրոջ այս Խոսքը թող որ քաջալերի մեզ. մեր աղոթքը թող որ իրական աղոթք լինի։ Մեր իրականության մասին, մեր մեղքերի մասին, մեր խեղճությունների մասին, խոսել Տիրոջ հետ։ Նա գիտի, Նա գիտի, թե մենք ի՛նչ ենք։ Մենք էլ դա գիտենք, բայց ունայն փառասիրությունը մեզ միշտ մղում է թաքցնելու։ Թող որ Տերը օգնական լինի մեզ։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։