16) Իսկ ի՞նչ կասեք հարություն առած Հիսուսի երևումների մասին։ – Գրադարան – Mashtoz.org

16) Իսկ ի՞նչ կասեք հարություն առած Հիսուսի երևումների մասին։

16) Իսկ ի՞նչ կասեք հարություն առած Հիսուսի երևումների մասին։ Գուցե դրանք ավելի ուշ ծագած առասպելներ են։

 

Ճիշտ է, դատարկ գտնված գերեզմանն ինքնին չի ապացուցում հարության փաստը։ Դա առաջին հերթին վկայում է Մարիամ Մագդաղենացին ինքը, ով ենթադրել էր, որ դատարկ գտնված գերեզմանը նշանակում է, թե ինչ-որ մեկը պարզապես վերցրել է Հիսուսի մարմինը (Հվհ 20, 2): Սակայն դատարկ գտնված գերեզմանը, որին գումարվում է այն փաստը, որ Առաքյալները տեսել են Հիսուսին կենդանի՝ Իր մահից հետո (ինչը և համոզել է Մարիամ Մագդաղենացուն), Հարության հաստատուն ապացույց է:

Այսպիսով, մենք որտեղի՞ց գիտենք, որ պատմությունները, թե Առաքյալները տեսել են հարություն առած Հիսուսին, իսկապես ճշմարիտ են և ո՛չ թե առասպել: Հարությունից հետո Հիսուսի երևալու հավատքի պատմականության լավագույն ապացույցը գտնվում է 1Կր 15, 3-7 հատվածում, ուր Պողոսը գրում է.

«Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Սուրբ Գրքի համաձայն, երևաց Կեփասին, և ապա՝ Տասներկուսին։ Հետո երևաց միանգամից ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնցից շատերը մինչև օրս ապրում են, ոմանք էլ՝ ննջեցյալ դարձան։ Այնուհետև երևաց Հակոբոսին, ապա՝ բոլոր Առաքյալներին»։

Պողոսը 8-րդ տողում ավարտում է հավատքի այս դավանությունը՝ ասելով, որ այս բոլոր երևումներից հետո Հիսուսը երևացել է նաև իրեն: Լեզվաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ 3-7-րդ տողերը Պողոսն ինքն է շարադրել, երբ Ք.հ. 55թ.ին գրել է իր նամակը Կորնթացիներին: Դա դավանանք է կամ հավատքի խոստովանություն, որն արտահայտում է Եկեղեցու ամենավաղ շրջանի հավատքը Հարության վերաբերյալ: Պողոսը գործածում է ավանդական ռաբբինական լեզուն՝ «ստանալու» և «փոխանցելու» իր նկարագրած նյութը, որն իրենը չէ: Այս արտահայտության յուրաքանչյուր տողը սկսվում է «և որ»-ով (հուն․՝ և որ թաղվեց, և որ հարություն առավ), ինչը որ բնորոշ է այս տեսակի գրություններին՝ հեշտացնելով դրանք հիշելը։ Այս դավանանքը տակավին գործածում է Պետրոսի «Կեփաս» արամայերեն անունը, ինչը որ ցույց է տալիս, որ դրա աղբյուրը գտնվում է ամենավաղ շրջանի ավանդույթներում։

Գղտ 1, 19-ում Պողոսը տեղեկացնում է, որ այցելել է Առաքյալներին իր դարձից երեք տարի անց, և նրանք հաստատել են այն, ինչ նա ուսուցանում է: Երևի դա հենց այն պահն է եղել, երբ նրան տվել են նկարագրված հավատքի դավանությունը։ Այն փաստը, որ այդ հավատքի դավանանքը հայտնվել է Հիսուսի մահից հետո մի քանի տարվա ընթացքում, ցույց է տալիս, որ դրա ծագման աղբյուրն առասպել չէ, քանի որ իրադարձությունների ականատեսները դեռ կենդանի էին, և նրանց հիշողությունները թարմ էին՝ ուղղումներ կատարելու համար: Սակայն Պողոսը ստացավ այդ վկայությունն անմիջապես Առաքյալներից, ուստի ուղղման կարիք չկար:

Բայց որտեղի՞ց իմանանք, որ այդ երևույթները պարզապես չեն հորինել Առաքյալները և միայն դրանից հետո են փոխանցվել մարդկանց: Ինչպես դատարկ գտնված գերեզմանի դեպքում, այնպես էլ նրանց ցուցմունքների ազնվությունը հաստատվում է նրանով, որ նրանք պատրաստ էին մեռնել դրանց համար։ Հռոմի Պապ Սուրբ Կղեմեսը, ով Պետրոս Առաքյալի աշակերտն է եղել, Կորնթացիներին ուղղված իր նամակում գրում է, որ Պետրոսը, օրինակ, «անօրեն նախանձի պատճառով ո՛չ թե մեկ, ո՛չ թե երկու, այլ՝ բազում չարչարանքներ կրեց, և այդպիսով նահատակվելով՝ հեռացավ փառքի պատշաճ վայր։ Պողոսը [հրեաների] նախանձի պատճառով վարձատրություն ստացավ իր համբերության համար [...] և իշխանավորների առաջ որպես նահատակ վկայեց ճշմարտությունը»[1]։

Սբ. Պողիկարպոս Զմյուռնիացին՝ Հովհաննես Առաքյալի անմիջական աշակերտը, նկարագրում է Հիսուսի համբերությունը մահվան դիմաց և հավատացյալներին հորդորում է «ցուցաբերել ամեն համբերություն, ինչպես որ տեսաք ձեր սեփական աչքերով, ո՛չ միայն երանելի Իգնատիոսի, Զոսիմայի և Ռուֆուսի, այլ նաև՝ մեզնից մյուսների մեջ, և Պողոսի և մյուս Առաքյալների մեջ»[2]: Քանի որ Կղեմեսն ու Պողիկարպոսը անձամբ ճանաչում էին Առաքյալներին, մենք կարող ենք մեծ վստահությամբ ապավինել նրա վկայությանը, որ վերջիններս նահատակվել են: Ի վերջո, հրեա պատմիչ Հովսեփոս Ֆլավիուսը գրում է, որ Հակոբոսը, որին աշակերտները մատնանշում էին որպես «Հիսուսի եղբայր», սպանվել է Կայիափաս քահանայապետի օրոք՝ Օրենքը խախտելու մեղադրանքով[3]։

[1] Կղեմես Հռոմեացի, Առաջին Նամակ Կորնթացիներին, 5, 4-5.
[2] Պողիկարպոս Զմյուռնիացի, Առ Փիլիպպեցիս, 9, 1.
[3] Հովսեփոս Ֆլավիուս, Հրեական հնություններ, 20, 9, 1.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։