8) Մի՞թե Հիսուսն իրեն «Մարդու Որդի» չի անվանում և մի քանի անգամ չի հերքում իր աստվածությունը։ – Գրադարան – Mashtoz.org

8) Մի՞թե Հիսուսն իրեն «Մարդու Որդի» չի անվանում և մի քանի անգամ չի հերքում իր աստվածությունը։

8) Աստվածաշնչում Հիսուսը ոչ մի տեղ չի ասում. «Ես Աստված եմ: Երկրպագի՛ր ինձ»։ Մի՞թե Հիսուսն իրեն «Մարդու Որդի» չի անվանում և մի քանի անգամ չի հերքում իր աստվածությունը։
 
Յուրաքանչյուր ոք կարող է ասել, թե ինքն Աստված է, շատ խելագարներ հենց այդպես էլ ասում են, բայց Հիսուսը ցանկանում էր գործով ցույց տալ, որ Ինքն Աստված է: Ահա՛ թե ինչո՛ւ Նա արեց այնպիսի բաներ, ինչպիսիք են մեղքերի ներումը կամ շաբաթ օրվա վերաբերյալ կանոնների փոփոխումը, բաներ, որոնք միայն Աստված կարող էր անել: Հրեա ժողովուրդը բացառապես միաստվածյա էր և երբեք չէր երկրպագի սովորական մարդուն. Աստվածության մասին ցանկացած պնդում կընդունվեր միայն որպես սրբապիղծ աստվածանարգություն: Բայց Հիսուսը մի քանի անգամ անուղղակիորեն բացահայտում է Իր Աստվածությունը, որպեսզի Իր պնդումները հետագայում հաստատվեին:

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն դեպքերի մասին, երբ Հիսուսը կարծես ժխտում է, որ Ինքն Աստված է: Մրկ 10, 17-ում Հիսուսն ասում է. «Ո՛չ ոք բարի չէ, բացի միայն մեկից՝ Աստծուց», իսկ Հվհ 14, 28-ում Նա ասում է. «Իմ Հայրն ավելի մեծ է, քան ես»: Արդյո՞ք Հիսուսն այս դեպքերում ժխտել է Իր Աստվածությունը: Առաջին օրինակում Հիսուսը փորձում է մի երիտասարդի, ով հարցրել էր Իրեն, թե ի՞նչ է հարկավոր՝ հավիտենական կյանքը ժառանգելու համար: Այս մարդը սկսում է Հիսուսին շողոքորթելով՝ հուսալով գոհացուցիչ պատասխան ստանալ: Հիսուսը տեսնում է դա և ասում. «Ինչո՞ւ ես ինձ "բարի" անվանում. ոչ ոք բարի չէ, բացի միայն մեկից՝ Աստծուց»։

Նկատենք, որ Հիսուսը չի ասում, որ ինքը լավը չէ կամ Աստված չէ: Ավելի շուտ, Հիսուսը գործում է գլխավոր տնօրենի նման, ով գաղտնի աշխատում է իր սեփական ընկերությունում որպես սովորական բանվոր։ Ինչ-որ մեկը փորձում է սիրաշահել միջին օղակի մենեջերին՝ ասելով. «Դու այստեղ ամենակարևոր շեֆն ես», ինչին քողարկված գործադիր տնօրենը պատասխանում է. «Ինչո՞ւ ես ասում, որ ես ամենակարևորն եմ: Միայն գլխավոր տնօրենն է ամենակարևոր շեֆը»: Նմանապես, Հիսուսն օգնում է ուրիշներին կենտրոնանալ Աստծո վրա, և ժամանակին Նա կբացահայտի, որ Ինքն է այն Աստվածը, որի վրա հարկավոր է կենտրոնանալ:

Երբ Հիսուսն ասում է. «Իմ Հայրն ինձնից մեծ է», Նա չի ժխտում, որ այդ Հայրն Աստված է, և որ Հիսուսի էությունն աստվածային է: Իր մարմնացումից հետո Հիսուսը եղել է (և կա) լիովին Աստված և լիովին մարդ, բայց որոշ ժամանակով թույլ է տվել, որ Իր աստվածային փառքը թաքցվի: Պողոսը դա մատնանշում է Փլպ 2, 7-ում, երբ գրում է, որ թեև Հիսուսը «Աստծո բնությունն ուներ», «Իրեն ունայնացրեց» և ընդունեց «ծառայի կերպարանք»։ Այսպիսով, այն նույն Հիսուսը, ով Աստծո Որդին է, կիսում է Հոր աստվածային էությունը և պնդում, որ մեկ է Նրա հետ, կարող է հայտարարել. «Իմ Հայրն ինձնից մեծ է»:

Ոմանք զարմանում են, թե ինչո՞ւ, եթե Հիսուսն Աստված էր, և հետևաբար՝ անմեղ, թույլ տվեց Իրեն մկրտել: Ավանդական քրիստոնեական ըմբռնումը բացատրել է Հուստինոս Փիլիսոփան, ով ապրել է Երկրորդ դարում, և ով ասել է, որ Հիսուսը մասնակցել է մկրտությանը «հանուն մարդկանց», որպես մարդու ապաշխարության անհրաժեշտության արտաքին նշան: Ինքը՝ Հիսուսն ասում է Հովհաննեսին, ով արդարացիորեն բողոքում է անմեղ Հիսուսի մկրտության դեմ. «Հիմա թույլ տուր» (Մտթ 3, 15): Հիսուսը ողորմածությամբ թույլ է տալիս, որ դա տեղի ունենա, որպեսզի մարդկանց արժեքավոր հոգևոր դաս տա:

Ի վերջո, երբ Հիսուսն Իրեն անվանում է «Մարդու Որդի», Նա չի ժխտում աստվածությունը, այլ՝ Իր նկատմամբ կիրառում է Մեսսիայի՝ Փրկչի տիտղոսը, որ գտնվում է Դանիելի գրքում, որտեղ Մարգարեն տեսնում է Երկնքի տեսիլքը և ասում. «Գիշերվա տեսիլքներում ես տեսա, որ ահա՛ երկնքի ամպերի վրայով մեկը եկավ՝ մարդու որդու նման, եկավ դեպի Հինավուրցը և նրան ներկայացվեց։ Եվ նրան իշխանություն, պատիվ ու թագավորություն տրվեցին, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուները նրան ծառայեն. նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնելու, և նրա թագավորությունը չի կործանվելու» (Դն 7, 13-14):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։