13) Ինչո՞ւ Աստված չէր կարող ներել մեր մեղքերը առանց Հիսուսի մահվան: – Գրադարան – Mashtoz.org

13) Ինչո՞ւ Աստված չէր կարող ներել մեր մեղքերը առանց Հիսուսի մահվան:

13) Ինչո՞ւ են քրիստոնյաները հավատում, որ Հիսուսը պետք է մահանար, որպեսզի Աստված ներեր մեր մեղքերը։ Ինչո՞ւ Աստված չէր կարող ներել մեր մեղքերը առանց դրա:

 

Մեր հոգու խորքում մենք բոլորս գիտենք, որ մեղավոր ենք Աստծո օրենքները խախտելու մեջ: Թեև մենք ստեղծված ենք Աստծո պատկերով ու նմանությամբ, բայց մենք աղավաղում ենք այդ պատկերն ու նմանությունը կա՛մ վատ բաներ անելով, կա՛մ լավ բաներ չանելով: Քանի որ Աստված սուրբ է, կատարյալ և մաքուր, մեղքը լիովին ոչնչացվում է Իր ներկայությամբ. եթե մեր մոտ «Աստծո հետ ամեն ինչ կարգին չէ», մենք չենք կարող ակնկալել, որ հավերժությունը կանցկացնենք Նրա հետ Երկնքում:

Իհարկե, Աստված կարող էր ուղղակի իր աստվածային հրամանով ներել մեր մեղքերը (ի վերջո Նա ամենակարող է), բայց Սբ. Թովմա Աքուինացին պնդում է, որ Քրիստոսի զոհաբերությունը «պատշաճ» արարք էր Աստծո համար, քանի որ այն հստակ կերպով ցույց է տալիս Աստծո սերը մարդու հանդեպ, և այդ արարքը մեզ տվեց առաքինության և զոհաբերության պայծառ օրինակ[1]: Քրիստոսի հնազանդությունը, նույնիսկ մինչև մահ, վերականգնում է ուխտը, որն Ադամը խախտեց, երբ Եդեմի պարտեզում չհնազանդվեց Աստծուն[2]:

1Հվհ 2, 1-2 հատվածում ասվում է. «Իսկ եթե մեկը մեղանչի, Աստծո առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին. և Նա՛ է քավությունը մեր մեղքերի, և ո՛չ միայն մեր մեղքերի, այլև՝ ողջ աշխարհի»։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ Հիսուսի մահը ո՛չ միայն թույլ է տալիս Աստծուն անտեսել մեր մեղքերը, այլ՝ իսկապես փրկագնում է մեզ, ջնջում է մեր մեղքը և վերականգնում է մեզ Աստծո հետ կենդանի հարաբերությունների մեջ՝ որպես Նրա կողմից որդեգրված զավակներ (Հռմ 8, 15): Ինչպես ասվում է Կաթոլիկ Եկեղեցու Քրիստոնեականում.

«Հիսուսը դատապարտություն չգիտեր, իբր Ինքը մեղք գործած լիներ։ Բայց փրկագնող սիրո մեջ, որը միշտ միավորել է Նրան Հոր հետ, Նա Իր վրա վերցրեց Աստծո դեմ մեղքի մեջ մեր թափառելու բեռը, ընդհուպ մինչև խաչի վրա մեր անունից ասելու. ''Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ''։ Նրան այդքան համերաշխ դարձնելով մեր՝ մեղավորներիս հետ, Աստված ''չխնայեց Իր Որդուն, այլ՝ մատնեց Նրան բոլորիս համար'', որպեսզի մենք ''հաշտվեինք Աստծո հետ Իր Որդու մահվամբ''։

Տալով Որդուն մեր մեղքերի համար՝ Աստված դրանով բացահայտում է, որ Իր ծրագիրը մեր համար բարի կամքի և սիրո ծրագիրն է, որ նախորդում է մեր բոլոր արժանիքներին․ ''Սերն այն բանի մեջ է կայանում, որ ո՛չ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ՝ Նա սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն՝ մեր մեղքերի քավության համար''։ ''Բայց Աստված փաստում է Իր սերը մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մեռավ մեր համար, երբ մենք դեռ մեղավոր էինք''» (ԿԵՔ 603-604)։

[1] Սբ. Թովմա Աքուինացի, Աստվածաբանության հանրագումար, Մաս 3, Հարց 4.
[2] Հմմտ. Հռմ 5, 19.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։