9) Ինչպե՞ս է հնարավոր, որ Աստված մարդ դառնա։ – Գրադարան – Mashtoz.org

9) Ինչպե՞ս է հնարավոր, որ Աստված մարդ դառնա։

9) Եթե Հիսուսն Աստված է, ինչպե՞ս է Աստված ղեկավարել տիեզերքը, երբ Հիսուսը երեխա էր: Հիսուսը բոլոր բաների մասին համընդհանուր գիտելիքներ ունե՞ր, երբ հինգ տարեկան էր։ Ինչպե՞ս է հնարավոր, որ Աստված մարդ դառնա։

 

Մարդեղության խորհուրդը, երբ Աստված մարդ դարձավ, այն չէ, որ հեշտությամբ կարելի է հասկանալ մարդկային սահմանափակ խելքով: Սակայն, ինչպես որ մենք չենք կարող ամբողջությամբ հասկանալ Աստծուն, բայց մենք կարող ենք գոնե փորձել դա անել տարրական մակարդակով, այնպես էլ՝ մենք կարող ենք հիմնական ըմբռնում ստանալ այն փաստի շուրջ, որ Աստված մարդ է դարձել Հիսուս Քրիստոսի աստվածային անձի մեջ, և դա տրամաբանորեն անհնարին չէ։

Քրիստոնյաները հավատում են, որ Աստված Անձերի Երրորդություն է՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, որոնցից յուրաքանչյուրն իր բնությամբ լիովին աստվածային է: Իր մարմնացման ընթացքում Որդին Աստված մարդ դարձավ Իր Մոր՝ Մարիամի մարմնի մեջ: Նա այս ամենն արեց՝ մնալով աստվածային անձ և ամբողջությամբ կիսելով Իր աստվածային բնությունը մյուս երկու Անձերի հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ Ինքը լիովին ընդունեց մարդկային բնությունը մարմնավորման միջոցով: Այս խորհուրդը կոչվում է «հիպոստատիկ միավորում» և նշանակում է, որ Հիսուսը ո՛չ թե կիսով չափ Աստված էր և կիսով չափ մարդ (ինչպես հունական կիսաստվածները), այլ՝ Նա 100 տոկոսով Աստված էր և 100 տոկոսով մարդ: Ինչպե՞ս է դա հնարավոր: Ըստ Քրիստոնեականի.

« [...] Քրիստոսի մարդկային բնությունն իր էությամբ պատկանում է Աստծո Որդու աստվածային անձին, որն Իր վրա վերցրեց այն: Այն ամենը, ինչ Նա է, և այն ամենը, ինչ Նա անում է այդ բնության մեջ, բացահայտում է ''Սուրբ Երրորդությունից Մեկին'': Աստծո Որդին այսպիսով հաղորդում է Իր մարդկությանը Ամենասուրբ Երրորդության մեջ Իր գոյության սեփական ձևը: Այսպիսով, Քրիստոսը թե՛ Իր հոգով, թե՛ Իր մարմնով մարդկայնորեն արտահայտում է Երրորդության աստվածային հատկանիշները» (ԿԵՔ 470)։

«Հիսուսն Աստված է» արտահայտությունը նշանակում է, որ Հիսուսն աստվածային Անձ է: Հիսուսի մասին ցանկացած ճշմարտություն ճշմարտություն է Աստծո մասին, նույնիսկ, եթե այն առաջին հայացքից տարօրինակ է թվում: Օրինակ, քանի որ Հիսուսը մահացավ խաչի վրա, ճիշտ է նաև, որ «Աստված մահացավ խաչի վրա», քանի որ Հիսուսն Աստված է: Իհարկե, Աստված չդադարեց գոյություն ունենալ, բայց մահ ասելով դա չենք ի նկատի առնում։

Մահը տեղի է ունենում, երբ էակի մասերը բաժանվում են միմյանցից: Տվյալ դեպքում, Հիսուսի հոգին բաժանվեց Նրա մարմնից, բայց Աստված հարություն տվեց Հիսուսին մեռելներից (Հռմ 10, 19): Քանի որ Հիսուսն Աստված է, Աստվածաշունչն իրավացիորեն ասում է, որ Հիսուսն Ինքն Իրեն հարություն է տվել մեռելներից, հարություն է առել (Հվհ 2, 19-21), քանի որ Հիսուսն Աստված է:

Կաթոլիկ Եկեղեցու Քրիստոնեականը (472) շարունակում է և ասում, որ թեև Հիսուսն ուներ աստվածային բնություն, Նրա գիտելիքներն իրական մարդկային գիտելիքներ էին. և լինելով մարդ, դրանք սահմանափակված էին այնպես, որ Հիսուսը ստիպված էր անցնել ուսուցման գործընթացի միջով՝ այն ստանալու համար[1]: Դա համապատասխանում էր «ստրուկի կարգավիճակ»ին, որը Նա ստանձնեց՝ կամավոր ինքնախոնարհեցմամբ (ԿԵՔ 472): Դա արտացոլված է Ղկս 2, 52-ում, որտեղ ասվում է. «Հիսուսն Աստծո և մարդկանց առաջ զարգանում էր իմաստությամբ, հասակով ու շնորհով»։ Քրիստոսն ուներ մարդկային գիտելիք և մարդկային կամք, որը համագործակցում էր Հոր հետ, բայց Նա ուներ նաև աստվածային կամքն ու աստվածային գիտելիքը՝ որպես Իր աստվածային բնության մաս:

Տիեզերքը շարունակեց գործել նույնիսկ այն ժամանակ, երբ Քրիստոսը մանուկ էր, քանի որ նույնիսկ այդ ժամանակ Որդու աստվածային բնությունը մեկ էր նրա մարդկային բնության հետ, չէր սահմանափակվում նրանով[2]։ Իր աստվածային բնության մեջ Որդին Աստված շարունակում էր կատարյալ հաղորդություն ունենալ Սուրբ Երրորդության մյուս երկու Անձերի հետ: Եվ միանգամայն արդարացի է ասել, որ Աստված, հանձինս Որդու, դարձավ փոքր երեխա՝ ստանձնելով մարդկային բնությունը, բայց դա չի նշանակում, որ փոքր երեխան, ունենալով միայն մարդկային բնություն, կատարեց տիեզերքը կարգավորելու և պահպանելու գործը։

[1] Մարդկային այդ հոգին, որն Աստծո Որդին ստացավ, ունի իսկական մարդկային գիտելիք: Որպես այդպիսին, այն, ըստ իր սահմանման իսկ, չի կարող լինել անսահմանափակ. այն գործում է ժամանակի և տարածության մեջ իր գոյության պատմական պայմաններում։ Ահա՛ թե ինչու Աստծո Որդին, դառնալով մարդ, կարող էր համաձայնվել «զարգանալ իմաստությամբ, հասակով ու շնորհով» (Ղկս 2, 52) և նույնիսկ կարիք ունենալ՝ հարցնելու, թե փորձով ի՛նչ պետք է սովորեն իրենց մարդկային վիճակում գտնվող մարդիկ:
[2] Ինչպես որ Քաղկեդոնի Տիեզերական Ժողովը (Ք․հ․ 451թ.) սահմանում է այդ միությունը. «անխառն, անշփոթ, անանջատելի, անբաժանելի»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։