14) Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Հիսուսն իրականում մահացավ խաչի վրա: – Գրադարան – Mashtoz.org

14) Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Հիսուսն իրականում մահացավ խաչի վրա:

14) Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Հիսուսն իրականում մահացավ խաչի վրա, և ո՛չ թե կորցրեց գիտակցությունը և հետագայում դուրս ելավ գերեզմանից: Կամ որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսին պարզապես չեն թողել խաչի վրա, որպեսզի փտի, կամ որ Նրա մարմինը չի գցվել ջրանցքի մեջ և շները չեն կերել: Իրավիճակի այդպիսի զարգացումը շատ ավելի հավանական է, քան այն, որ Հիսուսը հարություն առավ մեռելներից:

 

Հիմնական խմբերը, որ ժխտում են Հիսուսի խաչելության և իրական մահվան փաստը, հետևյալներն են. ա) առասպելաբանական դպրոցի ներկայացուցիչները, ովքեր հերքում են Նրա գոյության փաստը. բ) մուսուլմանները, ովքեր հավատում են Ղուրանի ուսմունքին, թե Հիսուսը չի խաչվել, այլ՝ Նրա փոխարեն խաչի վրա դրվել է Նրան նման մեկը[1]: Կրոնական և ո՛չ կրոնական ուսումնասիրողները, սակայն, ովքեր նախապաշարումներ չունեն Հիսուսի մահվան վերաբերյալ, համաձայն են, որ Հիսուս Նազովրեցին խաչվել է Առաջին դարում, Հրեաստանում: Օրինակ՝ հայտնի անհավատ Ջոն Դոմինիք Քրոսսանը մերժում է Հիսուսի հարությունը մեռելներից, բայց նույնիսկ ինքն է ընդունում․ «Այն փաստը, որ նա խաչվել է, նույնքան վստահելի է, որքան ցանկացած պատմական իրադարձություն»[2]: Դա Նոր Կտակարանի, ինչպես նաև հին պատմիչների, ինչպիսիք են Հովսեփոս Ֆլավիուսը և Տակիտոսը, միաձայն վկայությունն է, որ Հիսուսը խաչվել է Պոնտացի Պիղատոսի օրոք: Բայց ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Հիսուսն իրոք մահացել է խաչի վրա, այլ ո՛չ թե՝ կորցրել է գիտակցությունը և հետո արթնացել է գերեզմանում: Բժշկական տեսանկյունից՝ մենք կարող ենք գրեթե վստահ լինել։ 1986 թվականին Ամերիկյան Բժշկական Միությունը հրապարակեց մի հոդված, որը վերլուծում էր Ավետարանների վկայությունները՝ խաչելության մասին հնագույն պատմությունների հետ միասին: Այս աշխատանքի եզրակացությունն այն է, որ հաշվի առնելով խարազանումը, որի պատճառով Նրա մաշկը քրքրվել էր, ինչպես նաև ասֆիքսիան, որն ուղեկցում է խաչելությանը, Հիսուսի ողջ մնալը պետք է որ գրեթե անհնարին լիներ[3]:

Նույնիսկ եթե Հիսուսն ինչ-որ կերպ փրկվել է խաչելությունից, շատ քիչ հավանական է, որ Առաքյալները հավատային Նրա հաղթական հարությանը մեռելներից: Նույնիսկ հայտնի անհավատ և ''ապա-առասպելականացնող'' Դեյվիդ Շտրաուսը մերժել է այս տեսությունը. «Անհնարին է, որ գերեզմանից կիսամեռ առևանգված մարդը՝ թույլ ու հիվանդ, բժշկական օգնության կարիք ունեցող, [...] կարող է տպավորել աշակերտներին որպես Կյանքի Թագավոր, որ հաղթել է մահվանն ու գերեզմանին. հենց այն տպավորությունը, որ հիմք հանդիսացավ առաքյալների ապագա գործունեության համար»[4]:

Գրեթե յուրաքանչյուր պատմաբան՝ թե՛ աշխարհիկ, թե՛ քրիստոնյա, համաձայն է, որ Հիսուսը խաչելության արդյունքում մահացել է: Կետը, որտեղ նրանք համաձայն չեն, այն է, թե ի՛նչ է կատարվել Հիսուսի մարմնի հետ, երբ Նա խաչվել է: Ավետարաններում ասվում է, որ Հիսուսը թաղվել է մի գերեզմանի մեջ, որ պատկանում էր Հովսեփ Արիմաթեացուն, ով Երուսաղեմի Ատյանի ազդեցիկ անդամներից մեկն էր. այն Ատյանի, որտեղ Հիսուսը դատապարտվեց[5]: Չկա ո՛չ մի հին վկայություն, թե Հիսուսին գցեցին ձորը, կամ տրվեց Իր ընտանիքին, կամ Նրա մարմինը կերան խաչի վրա թառած գիշատիչ թռչունները, և այլն, որպեսզի մենք դրանք հակադրենք Ավետարաններին: Թեև Ավետարանների միաձայնությունը վերջնական ապացույց չէ, որ Հիսուսը թաղվել է պատվով, նման միաձայնությունը սպասելի է այն դեպքում, երբ իրադարձությունն իրականում տեղի է ունեցել:

Բայց ինչո՞ւ այդ թաղումը տեղի ունեցավ։ Չպե՞տք է արդյոք դատապարտված հանցագործին գցեին ձորը (ինչպես պնդում է Կրոսսանը) կամ պարզապես թողնեին խաչի վրա։

Հին Հրեաստանում, ինչպես և մեր ժամանակակից մշակույթներում, մահացած մարդկանց մեծամասնությունը թաղված էր ինչ-որ մի դամբարանում կամ որոշակի հողատարածքում: Համաձայն Երկրորդումն Օրինաց գրքի (21, 22-23), հրեա ժողովրդի ներկայացուցիչներին արգելվել էր կախված հանցագործներին թողնել ծառից կախված և հրամայվել էր անհապաղ թաղել նրանց։ Կարելի է նաև ենթադրել, որ Հրեաստանի հռոմեացի նվաճողները, անընդհատ անհանգստանալով հրեական ապստամբություններից, կհանեին Հիսուսին խաչից, որպեսզի դժգոհություն չառաջացնեին Պասեքի տոնակատարության ժամանակ։

Լավ։ Նույնիսկ եթե Հիսուսին իջեցրեցին խաչից, ի՞նչ ապացույց կա, որ Նրան դրեցին գերեզմանի մեջ: Նախ, Հիսուսի թաղումն արձանագրված է բոլոր չորս Ավետարաններում, և հաստատված է Պողոս Առաքյալի կողմից Կորնթացիներին ուղղված Առաջին Նամակում: Այս փաստաթղթերում գործածված «թաղված» եզրը հունարեն «ἐτάφη» - «հետաֆէ» է, որը ծագում է «θάπτω» - «թապտօ» - «թաղել» բայից։ Այս բառը գործածվում է Մտթ 14, 12-ում, ուր նկարագրվում է Հովհաննես Մկրտչի թաղումը իր աշակերտների ձեռքով, մահապատժից հետո: Բայց արդյո՞ք դատապարտված հանցագործը կստանար նման թաղում։ Ինչո՞ւ Հիսուսին պարզապես չգցեցին հանցագործների գերեզմանատան ընդհանուր փոսի մեջ:

Ասենք, որ Առաջին դարում խաչելության զոհ դարձած և ներկայումս գտնված մարդու միակ կմախքը, որ պատկանել է Գիվատ Հա-Միվտարի Յեհոհանանին, հայտնաբերվել է գերեզմանում թաղված[6]։ Դա ցույց է տալիս, որ հանցագործների պատշաճ թաղումը հրեաների համար անսովոր բան չէր։ Եվ եթե ավետարանիչները հորինած լինեին թաղման հետ կապված պատմությունը, ապա նրանք կպատմեին մի չափազանց պատվավոր թաղման մասին՝ ընկերների ու հարազատների ձեռքով, բայց ո՛չ Հովսեփ Արիմաթեացու, ով Հիսուսին մահվան դատապարտող ատյանի անդամ էր (թեև, ամենայն հավանականությամբ, ներկա չի գտնվել այդ գիշերային նիստին)։ Ի վերջո, եթե Հիսուսի մարմինը պարզապես գցեցին ընդհանուր գերեզմանի մեջ, ապա ո՛չ մի պատճառ չկա, թե ինչո՛ւ դա փոխվեց կամ չհիշատակվեց Ավետարաններում: Իհարկե, դա ամոթալի վախճան կլիներ Հիսուս Նազովրեցու համար, բայց խաչելությամբ մահը նույնքան ամոթալի էր: Քրիստոնյաները չեն փորձել թաքցնել փաստը, որ Հիսուսին ամոթալի մահապատժի են ենթարկել ամենավերջին ստրուկի նման, ուրեմն ինչո՞ւ պետք է թաքցնեին ամոթալի թաղման հանգամանքը, եթե դա իրոք այդպես եղած լիներ։ Այսպիսով, ապացույցներն ու տրամաբանությունը մեզ ասում են, որ Հիսուսը թաղվել է գերեզմանի մեջ ճիշտ այնպես, ինչպես ասում են Ավետարանները:

[1] Համաձայն Ղուրանի 4, 157 սուրահի․ «Նրա համար, որ ասացին ''մենք սպանեցինք Մեսսիա Հիսուսին՝ Մարիամի Որդուն՝ Աստծո Առաքյալին (մինչդեռ նրանք Նրան չսպանեցին ու չխաչեցին, այլ՝ միայն մի ուրվական հայտնվեց նրանց), և նրանք, ովքեր վիճում են Նրա մասին, մնում են կասկածի մեջ. նրանք դրա մասին չգիտեն, այլ՝ միայն կարծում են․ և որ Նրան չեն սպանել, հաստատ հայտնի է»: Քանի որ Ղուրանը գրվել է Հիսուսի մահից գրեթե վեց դար անց, այս ''փաստարկը'' բնավ չի օգնում պատմական տեսանկյունից դիտարկել այն, ինչ տեղի ունեցավ Հիսուսի հետ։ Այն կարծիքը, թե Ղուրանն իբր Աստծո Խոսքն է, և հետևաբար՝ մուսուլմանները պետք է վստահեն դրան, այլ ո՛չ թե՝ Աստվածաշնչի մեջ գրվածին, տե՛ս Jacques Jomier, The Bible and the Qur’an, San Francisco: Ignatius Press, 2002:
[2] John Dominic Crossan, Jesus: A Revolutionary Biography, San Francisco: HarperCollins, 2009, p. 163.
[3] William Edwards, Wesley Gabel, and Floyd Hosmer, “On the Physical Death of Jesus Christ”, Journal of the American Medical Association, 255.11 (March 21, 1986): 1457.
[4] David Strauss, The Life of Jesus for the People, vol. 1, London: Williams and Norgate, 1879, p. 412.
[5] Տե՛ս Մտթ 27, 57; Մրկ 15, 43; Ղկս 23, 50; Հվհ 19, 38.
[6] Matthew W. Maslen and Piers D. Mitchell, “Medical Theories on the Cause of Death in Crucifixion”, Journal of the Royal Society of Medicine, 2006.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։