3) Եթե Հիսուսն իրոք գոյություն ուներ և հրաշքներ էր գործում, ապա ինչո՞ւ նրա մասին չէին գրում հին պատմիչները։ – Գրադարան – Mashtoz.org

3) Եթե Հիսուսն իրոք գոյություն ուներ և հրաշքներ էր գործում, ապա ինչո՞ւ նրա մասին չէին գրում հին պատմիչները։

3) Եթե Հիսուսն իրոք գոյություն ուներ և հրաշքներ էր գործում, ապա ինչո՞ւ նրա մասին չէին գրում հին պատմիչները։ Ես լսել եմ, որ տասնյակ պատմիչներ Հիսուսի ժամանակակիցներն են եղել, բայց և՝ նրանցից ոչ ոք չի գրել, որ Հիսուսն իրական մարդ է եղել։

 

Իրենց «Հիսուսի առեղծվածները» գրքում, Թիմըթի Ֆրեկը և Փիթըր Գենդին թվարկում են քսանչորս հին հեղինակների անունները, ովքեր ապրել են Հիսուսի ժամանակ և հետագա 100 տարիների ընթացքում, և տալիս են այս նույն հարցը[1]: ''Փաստարկների'' այս ոճը վերադառնում է քսաներկու հեղինակների ցանկին, որ կազմվել էր սկեպտիկ Ջոն Ռեմսբուրգի կողմից 1909 թվականին: Այդ ցանկը ներառում է տպավորիչ անուններ. Ֆիլոն Ալեքսանդրացի, Սենեկա, Պլինիուս Ավագ, Սվետոնիուս, Յուվենալուս, Մարցիալուս, Պլուտարքոս, Հուստոս Տիբերիացի, Ապոլոնիուս, Կվինտիլիանուս, Լուկան, Էպիկլետ, Սիլիուս Իտալիկուս, Ստատիուս, Պտղոմեոս, Հերմոգենես, Վալերիուս Մաքսիմուս, Արրիան, Պետրոնիուս, Պատերկուլ, Ապիանուս, Թեոն Զմյուռնացի, Ֆլեգոն, Պոմպոնիուս Մելա, Կվինտուս Կուրցիուս, Լուկիանուս, Պաուսանիաս, Վալերիուս Ֆլակուս, Ֆլորուս Լուսիուս, Ֆավորին, Ֆեդրոս, Դամիս, Հելիուս, Կոլումելլա, Դիոն Քրիզոստոմոս, Լիսիուս, Ապպիան Ալեքսանդրացի։

Թեև այս ցանկը սարսափեցնող է թվում, բայց եթե յուրաքանչյուր հեղինակի առանձին դիտարկենք, ապա կտեսնենք, որ Ռեմսբուրգի «լռության փաստը» վավերական չէ, քանի որ երբեմն լռությունը լիովին արդարացված է։ Օրինակ, այս ցուցակի հեղինակներից շատերն ընդհանրապես երբեք չեն գրել պատմության մասին։ Պաուսանիասը և Պոմպոնիուս Մելլան նկարագրել են Հունաստանի և Հռոմի աշխարհագրությունը։ Պտղոմեոսը, Կոլումելլան և Պլինիուս Ավագը գիտնականներ էին, ովքեր ուսումնասիրել են բնությունը: Թեոն Զմյուռնացին, Ֆավորինը և Հելիուսը մտորումներ են գրել փիլիսոփայության մասին, և Թեոնի միակ աշխատությունը, որ հասել է մեզ, վերնագրված է «Մաթեմատիկայի օգտակարության մասին՝ ըմբռնելու համար Պլատոնին»։ Ա՛յլ գրողներ, ինչպիսիք են Հերմոգենեսը, Քվինտիլիանուսը, Ապոլոնիուս Դիսկոլոսը և Դիոն Քրիզոստոմոսը, կենտրոնացել են գործնական խնդիրների վրա, ինչպիսիք են հանրային ելույթը: Իսկ Կոլումելլան սահմանափակել է իր հետազոտության թեման Հռոմեական կայսրությունում աճող բույսերով:

Այն քչերը, ովքեր իսկապես պատմիչներ էին, հաճախ չէին էլ գրում Հիսուսի ապրած ժամանակաշրջանի մասին։ Ստատիուսը, Ֆլակուսը և Ապոլոնիուս Սոփեստը գրել են միայն Հունաստանի հին պատմության մասին։ Ա՛յլ գրողներ, ինչպիսին Արրիանն է, իրենց գրությունները նվիրել են Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների չմարող փառքին, ով ապրել է Քրիստոսից չորս դար առաջ։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն հեղինակների մասին, որոնց գրվածքները կարող էին հիմնավոր կերպով հիշատակել Հիսուսին: Աթեիստ Դեյվիդ Ֆիթցջերալդը, օրինակ, նշել է, որ Առաջին դարի գրող Հուստոսը չի հիշատակում Հիսուսին իր «Հրեական թագավորների պատմության» մեջ[2]։ Եվ այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ Հիսուսը կարծես հարմար թեմա էր այդ հեղինակի համար, Ֆիթցջերալդը ''մոռանում է'' հիշեցնել, որ Հուստոսը ազգությամբ հրեա էր և նրա նման հավատարիմ հրեան երբեք որևէ բան չէր գրի մահապատժի ենթարկված տխրահռչակ հանցագործի մասին: Ակնկալել, որ Հուստոսը կհիշատակի Հիսուսին «Հրեաների թագավորների պատմության» մեջ, նույնն է, ինչ սպասել, որ կաթոլիկ հեղինակը, որ գրում է Պապության պատմությունը, իր գրքում հիշատակի ինչ-որ մի անհայտ հերետիկոսության խելագար առաջնորդին:

Ընդհանուր առմամբ, այն փաստը, որ շատ հին գրողներ չեն հիշատակում Հիսուսին, ընդամենը ընդգծում է, թե որքան քիչ բան էր Հիսուսը նշանակում հին աշխարհի համար: Ուսումնասիրող Ջոն Մեյերի կարծիքով, հնագույն շրջանի ներկայացուցչի տեսանկյունից դիտված՝ Հիսուսը պարզապես «հրեա ուրացող» էր, որ մահապատժի ենթարկվեց հռոմեական գավառի բակերից մեկում։ Արդյունքում, հին պատմաբանների մեծամասնությունը չէր կարող հիշատակել մի մարդու, որը միայն ավելի ուշ հայտնի դարձավ որպես պաշտամունքի առարկա՝ ինչ-որ հալածված աղանդի շրջանակներում:

Ի վերջո, կարևոր է նշել, որ Պոնտացի Պիղատոսի գոյության միակ գրավոր աղբյուրներն են Հովսեփոս Ֆլավիուսը, Տակիտոսը և հրեա պատմիչ Ֆիլոնը։ Եթե ​​մենք այդքան քիչ աղբյուրներ ունենք, որոնք հիշատակում են հռոմեական մի ամբողջ նահանգի կառավարչի մասին, ապա ինչո՞ւ պետք է ակնկալենք հարուստ գրականություն Հիսուսի նման տարօրինակ շրջիկ քարոզչի մասին:

[1] T. Freke and P. Gandy, The Jesus Mysteries: Was the “Original Jesus” a Pagan God?, New York: Three Rivers Press, 1999, p. 134.
[2] D. Fitzgerald, Ten Beautiful Lies About Jesus, p. 19.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։