15) Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսի գերեզմանը դատարկ է գտնվել։ – Գրադարան – Mashtoz.org

15) Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսի գերեզմանը դատարկ է գտնվել։

15) Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսի գերեզմանը դատարկ է գտնվել։ Միգուցե դա պարզապես առասպել է, որն ավելի ուշ է առաջացել՝ կատարվածը բացատրելու համար:

 

Հարկավոր է հիշել, որ ժամանակ առ ժամանակ մարմիններն իրոք անհետանում են գերեզմաններից։ Այն, որ Հիսուսի գերեզմանը դատարկ է հայտնաբերվել, այնքան էլ արտառոց չէ, և այս փաստը հաստատելու համար ապացույցների սարեր հարկավոր չեն: Իրոք, վկայությունն այն մասին, որ գերեզմանը դատարկ է գտնվել, առկա է բոլոր չորս Ավետարաններում, և դա մեզ տալիս է այս իրադարձության իրականության վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ: Քննադատները կարող են առարկել, թե Պողոսը չի նկարագրում դատարկ գերեզմանը, այլ՝ միայն ասում է, որ Հիսուսը թաղվել և հարություն է առել։ Բայց իմաստ չէր ունենա Պողոսի ասելը, թե Հիսուսը հարություն է առել, եթե նա հավատալու լիներ, թե Նրա մարմինը մնացել է գերեզմանի մեջ: Դա նման է «մեքենան քարշակվել է» ասելուն, բայց հավատալ, որ այն շարունակում է մնալ իր սկզբնական տեղում:

Դատարկ գտնված գերեզմանի վերաբերյալ ապացույցների մեկ ա՛յլ մասն այն է, որ աշակերտները Երուսաղեմի բնակիչներին պատմեցին դատարկ գերեզմանի մասին[1]: Եթե գերեզմանը դատարկ չլիներ, վաղ շրջանի Եկեղեցու թշնամիները հեշտությամբ կարող էին դուրս հանել մարմինը և ջախջախել այդ Զատկական քարոզը: Քննադատները կարող են առարկել, թե Առաքյալները սկսել են քարոզել խաչելությունից հետո միայն 50-րդ օրը, երբ մարմինն այնքան էր քայքայվել, որ անհնարին էր ճանաչել այն: Սակայն նույնիսկ այս ժամանակահատվածից հետո (հատկապես Երուսաղեմի չոր կլիմայական պայմաններում), արտաշիրիմողները կարող էին դիակը ճանաչել խաչելությունից ստացված վերքերով։ Այնուհետև Առաքյալները պետք է ապացուցեին, որ դա Հիսուսի մարմինը չէ:

Նույնիսկ Եկեղեցու ամենավաղ շրջանի թշնամիներն էին հաստատում, որ Հիսուսի գերեզմանը դատարկ էր գտնվել: Մատթեոսի Ավետարանը նկարագրում է, թե ինչպե՛ս գերեզմանի հսկման համար նշանակված պահակներին հրեա քահանայապետները համոզեցին ասել, որ «Նրա աշակերտները գիշերով եկան և գողացան նրան, երբ մենք քնած էինք» (Մտթ 28, 13-15), և որ այս բացատրությունը գործածվում էր արդեն Մատթեոսի ժամանակ, երբ նա գրում էր իր Ավետարանը: Երկրորդ դարում, Հուստինոս Նահատակը ռաբբի Տրիփոնի հետ երկխոսության մեջ պատասխանում է այնպիսի քննադատների, ինչպիսին Տրիփոնն էր, որոնք պնդում էին, թե իբր աշակերտներն էին, որ գողացել էին Հիսուսի մարմինը գերեզմանից:

Դատարկ գտնված գերեզմանի ամենաուժեղ ապացույցներից մեկն այն փաստն է, որ Ավետարաններն ասում են, որ կանայք են բացահայտել դա: Առաջին դարի Պաղեստինում (և ընդհանրապես՝ ողջ աշխարհում) կնոջ վկայությունը համարվում էր բոլորովին անարժեք, և ամոթ էր դրա վրա հիմնվելը: Հրեական Թալմուդն ասում է. «Դուք ավելի շուտ պետք է այրեք Թորայի խոսքերը, քան վստահեք կնոջը»: Դատարանում կնոջ ցուցմունքը նույն կշիռն ուներ, ինչ հանցագործի ցուցմունքը[2]։ Նաև հրեա պատմաբան Հովսեփոս Ֆլավիուսն է զգուշացնում չվստահել կանանց, «նրանց անլրջության ու կողմնակալության պատճառով»[3]։ Այս մանրամասնության խիստ ամոթալի լինելու պատճառով գրեթե վստահելի է, որ Ավետարանիչները նշել են դա այն պատճառով, որ դեպքը հենց այդպես էլ տեղի է ունեցել իրականում:

Ի վերջո, դատարկ գտնված գերեզմանի պատմությունը շատ պարզ պատմություն է՝ զուրկ առասպելական զարդարանքի որևէ հետքից: Ի տարբերություն դարեր անց գրված պարականոն ավետարանների, ուր նկարագրվում են բազմառատ հրաշքներ և հրեաների ու հռոմեացիների ամբողջ հավաքույթներ գերեզմանի մոտ, Մարկոսի Ավետարանը (որպես մեր ամենավաղ աղբյուրը) շատ հակիրճ է, այն միայն նկարագրում է, թե ինչպե՛ս են կանայք հանդիպել Հիսուսի թաղմանական պատանքի մոտ նստած երիտասարդին։ Այդ վկայության պարզության, կանացի վկայությունների ամոթալի (ու անվախ) գործածման, Երուսաղեմում կատարված քարոզների, որոնք ոչ ոք չի հերքել, և ամենավաղ շրջանի հակառակորդների ցուցումները, թե հենց աշակերտներն են գողացել մարմինը, ամենից գոհացուցիչ բացատրությունն այն է, որ Հիսուսի գերեզմանն իսկապես դատարկ էր գտնվել խաչելությունից հետո երրորդ օրը[4]:

Ո՞րն է այլընտրանքը այն պնդման, թե իբր աշակերտներն են գողացել Հիսուսի մարմինը: Դա բացարձակ առումով անհնարին չէ, բայց այդ տեսությունը՝ կեղծիքի տեսությունը, բացարձակապես անհավանական է: Նախ, այդ դավադրության մեջ նույնիսկ ամենափոքր թերության ապացույց չկա՝ ո՛չ մի արձանագրություն, որ գոնե մի քրիստոնյա հաստատել է կեղծիքի փաստը: Ավելին, կեղծիքը սովորաբար կատարվում է անձնական շահի համար: Սակայն իրենց ''կեղծիքից'' Առաքյալների ունեցած միակ շահը նահատակությունն է եղել։ Անվախ պայքարը բազմաթիվ հալածողների դեմ, որոնց Առաքյալները քարոզեցին Բարի Լուրը (և որի համար տառապեցին) Հիսուսի Հարությունից հետո, լիովին անհամատեղելի է կեղծիքի տեսության հետ:

[1] Gary Habermas and Michael Licona, The Case for the Resurrection of Jesus, Grand Rapids: Kregel Publications, 2004, p. 70.
[2] Talmud, Sotah 3:4, 19a (մեջբերված՝ Keren, Rachel. “Torah Study”, Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. 20 March 2009. Jewish Women’s Archive.
[3] Հովսեփոս Ֆլավիուս, Հրեական հնություններ, 4, 8, 15.
[4] Այն մասին, թե ինչպե՛ս պաշտպանել Հարության գաղափարը՝ գործածելով միայն Քրիստոսի կյանքին վերաբերվող «նվազագույն փաստերը», տես՝ Gary Habermas and Michael Licona, The Case for the Resurrection of Jesus, Grand Rapids: Kregel Publications, 2004. Տե՛ս նաև՝ մեր կայքում (Գրադարանի «Ջատագովություն» բաժնում) հրատարակված « Հիսուսի Հարության պատմական փաստերը » հոդվածը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։