10) Հիսուսի խոսքերից շատերն անմիտ են թվում: Ինչո՞ւ պետք է որևէ մեկը Նրան երկրպագի։ – Գրադարան – Mashtoz.org

10) Հիսուսի խոսքերից շատերն անմիտ են թվում: Ինչո՞ւ պետք է որևէ մեկը Նրան երկրպագի։

10) Նույնիսկ, եթե Հիսուսի խոսքերը ճշգրիտ են արձանագրված, Նա այնքան շատ բաներ է ասում, որ անմիտ են թվում և անհնարին է դրանք ընդունել: Ինչո՞ւ պետք է որևէ մեկը Նրան երկրպագի։

 

Քանի որ Հիսուսը երկու հազար տարի առաջ ապրել է բոլորովին ա՛յլ մշակույթի պայմաններում, Նրա ասած բաներից շատերը կարող են սխալ ընկալվել: Վերցնենք Մարկոսի Ավետարանի 4, 11-12 հատվածը, ուր Հիսուսն ասում է. «Ձեզ տրված է, որ Աստծո Արքայության խորհուրդն իմանաք, սակայն նրանց, որ դրսում են, ամեն բան առակներով է ներկայացվում, որպեսզի ինչքան էլ նայեն, չտեսնեն, ինչքան էլ լսեն, չիմանան. չլինի թե դարձի գան, ու նրանց մեղքերը ներվեն»։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Հիսուսը միտումնավոր շփոթեցնում է մարդկանց, որպեսզի նրանք դատապարտվեն։

Այս հատվածը հասկանալու համար հարկավոր է նախ իմանալ, որ Հիսուսն այստեղ մեջբերում է Եսայիին ուղղված մարգարե դառնալու կոչը՝ Ես 6, 9-ից: Այդ համատեքստում Աստված Եսայիին բառացիորեն ասում է. «Գնա՛ և քարոզի՛ր իմ դատաստանը, բայց մի՛ ակնկալիր, թե որևէ մեկը քեզ կլսի»: Աստծո նախախնամության մի մասը ներառում է Նրա արդարության քարոզը մեղքերի դեմ և հետագա պատիժը նրանց, ովքեր դեմ են Նրա արդարությանը (նույնիսկ եթե Նա գիտեր, որ նրանք ամեն դեպքում դիմադրելու էին դրան. մի իրավիճակ, որ լավ հայտնի է, օրինակ, մարդկային ծնողներին): Այս առակը ցույց է տալիս, որ Աստծո պատգամը երբեմն հանդիպելու է կարծրասիրտ մարդկանց, ովքեր «դարձի չեն գալու և չեն ներվելու», բայց քարոզված պատգամը օգուտ է բերելու սրտաբաց մարդկանց, ովքեր նման են «արգասավոր հողի» և դարձի են գալու և ներվելու են:

Որպես մեկ ա՛յլ օրինակ վերցնենք Հիսուսի հետևյալ արտահայտությունը. «Եթե մեկն իմ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից ու մորից, կնոջից ու զավակներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից, նա չի կարող իմ աշակերտը լինել» (Ղկս 14, 26): Արդյո՞ք Հիսուսն իսկապես ցանկանում է, որ մենք ատենք մեր ընտանիքները և նույնիսկ ինքներս մեզ:

Նախ, մենք պետք է հիշենք, որ որպես ուղղափառ հրեա, Հիսուսը հնազանդվում էր Տասը Պատվիրաններին, ներառյալ Չորրորդը. «Պատվի՛ր հորդ ու մորդ»: Նա նույնիսկ քննադատեց փարիսեցիներին այս պարտականությունից խուսափելու համար (հմմտ. Մրկ 7, 9-13): Սակայն Հիսուսը գիտեր, որ Աստծո հանդեպ մեր սերը պետք է լինի առաջին տեղում, և երկրի վրա ոչինչ, նույնիսկ ամենամոտ մարդիկ, չեն կարող ավելի կարևոր լինել, քան այդ սերը: Ավելին, եբրայեցերեն բառակապակցության մեջ «ատել» որևէ մեկին անպայման չի նշանակում անվերապահորեն արհամարհել կամ չարիք ցանկանալ։ Դա կարող է պարզապես նշանակել «ավելի քիչ սիրել, քան մյուսներին»[1]:

Ուստի, թեև այս խոսքերն առաջին հայացքից կարող են ցնցող լինել, բայց Հիսուսն իրականում չի ասում, որ մենք պետք է ատենք մեր մորն ու հորը, արհամարհենք նրանց, չարիք ցանկանանք։ Նա պարզապես ի նկատի ունի, որ նույնիսկ ընտանիքի նկատմամբ սերը պետք է երկրորդ տեղում լինի՝ Աստծո հանդեպ սիրուց հետո: Մատթեոսի Ավետարանը (10, 37-38) նկարագրում է նույն արտահայտությունը, բայց վերափոխված, որպեսզի դրա իմաստն ավելի հեշտ ընկալվի. «Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Եվ ով չի վերցնում իր խաչը և չի գալիս իմ հետևից, ինձ արժանի չէ»: Այն նաև բացատրում է Մտթ 10, 34-ում գրված Հիսուսի թվացյալ կոշտ խոսքերը. «Ես չեմ եկել խաղաղություն բերելու, այլ՝ սուր»։ Հիսուսն այս Ավետարանում ի նկատի ունի, որ չի պատրաստվում մարդկանց միավորել ինչ որ մի ''հարմարավետ ճշմարտությամբ'', այլ՝ բաժանել նրանց ոչ-հարմարավետ ճշմարտությամբ, որի նկատմամբ յուրաքանչյուր ոք պետք է իր ազատ կամքով անձնական դիրքորոշում ձևավորի: Նա գիտի, որ Եկեղեցին հալածվելու է իր հավատքի համար (սրով) և, հետևաբար, քրիստոնյաները պետք է պատրաստ լինեն ատելի և մերժված լինել իրենց հակառակորդների կողմից, որոնք կարող են հենց իրենց ամենահարազատ մարդիկ լինել՝ իրենց ընտանիքները, իրենց հասարակությունները, իրենց շրջապատը:

Մեկ ա՛յլ օրինակ, երբ Հիսուսն անիծեց թզենուն, քանի որ նրա վրա պտուղ չէր գտել (Մրկ 11, 12-25 և Մտթ 21, 18-22): Ո՞ր առողջ մարդը կանիծի ծառին՝ պտուղ չտալու համար, հատկապես հաշվի առնելով այն, որ պտուղ տալու եղանակը չէր: Այստեղ Հիսուսը գործածում է թզենու օրինակը՝ մատնանշելու համար Երուսաղեմին։ Ինչպես թզենին անիծվեց ու չորացավ, որովհետև նրա պտուղները պատրաստ չէին անսպասելի հանդիպմանը, այնպես էլ Երուսաղեմը կործանվելու էր հռոմեացիների կողմից, – ինչը որ տեղի ունեցավ Ք.հ. 70թ.ին, – որովհետև նրա հոգևոր ամլությունը, որն առաջացել է սրտի կարծրությունից, իր վրա բերեց Աստծո բարկությունը:

Կան Հիսուսի խոսքերի բազմաթիվ ա՛յլ օրինակներ ևս, որ կարող են անհեթեթ կամ նույնիսկ անհնարին թվալ մեր ժամանակակից ականջին: Բայց կարևոր է հիշել, որ ո՛չ Աստվածաշունչը, ո՛չ Ինքը՝ Հիսուսը, չեն հակասում միմյանց: Ուստի ցանկացած «դժվար» խոսք պետք է դիտարկենք ընդհանուր պատկերի լույսի ներքո։ Այդ կերպ մենք կարող ենք տեսնել, որ թվացյալ դժվարությունները լուծվում և պարզ են դառնում ընդհանուր համատեքստում:

[1] Տե՛ս նաև հինկտակարանյան «կինը, որին նա ատում է» արտահայտությունը, որ նշանակում է բազմակին ամուսնության մեջ գտնվող կինը, ով ավելի քիչ է սիրված (Ծնդ 29, 31; 2Օր 21, 15):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։