17) Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Առաքյալները զանգվածային ցնորատեսությամբ չեն տառապել: – Գրադարան – Mashtoz.org

17) Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Առաքյալները զանգվածային ցնորատեսությամբ չեն տառապել:

17) Նույնիսկ եթե Առաքյալները հավատում էին, թե Հիսուսը հարություն է առել մեռելներից, դա դեռ չի ապացուցում, որ դա իրականում հենց այդպես էլ եղել է: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ նրանք զանգվածային ցնորատեսությամբ չեն տառապել:

 

Հարության հանդեպ անհավատ դիրքորոշում ունեցող ուսումնասիրող Գերդ Լյուդմաննը հաստատում է, որ Առաքյալները հարություն առած Քրիստոսին հանդիպելու որոշակի փորձառություն են ապրել։ Նա գրում է. «Այն, որ Պետրոսը և Առաքյալները Հիսուսի մահից հետո որոշակի փորձառություն ունեցան, երբ Հիսուսը երևաց նրանց որպես Հարություն առած Քրիստոս, կարելի է ընդունել որպես պատմականորեն վստահելի փաստ»[1]։ Հարցը, որ մենք պետք է տանք, հետևյալն է. «Ինչո՞վ կարող են բացատրվել այդ երևույթները»:

Տեղի ունեցածի այլընտրանքային բացատրության ամենատարածված փորձը աշակերտների վշտից առաջացած ցնորատեսությունն է։ Անհավատները պնդում են, թե բազմաթիվ մարդիկ, ովքեր սգում են մահացած սիրելիների համար, իբր հաճախ պնդում են, թե տեսել և նույնիսկ հպվել են իրենց մահացած հարազատներին, կարծես նրանք ողջ լինեին: Ցնորատեսության այս տեսակը, ասում են, կարող է բացատրել Առաքյալների հետ կատարվածը։

Սակայն այդ ''բացատրությունն'' ընդհանրապես անհասկանալի է մնում, քանի որ ցնորքները միշտ լինում են անհատական, այլ ո՛չ թե՝ զանգվածային: Ինչպես գրում է հոգեբան Գարի Քոլինսը, «իրենց բնույթով իսկ պայմանավորված, միայն մեկ մարդ կարող է ժամանակի կոնկրետ պահի կոնկրետ ցնորատեսություն ունենալ: Դրանք միանշանակ կերպով այն բաները չեն, որ մարդկանց խումբը կարող է տեսնել։ [...] Քանի որ ցնորատեսությունները գոյություն ունեն միայն նրանց սուբյեկտիվ անձնական մտքում, ակնհայտ է, որ ա՛յլ մարդիկ չեն կարող տեսնել դրանք»[2]:

Այս տեսության հաջորդ խնդիրն այն է, որ մեռածներից ֆիզիկապես հարություն առնելը, ամենայն հավանականությամբ, նույնիսկ Առաքյալների համար աներևակայելի էր: Պատմաբան Ն.Թ. Ռայթն իր «Աստծո Որդու հարությունը» գրքում լայնորեն ուսումնասիրել է հին գրականությունը և հեթանոսական ու հրեական մշակույթներում ո՛չ մի օրինակ չի գտել՝ հավատքի առ այն, որ մարդը, որ մահացել է, հետմահու փորձառություն է ապրել և հետո վերադարձել է փառավորված, անմահ, ֆիզիկական գոյություն ունեցող մարմնով իրական կյանք: Եթե Առաքյալներն ինչ-որ մի տեսակ ցնորատեսություն ունենային, որը միշտ ենթադրում է ինչ-որ խելքին մոտիկ և ծանոթ մի բան, ապա դա, ամենայն հավանականությամբ, կլիներ Քրիստոսի՝ հոգեպես երկինք համբարձվող պատկերը: Սակայն դա այն չէր, ինչ քարոզում էին Առաքյալները[3]։

Նույնիսկ եթե Առաքյալները կարողանային որևէ դրդապատճառ գտնել՝ հավատալու Հիսուսին նույնիսկ առանց Նրան հարություն առած տեսնելու, Հիսուսի թշնամիները նման շարժառիթ չունեին: Սողոս Տարսոնացին (հետագայում հայտնի որպես Պողոս Առաքյալ) փարիսեցի էր, ով հալածում էր նորածին Եկեղեցուն, մինչդեռ Հակոբոսը՝ Հիսուսի «եղբայրը», ամենայն հավանականությամբ՝ Նրան մերժող ազգականներից, զարմիկներից մեկն էր[4]։ Հարություն առած Քրիստոսի հետ հանդիպելուց հետո, սակայն, Սավուղը լիովին հեղաշրջվեց իր համոզմունքների մեջ և միացավ հենց այն ''հերետիկոսությանը'', որին ինքը հալածում էր, ինչպես և Հակոբոսը, որ նահատակվեց Քրիստոսի հանդեպ իր հավատքի համար:

Ցնորատեսությունների տեսության դեմ ամենապարզ և հիմնավոր ապացույցն այն է, որ Առաքյալներն իրենք էլ կարող էին ցանկացած պահի ստուգել դա՝ այցելելով գերեզման և տեսնելով, թե արդյո՞ք մարմինն այնտեղ էր:

[1] Gerd Ludemann, What Really Happened to Jesus?, Louisville: Westminster, John Knox Press, 1995, p. 80.
[2] Gary Habermas and J.P. Moreland, Immortality: The Other Side of Death, Nashville: Nelson, 1992, p. 60.
[3] Օրինակ, Գործք Առաքելոց գրքի Երկրորդ գլխում Պետրոսն ասում է, որ Դավիթ թագավորի գերեզմանը դեռ կա, և որ Դավիթն ապականություն է ապրել, բայց Հիսուսը, որպես Մեսսիա, չգիտի ապականություն, քանի որ հարություն էր առել։
[4] «Որովհետև նույնիսկ Նրա եղբայրները չէին հավատում Նրան». Հվհ 7, 5։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։