18) Արդյո՞ք Առաքյալները չեն հավատացել Հիսուսի միայն «հոգևոր» հարությանը։ – Գրադարան – Mashtoz.org

18) Արդյո՞ք Առաքյալները չեն հավատացել Հիսուսի միայն «հոգևոր» հարությանը։

18) Բայց Պողոսը 1Կր 15, 37-50 հատվածում գրում է, որ «շնչավոր մարմինը» չի կարող մտնել դրախտ, այլ միայն՝ «հոգևոր մարմինը»[1]: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Առաքյալները հավատացել են Հիսուսի միայն «հոգևոր» հարությանը, որպեսզի գերեզմանում դրված մարմինը չհերքեր իրենց «Զատկական հավատքը»։

 

«Հոգևոր հարություն» կոչվող ''փաստարկը'' հիմնված է 1Կր 15, 44 հատվածում Պողոսի կողմից «հոգևոր մարմին» եզրի գործածման և մարմնականի ու հոգևորի միջև Պողոսի կողմից դրված ընդհանուր տարբերության ու հակադրության վրա: Պողոսի նամակներն ուսումնասիրող Ջոն Ցիսլերը շատ լավ գիտի, թե Պողոսի համար որքա՜ն դժվարին էր նկարագրել մարմնական հարությունը, որը դիակի պարզունակ վերակենդանացում չէ: Ցիսլերը ենթադրում է, որ Կորնթոսի քրիստոնյաները, որոնց Պողոսը նկարագրում է որպես անհավատներ (1Կր 15, 12), կարող էին նման կերպ մտածել:

Ինչ վերաբերում է Պողոսի կողմից «մարմին» (σῶμα - սօմա) եզրի գործածմանը, նա գրում է, որ այն «նշանակում է ''արտաքին ձևի'' կամ ''մարմնավորման'' պես մի բան, կամ ավելի լավ է ասել ''միջոց'', որով փոխանցվում և արտահայտվում է անհատականությունը». [...] ողջ անհատականության հարությունը ներառում է մարմնավորումը, բայց ո՛չ ֆիզիկական մարմնավորումը»[2]։ Ահա՛ թե ինչո՛ւ 35-44 տողերում Պողոսը համեմատում է կենդանիների, բույսերի և աստղերի մարմինների տարբեր տեսակներ՝ ցույց տալու համար, որ փառքով հարություն առած հավատացյալների մարմինը պարզապես մահկանացու մարմին չի լինելու: Դա լինելու է գերագույն աստիճանի փառավորված մարմին:

Որպես մեկ ա՛յլ օրինակ, երբ մենք ասում ենք, որ Աստվածաշունչը «հոգևոր գիրք» է կամ որոշակի մարդ «հոգևոր է», մենք ի նկատի չունենք, անշուշտ, որ այդ գիրքը կամ անձը անմարմին է կամ գոյություն ունի որպես ինչ-որ մշուշ: Ավելի շուտ, մենք ի նկատի ունենք, որ այդ գիրքը կամ անձն ունի հոգևոր ուղղվածություն, և ո՛չ թե հոգևոր կառուցվածք կամ արտաքին տեսք: Ինչպես գրել է Սուրբ Օգոստինոսը՝ Եկեղեցու վաղ շրջանի ամենաանվանի աստվածաբաններից մեկը, ով հաճախ վիճում էր գնոստիկ հերետիկոսների հետ, ովքեր փնտրում էին որևէ գրություն, որը կարող էր հաստատել իրենց արհամարհանքը նյութի նկատմամբ․ «Որովհետև, ինչպես որ մարմնին ծառայող հոգին պատշաճ կերպով կոչվում է մարմնավոր, այնպես էլ այն մարմինը, որ ծառայում է հոգուն, արդարացիորեն կոչվում է հոգևոր, ո՛չ թե այն պատճառով, որ հոգի է դարձել, ինչպես ոմանք կարծում են»[3]:

1Կր 2, 14-15 հատվածում Պողոսը գրում է. «Ոչ-հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծո Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։ Իսկ հոգևոր (հուն. πνευματικὸς — պնէումատիկոս) մարդը քննում է ամեն ինչ, և ինքը ոչ մեկի կողմից չի քննվում»: Հասկանալի է, որ Պողոսն ի նկատի չունի, թե պատրանքային, ո՛չ նյութական մարդն ունակ է դատել այդպիսի բաների մասին, այլ՝ ի նկատի ունի հոգևոր ձգտումներ ունեցող մարդուն:

Ի վերջո, մարմինների ֆիզիկական հարության վերաբերյալ Պողոսի հավատքն ակնհայտ է նրա մյուս գրություններում։ Փլպ 3, 21-ում նա գրում է. «[Հիսուս Քրիստոսը], որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ Իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ Իր իշխանության ներքո հնազանդեցնել»։ Իսկ Հռոմեացիներին ուղղված նամակում Պողոսը հատուկ անդրադառնում է մեր մարմիններին և այն բանին, թե ինչպե՛ս է Աստված փոխակերպելու դրանք: Այսպես է նա գրում. «Եթե ձեր մեջ բնակվում է Նրա Հոգին, Ով Հիսուսին հարություն տվեց մեռելներից, ապա Ով Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, կկենդանացնի նաև ձեր մահկանացու մարմինները Իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ» (Հռմ 8, 11):

[1] Պողոսի նամակների անգլերեն թարգմանություններում գործածվում է « natural - spiritual » հակադրությունը (այսինքն՝ «բնական» և «հոգևոր»), մինչդեռ հայերեն թարգմանության մեջ, որն առավել հայտնի է մեզ, գործածվում է « շնչավոր - հոգևոր » հակադրությունը: Հակառակ գրեթե հոմանիշ դարձած այս եզրերի ժամանակակից իմաստին, մարմնի վերաբերյալ հին հունական (և հրեական) մտահամակարգում հոգին (հունարեն՝ Ψυχή - փսյուխե) վերաբերում է մարդու գոյության երկրային կողմին:
[2] John Ziesler, Pauline Christianity, New York: Oxford University Press, 1990, p. 98.
[3] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Աստծո քաղաքի մասին, 13, 20.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։