19) Հնարավո՞ր է, որ Հիսուսն իրականում հրաշքներ է գործել։ – Գրադարան – Mashtoz.org

19) Հնարավո՞ր է, որ Հիսուսն իրականում հրաշքներ է գործել։

19) Հնարավո՞ր է, որ Հիսուսն իրականում հրաշքներ է գործել։ Քրիստոնյաները չեն հավատում ա՛յլ կրոնների հրաշագործ պատմություններին, և բացի այդ, հրաշքները չե՞ն խախտում բնության օրենքները։

 

Բնության օրենքները նման չեն երթևեկության կանոններին, որպեսզի դրանք կա՛մ կատարվեն, կա՛մ խախտվեն։ Ավելի շուտ, բնության օրենքները մատնանշում են, թե ինչպե՛ս են իրադարձությունները սովորաբար տեղի ունենում իրականում: Սակայն Աստված լիովին վերահսկում է ողջ իրականությունը, կարող է ազդել բնության վրա և առաջացնել սովորականից վեր բաներ (օրինակ, մարդը կարողանում է քայլել ջրի երեսին): Այն չի «խախտում» բնության օրենքները, քանի որ բնության օրենքները վերաբերվում են այն բանին, ինչը որ սովորաբար տեղի է ունենում ֆիզիկական համակարգում: Դրանք չեն նախատեսում, որ այս համակարգում ինչ-որ բան պետք է տեղի ունենա անընդհատ։

Ճիշտ է, քրիստոնյաները հավատում են քրիստոնեական հայտնության մեջ արձանագրված Հիսուսի կատարած հրաշքներին և ընդհանրապես չեն հավատում ա՛յլ աղբյուրներում գրված հրաշքներին: Սակայն նրանց հավատքը չի առաջնորդվում ընտրովի ցանկությամբ, քմահաճությամբ, այլ՝ պատմական ապացույցների նկատառմամբ։ Հիսուսի հրաշքներն արձանագրվել են վկաների կյանքի ընթացքում, և Հիսուսի հարության ամենավաղ պատմություններից մեկը գալիս է Պողոսից՝ նախկին անհավատից, ով անձամբ ճանաչում էր Առաքյալներին: Դա բացարձակապես հակասում է Բուդդայի կամ Մուհամմեդի հետ կապված ''հրաշքներին'', որոնք գրանցվել են նրանց մահից հարյուրավոր տարիներ անց: Այդ ''հրաշքները'' կարծես «առասպելական ծածկույթներ» լինեն, որոնք ավելացվել են նշանավոր, բայց մահկանացու քարոզիչների կյանքին, որոնք երկուսն էլ – ի տարբերություն Հիսուսի, որի հրաշքները Նրա առաքելության անբաժանելի մասն էին կազմում – հրաժարվեցին հրաշքներ գործել, քանի դեռ ողջ էին[1]:

Որոշ անհավատներ հերքում են Հիսուսի հրաշքների մասին պատմությունները, ներառյալ Նրա Հարությունը, ասելով, որ «արտասովոր պնդումները պահանջում են արտասովոր ապացույցներ»: Իսկապես, եթե ասեմ, որ իմ խոհանոցում սեղան է եղել, ապա իմ հայտարարությունը շատ ապացույցներ չի պահանջում, քանի որ սա շատ պարզ հայտարարություն է։ Բայց եթե ասեմ, որ իմ խոհանոցում վիշապ կա, ապա ինձնից շա՜տ ավելի շատ ապացույցներ կպահանջվեին, քանի որ նման հայտարարությունը բավականին անսովոր է։ Քանի որ Հիսուսի Հարությունն արտասովոր իրադարձություն է, դրան հավատալու համար պահանջվում են արտասովոր ապացույցներ:

Սակայն եթե դրան բառացիորեն վերաբերվենք, հրաշք պնդումները պահանջում են հրաշք ապացույցներ՝ դրանք հիմնավորելու համար: Բայց այդ ժամանակ հրաշքի դեպքերը կպահանջեն նույն հրաշքի որակի է՛լ ավելի շատ ապացույցներ, դա անվերջանալի շղթա կստեղծի, այնպես, որ որևէ հրաշք անհնարին կլինի հաստատել: Այդ պատճառով մենք պետք է հարցնենք. «Որքա՞ն է հավանականությունը, որ կա որոշակի հրաշքի վկայություն, եթե հրաշքն ինքնին տեղի չի ունեցել»:

Եթե ​​ինչ-որ մեկը պնդում է, որ իր խոհանոցում վիշապ կա, ապա հայտարարությունն ինքնին վերջնական ապացույց չէ, թե դա ճիշտ է: Ավելի շուտ, կարծում ենք, որ անձը կա՛մ կատակով է նման հայտարարություն անում, կա՛մ հոգեպես անկայուն է։ Պարզ ասած, վիշապի մասին ինչ-որ մեկի պնդումն այնքան էլ անհավանական չէ, նույնիսկ եթե պնդումն ինքնին կեղծ է: Բայց որքանո՞վ է հավանական, որ մենք ապացույցներ ունենք Հիսուսի մահվան և թաղման, դատարկ գտնված գերեզմանի, հարությունից հետո Նրա երևալու և Առաքյալների հետագա նահատակության մասին, եթե Նրա հարությունն ընդհանրապես տեղի չի ունեցել: Տվյալ համատեքստում կարելի է տեսնել, որ Հիսուսի հարության հետ կապված այդ բոլոր վկայությունները լավագույնս բացատրվում են հենց հարությամբ: Դա ամենահավանական բացատրությունն է իրադարձությունների և ապացույցների այն շղթայի համար, որոնք մենք ունենք Նոր Կտակարանում:

[1] Դիգհա Նիկայա Սուտտա 11, 5-ում Բուդդան ասում է. «Ես տեսնում եմ չարը գերբնական հրաշքի մեջ, զգուշանում եմ, խուսափում և ամաչում եմ գերբնական հրաշքից»: Իսկ Ղուրանի Սուրահ 13, 7-ում ասվում է. «Օ՜հ, եթե նրան ինչ-որ նշան ուղարկվեր: Դու նրանց համար միայն դաստիարակ ես, ինչպես որ յուրաքանչյուր ազգ ունի իր առաջնորդը»: Մուհամմեդի դերը, Ղուրանի համաձայն, միայն Ալլահի մասին քարոզելն էր, այլ ո՛չ թե՝ հրաշքներ գործելը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։