7) Կա՞ ապացույց, որ Հիսուսն իրականում պնդում էր, որ Աստծո Որդին է։ – Գրադարան – Mashtoz.org

7) Կա՞ ապացույց, որ Հիսուսն իրականում պնդում էր, որ Աստծո Որդին է։

7) Ես կարող եմ ընդունել, որ Հիսուս անունով մարդ գոյություն ունցել է, և որ նա, Բուդդայի նման, իմաստուն ուսուցիչ է եղել: Սակայն կարծում եմ, որ նրա աստվածային ծագման մասին ամեն ինչ հորինված է և ավելացվել է ավելի ուշ: Կա՞ ապացույց, որ Հիսուսն իրականում պնդում էր, որ Աստծո Որդին է։
 
Եթե ​​Հիսուսը պարզապես ուսուցիչ լիներ, ապա Նա պետք է աներևակայելի չափի ամբարտավան մեկը լիներ, եթե ո՛չ՝ ուղղակի հոգեկան հիվանդ։

Եկեք համեմատենք Բուդդայի համեստ ուսմունքները Հիսուս Քրիստոսի կտրուկ հայտարարությունների հետ: Բուդդան ասել է.

«Հետևաբար, եղեք ինքներդ ձեր ճրագը, եղեք ձեր ապաստանը»[1]: Եթե Բուդդան հորդորել է իր հետևորդներին գտնել ճշմարտություն և լույս իրենք իրենց մեջ, ապա Հիսուսն ասել է. «Ես եմ աշխարհի լույսը. ով հետևում է ինձ, չի քայլի խավարի մեջ, այլ՝ կունենա կյանքի լույսը» (Հվհ 8, 12): Նա նաև ասել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հվհ 14, 6)։

Նոր Կտակարանում բազմաթիվ ապացույցներ կան, որ Հիսուսն Իրեն ավելին էր համարում, քան իմաստուն կամ նույնիսկ մարգարե: Հիսուսը խոսել է անառարկելի հեղինակությամբ և հայտարարություններ է արել, որոնք Նրան բարձրացրել են Աստծո մակարդակին: Ահա՛ մի քանի օրինակ. «Ո՛չ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ո՛չ՝ իմ միջոցով միայն» (Հվհ 14, 6):

Մտթ 11, 27-ում Հիսուսը պնդում է, որ Ինքը բացառիկ և բացարձակ հարաբերություններ ունի Հայր Աստծո հետ, ասելով. «Ամեն բան ինձ իմ Հորից տրվեց։ Ոչ ոք Որդուն չի ճանաչում, բացի Հորից, և ոչ ոք Հորը չի ճանաչում, բացի Որդուց, և նրանից, ում Որդին կուզենա հայտնել»։

Ղկս 22, 29-ում Հիսուսն ասում է, որ իրավունք ունի խոստանալ Արքայությունն այնպես, ինչպես Հայրը։

Հվհ 8, 58-ում Հիսուսը գործածում է չարտասանվող աստվածային անունը, երբ ասում է. «Նախքան Աբրահամի լինելը, ԵՍ ԵՄ», ի նկատի ունենալով այն, որ գոյություն ուներ մի՛շտ, նախքան հազարավոր տարիներ առաջ ապրած Աբրահամը: Այդ արարքն առաջացրեց քահանայապետի զայրույթը, և հենց դա էլ հիմք հանդիսացավ Հիսուսին աստվածանարգության մեղադրանքով սպանելու համար:

Հվհ 20, 28-ում Թովմասը դիմում է Հիսուսին «իմ Տեր և իմ Աստված» խոսքերով։ Հիսուսը չի ուղղում Թովմասին այդ խոսքերի համար, որոնք սրբապիղծ աստվածանարգություն են, եթե ճշմարիտ չեն:

Քննադատողները կարող են պնդել, թե Հիսուսի հիշատակումներն Իր աստվածության մասին գալիս են ավելի ուշ աղբյուրներից (հատկապես Հովհաննեսի Ավետարանից) և առասպելի զարգացման արդյունք են։ Նրանք կարծում են, որ Հիսուսի ամենավաղ արտահայտությունները մեր առաջ հայտնում են միայն ուսուցչի կերպարը, որն ուներ մարդկային բնություն, և ո՛չ թե մեկին, ով իրեն աստվածություն է համարում: Ճիշտ է, վաղ շրջանի Ավետարանները, ինչպիսին է Մարկոսի Ավետարանը, ավելի շատ ընդգծում են Հիսուսի մարդկային բնությունը, քան Հովհաննեսի Ավետարանը (որը վերջինն է գրվել), բայց դա չի նշանակում, որ նրանք ժխտում են Հիսուսի աստվածային բնությունը։

Մրկ 2, 5-ում, անդամալույծին բժշկելուց հետո, Հիսուսը հայտարարում է, որ իրավունք ունի ներելու մարդկային մեղքերը, այսինքն՝ անել այն, ինչ կարող է անել միայն Աստված: Մրկ 6, 7-ում Հիսուսը հավաքում է տասներկու աշակերտներ, ինչը որ խորհրդանշում է Իսրայելի տասներկու ցեղերին: Փոխանակ Ինքը ներկայացներ ցեղերից մեկին, օրինակ՝ Ղևտական ցեղին, որ կապված էր քահանայության հետ, Հիսուսն առանձնանում է Տասներկու Առաքյալներից և հավաքում է նրանց ճիշտ այնպես, ինչպես Աստված կանչեց Իսրայելի տասներկու ցեղերին:

Ավելին, Մարկոսի Ավետարանի 12-րդ գլխում Հիսուսը պատմում է խաղողի այգու մասին, որի մշակները սպանում են ծառաներին, որոնք ուղարկվել էին տիրոջ կողմից: Արդյունքում, այս առակում այգու տերն իր որդուն է ուղարկում մշակների մոտ, որին նրանք նույնպես սպանում են։ Այս առակը որպես զուգահեռ է ներկայանում Մարգարեների խոսքերին, ովքեր խաղողի այգին կապում էին Իսրայելի հետ, իսկ ծառաներին՝ Մարգարեների հետ, որոնց Իսրայելը (մշակները) մերժում էր[2]։ Բայց կարևոր ու հատկանշական է, որ Հիսուսն Իրեն նույնացնում է ո՛չ թե այգու տիրոջ ծառաներից մեկի, այլ՝ նրա որդու հետ։ Ինչպես որ այգու տիրոջ որդին սպանվեց հոր հետ ունեցած հարաբերությունների պատճառով, այնպես էլ Հիսուսին սպանեցին Նրա և Երկնային Հոր միջև հատուկ կապի մասին Իր պնդումների համար:

[1] “The Buddha’s Farewell Address” in The Gospel of Buddha. Compiled from Ancient Records by Paul Carus, Chicago and London: The Open Court Publishing Company, 1915.
[2] Տե՛ս Ես 5, 1-30.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։