« ԵԿԵՂԵՑԻՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵԿԵՂԵՑԻՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ »

2016թ. Հունվար 10, Ռադիո Վատիկանի լուրերից
 
 
«Աստծո անունը Ողորմություն է»։ Այսպես է կոչվում Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի գիրք-հարցազրույցը կաթոլիկ հայտնի լրագրող Անդրեա Թորնիելլիի հետ։ Լույս է տեսել 2016 թվականի Հունվարի 12ին, միաժամանակ 86 երկրներում։ Այստեղ մի փոքրիկ ''համտես'' ենք ներկայացնում այդ գրքից։
 
«Հռոմի Պապը մի մարդ է, որ կարիքն ունի Աստծո ողորմության»։ Ֆրանցիսկոս Պապն այս խոստովանությամբ կիսվել է Անդրեա Թորնիելլիի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ, որից էլ ծնվել է «Աստծո անունը Ողորմություն է» գիրքը։ Քահանայապետը կրկին անդրադարձել է բանտարկյաների հետ ունեցած իր «հատուկ հարաբերությանը»։ «Ամեն անգամ, որ ինչ որ մի բանտի դռնից ներս եմ մտնում, ինչ որ մի ծիսակատարության կամ պարզապես այցելության համար», լրագրողին բացատրել է Ֆրանցիսկոս Պապը, «միշտ այս միտքն եմ ունենում. ինչո՞ւ իրենք և ո՛չ թե ես», «նրանց անկումները կարող էին իմը լինել, ես ինձ ավելի լավը չեմ նկատում, քան նրանք, որոնց տեսնում եմ իմ առջև կանգնած»։
 
 
Պետրոս Առաքյալի նման, իր Հաջորդներն էլ մեղավորներ են
 
«Ոմանց կարող է գայթակղեցնել սա», ընդունում է Քահանայապետը, «բայց ես մխիթարվում եմ Պետրոսի նման. նա ուրացել էր Հիսուսին, բայց չնայած դրան՝ ընտրվեց Հիսուսի կողմից»։ Ֆրանցիսկոս Պապը հիշում է, որ մեծապես տպավորվել է, երբ կարդացել է Պողոս Վեցերորդ և Հովհաննես Պողոս Առաջին Քահանայապետերի գրություններից ոմանք իրենց անձնական սահմանների մասին, իրենց անձնական անկարողությունների մասին, որոնց նեցուկ է կանգնել Աստծո ողորմությունը։ Հովհաննես Պողոս Առաջինը սովոր էր ինքն իրեն կոչել «հողի փոշին»։ Պետրոս Առաքյալը, կրկնում է Պապը, ուրացել էր Քրիստոսին։ «Եվ եթե Ավետարանները նկարագրում են իր մեղքը, իր ուրացումը», մեկնաբանում է Ֆրանցիսկոս Պապը, «և եթե չնայած այդ ամենի՝ Հիսուսը նրան ասում է. ''Հովվիր իմ գառներին'', կարծում եմ, որ չպետք է զարմանանք, եթե իր Հաջորդները նույնպես իրենք իրենց նկարագրում են որպես մեղավորներ»։ Գրքի մի ա՛յլ հատվածում, Ֆրանցիսկոս Պապը հաստատում է, որ կարող է, հետևաբար, ''ընթերցել'' իր սեփական կյանքը Եզեկիել Մարգարեի գրքի 16րդ գլխի լույսի ներքո, ուր Մարգարեն «խոսում է ամոթի մասին»։
 
 
Ամոթը դա շնորհ է, որի միջոցով զգում ենք Աստծո ողորմությունը
 
Ամոթը, ընդգծում է Պապը, մի «շնորհ է. երբ մի մարդ զգում է Աստծո ողորմությունը, մի մեծ ամոթ է զգում ինքն իր նկատմամբ, իր մեղքի համար»։ Ամոթը, ընդգծում է Պապը, «այն շնորհներից մեկն է, որոնց վերաբերյալ Սբ. Իգնատիոսն ասում է, որ պետք է խնդրենք Խաչված Քրիստոսի առաջ մեր մեղքերը խոստովանելիս»։ Եզեկիել Մարգարեի այդ հատվածը «սովորեցնում է ամաչել», բայց «թշվառության ու մեղքի քո ողջ պատմությամբ հանդերձ, Աստված քեզ հավատարիմ է մնում և քեզ կրկին ոտքի է կանգնեցնում»։ Ֆրանցիսկոս Պապն ապա հիշել է Հայր Կարլոս Դուարտե Իբարրային, այն ծոստովանահորը, որին հանդիպել է 1953 թվականի Սեպտեմբերի 21ին, Մատթեոս Ավետարանչի տոնի օրը. «Նրա մոտ խոստովանվելիս ինձ Աստծո ողորմությամբ պատված զգացի»։ Մի փորձառություն, որն որոշիչ է եղել իր հետագա կյանքի համար, այնքան խորը կերպով է տպավորվել իր հոգում, որ տարիներ անց՝ խոսքերը, որոնցով Սբ. Բեդա Պատվելու քարոզներում նկարագրվում է Հիսուսի կողմից Մատթեոս Ավետարանչի կոչումը, դառնալու էին իր եպիսկոպոսական նշանաբանը. «Ողորմելով, ապա և ընտրելով» («Miserando atque eligendo»)։
 
 
Եկեղեցին գոյություն ունի Աստծո ողորմության հետ հանդիպումը հնարավոր դարձնելու համար
 
Ֆրանցիսկոս Պապն ապա խոսել է աշխարհում Եկեղեցու առաքելության մասին։ Նախևառաջ ընդգծել է փաստը, որ «Եկեղեցին պախարակում է մեղքը, որովհետև պարտավոր է ասել ճշմարտությունը»։ Միաժամանակ, սակայն, «գրկում է մեղավորին, որն իրեն խոստովանում է այդպիսին, մոտենում է նրան, նրան խոսում է Աստծո անսահման ողորմության մասին»։ Հիսուսն, ընդգծում է Ֆրանցիսկոս Պապը, «ներեց մինչև իսկ նրանց, ովքեր խաչեցին Իրեն և արհամարհեցին»։ Քահանայապետն ապա հիշեցնում է ողորմած Հոր և անառակ որդու առակը։ «Տիրոջը հետևելով, Եկեղեցին կանչված է Իր ողորմությունը տարածելու բոլոր նրանց վրա, ովքեր ճանաչում են իրենց մեղավոր լինելը, գործված չարիքի համար պատասխանատու լինելը, և ովքեր զգում են, որ ներման կարիքն ունեն»։ «Եկեղեցին», տակավին զգուշացնում է Ֆրանցիսկոս Պապը, «աշխարհում չի գտնվում դատապարտելու համար, այլ՝ որպեսզի հնարավոր դարձնի հանդիպումն այն ''ընդերքային''(1) սիրո հետ, որ Աստծո ողորմությունն է»։
 
 
Միշտ ավելի պետք է տեսանելի դառնա Եկեղեցու մայրական դեմքը
 
Աստծո ողորմությունն ավետելու համար, հավելում է Սրբազան Քահանայապետը, «հարկավոր է դուրս գալ»։ «Դուրս գալ եկեղեցիներից ու ծխական համայնքներից, դուրս գալ և գնալ հանդիպելու մարդկանց այնտեղ, ուր նրանք ապրում են, ուր տառապում են և ուր վառ են պահում հույսը»։ Դուրս գալ, կամ ա՛յլ կերպ ասած՝ լինել «ելքի Եկեղեցի»։ Ֆրանցիսկոս Պապը կրկին ներկայացնում է Եկեղեցու պատկերը որպես «ռազմադաշտում գործող բուժկետ» և բացատրում է, որ «ելքի Եկեղեցու բնորոշ հատկանիշն այն է, որ ներկա է այնտեղ, ուր պայքար է մղվում»։ Սրբազան Քահանայապետն ուստի մաղթում է, որ միշտ ավելի տեսանելի դառնա Եկեղեցու մայրական ողորմությամբ լուսավորված դեմքը, որն ընդառաջ է գնում բազմատեսակ «վիրավորներին», որոնք «կարիքն ունեն ունկնդրման, կարեկցանքի, ներման, սիրո»։
 
 
Մեղավորներ ենք, այո՛, բայց չպետք է ընդունենք այլասերման վիճակը
 
Սրբազան Քահանայապետն ապա կրկին խորհրդածում է մեղքի և այլասերման միջև գոյություն ունեցող տարբերության մասին։ «Այլասերումը դա մեղքն է, որը որպես այդպիսին ճանաչվելու և մեզ խոնարհ դարձնելու փոխարեն բարձրացվում, պանծացվում, վերածվում է համակարգի, դառնում է մտային կաղապար, ապրելակերպ», բացատրում է Ֆրանցիսկոս Պապը։ «Մեզ այլևս չենք զգում իբրև ներման ու ողորմության կարիքն ունեցող անձինք, այլ՝ արդարացնում ենք ինքներս մեզ և մեր արարքները։ Զղջացած մեղավորը, որն հետո կրկին ու կրկին ընկնում է մեղքի մեջ, իր տկարության պատճառով, վերստին ներում է ստանում, եթե խոստովանում է, որ ողորմության կարիքն ունի։ Այլասերվածը, մինչդեռ, նա է, ով մեղանչում է, բայց չի զղջում. նա է, ով մեղանչում է և քրիստոնյա լինել է ձևացնում, և իր երկակի կյանքով գայթակղեցնում է ուրիշներին»։ «Չպետք է ընդունենք այլասերման վիճակը, կարծես թե սոսկ մի մեղք ավելի լինի», զգուշացնում է Քահանայապետը, «թեև հաճախ մարդիկ նույնացնում են այլասերումը մեղքի հետ, իրականում, սակայն, խոսքը վերաբերվում է երկու տարբեր իրականությունների, թեև երկուսը միմյանց կապված են»։ «Հնարավոր է, որ մեկը մի մեծ մեղավոր լինի, բայց դրանով հանդերձ՝ կարող է ընկած չլինել այլասերման մեջ»։ Այդ փաստի ավետարանական օրինակներից են Զակքեոսը, Մատթեոսը, Սամարացի կինը, Նիկոդեմոսը և Բարի Ավազակը։ «Իրենց մեղավոր սրտերում նրանք ունեին ինչ որ մի բան, որն իրենց փրկում էր այլասերումից։ Բաց էին ներման դիմաց, իրենց սրտերը զգում էին, տեսնում էին սեփական տկարությունը, և ահա սա՛ եղավ այն բացվածքը, որի միջով ներս մտավ Աստծո զորությունը»։

(1) Բառացի անհնարին է հայերենի թարգմանել իտալերեն սույն եզրը (viscerale = որովայնային): Առաջացել է Աստվածաշնչի հինկտակարանյան, եբրայեցերեն եզրաբանությունից, ուր աստվածային ողորմությունը մատնանշվում է այն նույն եզրով, որով մատնանշվում է բերկրանքի, սիրո, ընդունելության ու խնամքի այն ամբողջական զգացումը, որ ունենում է կինը, երբ զգում է, որ հղի է: Ողորմությունը աստվածաշնչյան եզրաբանության համաձայն այդ մի ա՛յլ կյանքի սիրալիր ընդունումն է և նրա նկատմամբ անմնացորդ խնամքի ստանձնումը, անկախ ամեն ինչից:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։