ՊԱՏԳԱՄ « ՔԱՂԱՔԻՆ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԻՆ » - 25.12.2020 – Գրադարան – Mashtoz.org

ՊԱՏԳԱՄ « ՔԱՂԱՔԻՆ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԻՆ » - 25.12.2020

Ծնթ. – Այս խորհրդածությունը Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
 
 
Ն.Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ
ՊԱՏԳԱՄԸ
« ՔԱՂԱՔԻՆ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԻՆ »
 
Վատիկան,
Առաքելական Պալատի Օրհնությունների սրահ
Ուրբաթ, 25 Դեկտեմբեր 2020
 
 
Թանկագին եղբայրներ և քույրեր, բարի Սուրբ Ծնունդ։
Կկամենայի բոլորին հասցնել պատգամը, որը Եկեղեցին ավետում է այս տոնի ժամանակ՝ Եսայի Մարգարեի խոսքերով. «Մի մանուկ ծնվեց մեր համար, մեզ մի զավակ տրվեց» (Եսայի 9, 5)։
Մի մանուկ ծնվեց. ծնունդը միշտ աղբյուր է հույսի, բողբոջող կյանք է, ապագայի խոստում։ Եվ այս Մանուկը՝ Հիսուսը, «ծնվել է մեր համար». այս «մեր»ը առանց սահմանների է, առանց առանձնաշնորհությունների, առանց խտրականության է։ Մանուկը, որին Կույս Մարիամը լույս աշխարհ է բերել Բեթղեհեմում, ծնվել է բոլորի համար. «Որդին» է, որին Աստված տվել է մարդկային ողջ ընտանիքին։
Այս Մանկան շնորհիվ մենք բոլորս կարող ենք դիմել Աստծուն՝ անվանելով Նրան «Հայր», «Հայրիկ»։ Հիսուսը Միածինն է. ուրիշ ոչ ոք չի ճանաչում Հորը, այլ՝ միայն Ինքը։ Բայց Նա աշխարհ է եկել հենց հայտնելու նպատակով Հոր դեմքը։ Եվ այսպիսով, այս Մանկան շնորհիվ, բոլորս կարող ենք կոչվել և իսկապես լինել եղբայրներ. որևէ մայրցամաքի, որևէ լեզվի ու մշակույթի, մեր ինքնություններով ու տարբերություններով, և սակայն՝ բոլորս եղբայրներ ու քույրեր։
Պատմական այս ժամանակահատվածում, որ բնորոշվում է բնապահպանական ճգնաժամով և տնտեսական ու հասարակական ծանր անհավասարակշռություններով, որոնք է՛լ ավելի են ծանրանում թագավարակի համաճարակի պատճառով, առավել քան երբեք կարիքն ունենք եղբայրության։ Եվ Աստված այն ընծայում է մեզ՝ մեզ պարգևելով Իր Հիսուս Որդին. ո՛չ թե մի եղբայրություն, որ հիմնված է գեղեցիկ խոսքերի, վերացական գաղափարների, անորոշ զգացմունքների վրա ... ։ Ո՛չ։ Այլ՝ մի եղբայրություն, որ հիմնված է իրական սիրո վրա, ընդունակ՝ հանդիպելու ինձնից տարբեր ուրիշին, համա-կրելու նրա տառապանքները, մոտենալու և հոգատարություն դրսևորելու, նույնիսկ եթե նա չի պատկանում իմ ընտանիքին, իմ ցեղին, իմ կրոնին. ինձնից տարբեր է, բայց իմ եղբայրն է, իմ քույրը։ Եվ սա վավերական է նաև ժողովուրդների ու ազգերի միջև հարաբերություններում. Բոլորս եղբայրներ ենք։
Սուրբ Ծննդյան օրը տոնակատարում ենք լույսը Քրիստոսի, որ գալիս է աշխարհ և գալիս է բոլորի համար. ո՛չ միայն ոմանց համար։ Այսօր, համավարակի պատճառով տիրող խավարի ու անորոշության այս ժամանակներում, ի հայտ են գալիս հույսի տարբեր շողեր, ինչպես օրինակ՝ դեղամիջոցների բացահայտումը։ Բայց որպեսզի այս լույսերը կարողանան լուսավորել և հույս պարգևել ամբողջ աշխարհին, պետք է հասանելի լինեն բոլորին։ Չենք կարող թույլատրել, որ փակ ազգայնամոլությունները խոչընդոտեն մեզ՝ ապրելու որպես մարդկային ճշմարիտ ընտանիք, ինչպիսին որ կանք իրականում։ Չենք կարող նաև թույլատրել, որ արմատական անհատապաշտության վիրուսը հաղթի մեզ և մեզ անտարբեր դարձնի մյուս եղբայրների ու քույրերի տառապանքների հանդեպ։ Չեմ կարող ինձ ուրիշներից առաջ դնել, շուկայական օրենքներն ու հեղինակային իրավունքները ավելի վեր դասելով, քան սիրո և մարդկության առողջության օրենքները։ Հայցում եմ բոլորից. Պետությունների պատասխանատուներից, ձեռնարկություններից, միջազգային կառույցներից, զարկ տալու համագործակցությանը և ո՛չ թե մրցակցությանը, և լուծում փնտրել բոլորի համար. դեղորայք բոլորի համար, հատկապես Մոլորակի բոլոր երկրամասերի ամենախոցելի ու ամենակարիքավոր խմբերի համար։ Առաջին հերթին ամենախոցելիներն ու ամենակարիքավորները։
Բեթղեհեմի Մանուկը թող որ օգնի մեզ, ուրեմն, լինելու տրամադիր, վեհանձն, առատաձեռն ու համերաշխ, հատկապես ամենադյուրաբեկ անձանց, հիվանդների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այս ժամանակաշրջանում, համավարակի հարուցած տնտեսական հետևանքների պատճառով, կորցրել են իրենց աշխատանքը կամ գտնվում են ծանր դժվարությունների մեջ։
Սահմաններ չճանաչող մարտահրավերի դիմաց գտնվելով, չենք կարող պատնեշներ վեր խոյացնել։ Բոլորս նույն նավակի մեջ ենք։ Յուրաքանչյուր անձ իմ եղբայրն է։ Հանձինս յուրաքանչյուրի տեսնում եմ Աստծո դեմքի արտացոլանքը, և հանձինս բոլոր տառապյալների տեսնում եմ Տիրոջը, որ խնդրում է իմ օգնությունը։ Տեսնում եմ հանձինս հիվանդի, աղքատի, գործազուրկի, խտրականության զոհ դարձածի, գաղթականի ու փախստականի։ Բոլորս եղբայրներ ու քույրեր ենք։
[...]
Թանկագին եղբայրներ և քույրեր,
«Մի մանուկ ծնվեց մեր համար» (Եսայի 9, 5)։ Նա եկել է փրկելու մեզ։ Նա մեզ բարի լուր է ավետում, որ ցավն ու չարիքը վերջին խոսքը չեն։ Համակերպվել ու հանձնվել բռնություններին ու անարդարություններին՝ կնշանակի մերժել Սուրբ Ծննդյան բերկրանքն ու հույսը։
Տոնական այս օրվա մեջ միտքս ուղղում եմ հատկապես նրանց, ովքեր թույլ չեն տալիս, որ ընդդիմադիր հանգամանքները խեղդեն իրենց եռանդը, այլ՝ գործի են լծվում ՝ հասցնելու համար հույս, սփոփանք և օգնություն, օգնության հասնելով տառապողներին և ընկերակցելով միայնակներին։
Հիսուսը ախոռի մեջ ծնվեց, բայց Կույս Մարիամի ու Սուրբ Հովսեփի սիրով պարուրված։ Մարմնի մեջ ծնվելով, Աստծո Որդին նվիրագործեց ընտանեկան սերը։ Միտքս այս պահին ուղղվում է ընտանիքներին. հատկապես այն ընտանիքներին, որոնց անդամներն այսօր չեն կարող միասին լինել, ինչպես նաև նրանց, ովքեր հարկադրված են փակվելու տանը։ Սուրբ Ծնունդը թող որ բոլորի համար առիթ լինի վերստին բացահայտելու, վերարժևորելու ընտանիքը որպես կյանքի ու հավատքի օրորոց. որպես վայր գրկաբաց սիրո, երկխոսության, ներման, եղբայրական համերաշխության ու մեկը մյուսի հետ կիսված ուրախության, խաղաղության աղբյուրի՝ ողջ մարդկության համար։
Բարի Սուրբ Ծնունդ բոլորին։
 

 
Թանկագին եղբայրներ և քույրեր,
կրկին վերանորոգում եմ Բարի Սուրբ Ծննդյան մաղթանքներս բոլորիդ, որ աշխարհի բոլոր անկյուններից միացել եք ձայնասփյուռի, հեռուստատեսության և հաղորդակցության ա՛յլ գործիքների միջոցով։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր հոգևոր ներկայության համար՝ այս օրվա ընթացքում, որի բնորոշ հատկանիշը բերկրանքն է։ Այս օրերին, մինչ Սուրբ Ծննդյան մթնոլորտը կոչ է անում մարդկանց բարենորոգվելու և դառնալու առավել եղբայրական, չմոռանանք աղոթել այն ընտանիքների ու հասարակությունների համար, որոնք ապրում են բազմաթիվ տառապանքների տակ կքված։ Եվ խնդրում եմ, շարունակեցեք աղոթել նաև իմ համար։
Բարի Սուրբ Ծննդյան ճաշ և ցտեսություն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։