11) Աստծո Արքայությունը չի եկել, և աշխարհը չի վերջացել։ Ինչպե՞ս կարող եմ հավատալ Հիսուսին, եթե նա այդքա՜ն ակնհայտորեն մոլորվել է: – Գրադարան – Mashtoz.org

11) Աստծո Արքայությունը չի եկել, և աշխարհը չի վերջացել։ Ինչպե՞ս կարող եմ հավատալ Հիսուսին, եթե նա այդքա՜ն ակնհայտորեն մոլորվել է:

11) Հիսուսն ասել է, որ իր կողքին կանգնած մարդկանց մեջ կան այնպիսիք, ովքեր նախքան մահանալը տեսնելու են Աստծո Արքայությունը եկած (Մրկ 9, 1): Նա նաև նկարագրել է աշխարհի վերջը և ասել, որ ներկայիս սերունդը չի անցնի, մինչև որ այդ ամենը չկատարվի (Մտթ 24, 35)[1]: Բայց Արքայությունը չեկավ, և աշխարհը չվերջացավ։ Ինչպե՞ս կարող եմ ես հավատալ Հիսուսին, եթե նա այդքա՜ն ակնհայտորեն մոլորվել է:

 

Սա հաճախ կոչվում է «հետաձգված պարուսիայի խնդիր» կամ Հիսուսի խոստումների կատարման հետաձգում: Դա խնդիր է միայն այն դեպքում, եթե Հիսուսն իրականում խոսում էր ֆիզիկական աշխարհի վերջի մասին, որ տեղի էր ունենալու Իր հետևորդների կյանքի ընթացքում (ասենք, առավելագույնը ութսուն կամ իննսուն տարի): Հնարավոր է նաև, որ Իր թագավորություն մտնելու կամ աշխարհի կործանման ապոկալիպտիկ նշանների մասին խոսելիս Հիսուսը նկատի ուներ ո՛չ թե ամբողջ աշխարհի, այլ՝ որոշակի աշխարհի վերջը:

Որովհետև Մատթեոսի Ավետարանի 24-րդ գլխում Հիսուսի կանխագուշակած կործանման տեսարանները տեղի ունեցան ընդամենը քառասուն տարի անց. Երուսաղեմի հռոմեական պաշարումը հանգեցրեց հրեական տաճարի կործանմանը: Երկրորդ գալստյան մասին նրա կանխատեսումը կարող է նշանակել Երուսաղեմի դատաստանին Նրա գալը: Ուիլիամ Մոսթը գրում է.

«Այդ գալուստը լավագույնս կարելի է հասկանալ սուրբգրային ընդհանուր հայեցակարգի միջոցով՝ այցելության, աստվածային միջամտության՝ օգնելու, փրկելու, պատժելու համար: Հիսուսի միջամտությունը, Նրա գալուստը, կարող է վերաբերել Ք.հ. 66-70 թվականների պատերազմներին: [...] Քաղաքի այդ կործանման ժամանակ Հիսուսն ''այցելեց Երուսաղեմ'', ինչպես տեսանք Մատթեոս 24-ում։ Ավելին, հաշվի առնելով փաստը, որ Սուրբ Գիրքը հաճախ գործածում է մարգարեությունների բազմաթիվ իրականացումներ (և Մատթեոս 24-ը դրա հատկապես լավ օրինակն է), այս հայտարարությունը կարող է ևս մեկ անգամ կատարվել ժամանակի վերջում:

Այս տեսության ավելի խորը բացատրության և դրա վերաբերյալ զանազան հուշումների համար, որ կարող ենք գտնել աստվածաշնչյան հատվածներում, խորհուրդ ենք տալիս Դեյվիդ Քարիի ''Ի՞նչ է Հիսուսն իրականում ասում աշխարհի վերջի մասին'' գիրքը[2]»:

Ըստ Մրկ 9, 1-ի մեկնաբանության, երբ Հիսուսն ասում է, թե «այստեղ գտնվողներից ոմանք մահ չպիտի ճաշակեն, մինչև որ չտեսնեն Աստծո արքայությունը՝ զորությամբ եկած», Նա ի նկատի ուներ, որ Իր աշակերտներից ոմանք տեսնելու էին Իրեն «փառքով եկած» Իր Պայծառակերպության ժամանակ, որ տեղի ունեցավ վեց օր անց և նկարագրված է Մարկոսի Ավետարանի հենց հաջորդ տողերում: Հռոմի Պապ Բենեդիկտոս Տասնվեցերորդն իր «Հիսուս Նազովրեցի» գրքում գրում է. «Վերափոխման պատմության այդպիսի ըմբռնումը, որպես մեսսիական ժամանակների սկզբի նշան, թույլ է տալիս մեզ թափանցել այն խորհրդավոր խոսքերի իմաստի մեջ, որոնց մենք հանդիպում ենք Մարկոսի մոտ՝ Պետրոսի խոստովանության և Պայծառակերպության նկարագրության միջև»[3]:

Ինչպես նաև, Նոր Կտակարանի անվանի մեկնաբանների կարծիքով, Հիսուսի այս խոսքը կարող է ամենայն հավանականությամբ վերաբերվել Հոգեգալստյանը, երբ Հիսուսի Մահից, Հարությունից ու Համբարձումից հետո, Իր իսկ խոստման համաձայն, Աստծո Սուրբ Հոգին (որ ջրհեղեղի ժամանակներից քաշվել էր մարդկանցից՝ նրանց մեջ տարածված մեղքի պատճառով. հմմտ. Ծնդ 6, 3) իջավ Առաքյալների վրա, նրանց հոգիների մեջ հեղեց Իր աստվածային պարգևները, հիմնեց Եկեղեցին, որը Քրիստոսի Թագավորությունն է երկրի վրա։ Ուստի այո՛, Քրիստոսին ժամանակակից սերունդը դեռ չանցած, դեռ մահ չտեսած, տեսավ Աստծո Արքայության՝ Սուրբ Հոգու գալուստը, որովհետև Սուրբ Հոգին Ինքը Արքայությունն է, և ապրել Սուրբ Հոգու մեջ՝ նշանակում է ապրել Աստծո Արքայության մեջ, և Եկեղեցին ինքը՝ Սրբերի Եկեղեցին, Քրիստոսի աստվածային Թագավորությունն է երկրի վրա։

Հետևաբար, մենք պետք է վերաբերվենք այդ «դժվար արտահայտությանն» այնպես, ինչպես վերաբերվում ենք Հիսուսի ո՛չ պարզ ա՛յլ ուսմունքներին ու խոսքերին: Եթե ​​Հիսուսն Աստծո Որդին է, ապա շատ ավելի հավանական է, որ կա տրամաբանական բացատրություն, թե ինչո՛ւ է Նա գործածել այդ խոսքերը, քան ասել, որ Նա պարզապես սխալ է թույլ տվել: Պարզվում է, որ «Ի՞նչ ի նկատի ուներ Հիսուսը» հարցին պատասխանելու համար մենք պետք է պատասխանենք ավելի հիմնական այն հարցին, որը Նա ուղղեց Իր աշակերտներին. «Ի՞նչ եք կարծում. Ո՞վ եմ ես»:

[1] Հայերեն թարգմանության մեջ. « [...] այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի»։
[2] David Currie, What did Jesus really say about the end of the world?
[3] Յոզեֆ Ա. Ռաթցինգեր (Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապ), Հիսուս Նազովրեցի։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։