20) Այսպիսով, Հիսուսի վերաբերյալ ինչի՞ն արժե հավատալ: – Գրադարան – Mashtoz.org

20) Այսպիսով, Հիսուսի վերաբերյալ ինչի՞ն արժե հավատալ:

20) Այսպիսով, Հիսուսի վերաբերյալ ինչի՞ն արժե հավատալ:

 

Թեև կարևոր է ճիշտ պատկերացում ունենալը, թե Ո՛վ էր Հիսուսն Իր երկրային առաքելության ընթացքում, շատ ավելի կարևոր է իմանալը, թե Ո՛վ է Հիսուսն այս պահին: Հիսուսը նշանավոր մարգարե, քարոզիչ, հավատքի համար պայքարող կամ գուրու չէ: Նա Աստծո կենդանի և հարություն առած Որդին է, Ով երկիր եկավ՝ փրկելու մարդկանց իրենց մեղքերից (դրանց հետևանքներից): Նա այն ժամանակ և այժմ լիովին Աստված է և լիովին մարդ, Միջնորդը՝ մարդկայինի և աստվածայինի միջև: Եվ Նա կամենում է, որ Դուք – անձամբ Դո՛ւք – ճանաչեք Իրեն:

Ինչպե՞ս կարող են մարդիկ ճանաչել Հիսուսին և մեղքից փրկություն գտնել Նրա մեջ: Նախ, նրանք պետք է ապաշխարեն: Հունարեն ապաշխարություն բառն է «μετάνοια» - «մետանոյա», որ բառացի նշանակում է «մտքափոխվել», «շրջվել», «դարձի գալ», «ընթացքի, բռնած ուղղության շրջադարձ կատարել»: Ապաշխարողը փոխում է իր կյանքի ուղղությունը և ցույց է տալիս, որ այլևս չի ուզում Աստծո դեմ գործել։ Մարդը, ով ապաշխարում է, պետք է հավատա, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, Ով եկել է քավելու մեր մեղքերը և մեզ շնորհ տալու՝ դառնալու Աստծո որդեգիր զավակները, ովքեր հավերժ ապրելու են Նրա հետ: Այս շնորհը ո՛չ թե ուղղակի թաքցնում է մեր մեղքերը և մեզ արտաքուստ լավն է դարձնում, այլ՝ իրականում փոխակերպում է մեզ այնպես, որ մենք սուրբ ենք դառնում, որպեսզի «ժառանգենք օրհնությունը» (1Պտ 3, 9 և ողջ ուղերձը):

Ի վերջո, մարդն իր կյանքում պետք է ստանա Աստծո շնորհը: Ըստ Հիսուսի հրահանգի, դա հիմնականում ներառում է մկրտվելը, որով լվացվում է մեղքի բիծը և թույլ է տալիս մեզ լինել Աստծո ընտանիքի մաս: Մկրտությունից հետո քրիստոնյան կարող է մասնակցել Հիսուսի հիմնած Եկեղեցու Խորհուրդներին (Մտթ 16, 18) և ավելի շատ շնորհ ստանալ այդ «նյութից», որը թույլ է տալիս մեզ ունենալ Աստծո կյանքը մեր մեջ և մեզ դարձնում է «նոր ստեղծագործություն» Քրիստոսի մեջ։ Օրինակ, մկրտված քրիստոնյաները Ամենասուրբ Հաղորդության Խորհրդի մեջ կարող են ճաշակել Քրիստոսի Մարմինն ու Արյունը հացի և գինու տեսքով, որպեսզի ստանան, որպես ամենաթանկ նվեր, Աստծուն, Ով շոշափելի կերպով բնակվում է իրենց մեջ:

Հիսուսը մի էքսցենտրիկ մահկանացու ռաբբի չէր, ով ապրել և մահացել է երկու հազար տարի առաջ: Նա մարդկության հանդեպ Աստծո սիրո մարմնացումն է և փրկության հույսը, որ բաց է բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների մարդկանց համար: Բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են ճանաչել Աստծուն, Նա ասում է.

«Ամեն ինչ ինձ է տրվել իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, ում Որդին կուզենա հայտնել։ Իմ մոտ եկեք դուք բոլորդ, որ հոգնած եք ու բեռնավորված, և ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեր վրա վերցրեք և սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր համար հանգիստ կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մտթ 11, 27-30)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։