5) Մենք նույնիսկ բնօրինակ Ավետարաններ չունենք, ուստի ինչպե՞ս գիտենք, որ Հիսուսի խոսքերն ու գործերը չեն աղավաղվել։ – Գրադարան – Mashtoz.org

5) Մենք նույնիսկ բնօրինակ Ավետարաններ չունենք, ուստի ինչպե՞ս գիտենք, որ Հիսուսի խոսքերն ու գործերը չեն աղավաղվել։

5) Մենք նույնիսկ բնօրինակ Ավետարաններ չունենք, ուստի ինչպե՞ս գիտենք, որ Հիսուսի խոսքերն ու գործերը չեն աղավաղվել կամ հորինվել Նոր Կտակարանը պատճենող բազմաթիվ դպիրների կողմից։
 
Ոմանք կասկածի տակ են դնում Հիսուսի մասին Նոր Կտակարանի պատմությունների ճշմարտացիությունը՝ պատճառաբանելով, որ դրանք չափազանց հին են, և որ մենք չունենք բնօրինակ ձեռագրերը, այլ՝ միայն կրկնօրինակություններ: Դա ճիշտ է, բայց դա ոչինչ չի փոխում, քանի որ գրեթե ո՛չ մի հին ձեռագրի բնօրինակ գոյություն չունի աշխարհում։ Օրինակ՝ Պլատոնի, Արիստոտելի և Թուկիդիդեսի (և նա համարվում է ամենահուսալի հին պատմիչը) աշխատությունների հարյուրավոր օրինակները, որոնք մենք ունենք, գրի են առնվել բնօրինակների շարադրումից հազար տարի անց, և, այնուամենայնիվ, դժվար թե որևէ մեկը կասկածի, որ մեր ունեցած տեքստերը համապատասխանում են այն ամենին, ինչ ի սկզբանե գրել են դրանց հեղինակները։ Փաստացի, մենք ունենք միայն մեկ ձեռագիր օրինակ Տակիտոսի տարեգրության առաջին վեց գլուխներից, և այն հանդիսանում է հռոմեական պատմության մեր հիմնական աղբյուրը, և այդ կրկնօրինակը ստեղծվել է բնօրինակից մոտ յոթ հարյուր տարի անց:

Այս գործերի համեմատությամբ կան բազմաթիվ ձեռագրեր, որոնք վկայում են Նոր Կտակարանի իսկության մասին։ Նոր Կտակարանի մոտ 25.000 ամբողջական և մասնակի օրինակներ կան, որոնք ստեղծվել են հին ժամանակներում: Դա ավելին է, քան հին աշխարհի ցանկացած ա՛յլ ձեռագրի կրկնօրինակություն, և գուցե ավելին, քան բոլոր հին հունական ձեռագրերը միասին վերցրած: Ձեռագրերի մեծ թիվը, համայնքների հետ միասին, որոնք բանավոր կերպով տարածել էին Նոր Կտակարանը, նշանակում է, որ ո՛չ ոք հնարավորություն չի ունեցել ոչնչացնելու կամ փոխելու Քրիստոսի կյանքի մասին տեղեկատվությունը: Ըստ աստվածաշնչագետ Ֆ.Ֆ. Բրյուսի. «Ողջ աշխարհի հնագույն գրականության մեջ չկա որևէ ա՛յլ երևույթ, որ ունենա այնպիսի հարուստ տեքստային ապացույցներ, ինչպիսին Նոր Կտակարանն է»[1]:

Որոշ քննադատներ սիրում են Աստվածաշնչի ձեռագրերի կրկնօրինակումը համեմատել «փչացած հեռախոս» մանկական խաղի հետ։ Այդ խաղի մեջ երեխաները հերթ են կանգնում և շշնջում միմյանց ինչ-որ մի խոսք. սխալների ու չափազանցումների պատճառով՝ այդ խոսքը ծիծաղելիորեն փոխվում է մինչև վերջին խաղացողին հասնելը: Բայց արդյո՞ք Աստվածաշունչն այդ կերպ է հասել մեզ։

Բոլորովին էլ ո՛չ։ Փչացած հեռախոսի խաղը հիմնված է այն բանի վրա, որ խաղացողները արագ և պատահական փոխանցում են միմյանց խոսքը հենց այն մտադրությամբ, որ սխալներ կարող են առաջանալ: Ի հակադրություն, հին դպիրները (որոնք մտադրություն չունեին արտագրելու անիմաստ արտահայտություններ, այլ՝ ցանկանում էին կատարել Աստծո բացահայտված Խոսքը պահպանելու վեհ առաքելությունը) ծայր աստիճան զգույշ էին, որպեսզի խուսափեին որևէ սխալից և ստուգում ու վերստուգում էին նախորդ դպիրների աշխատանքը: Եթե ​​սխալներ լինում էին, դրանք սովորաբար նվազագույն չափի էին (օրինակ՝ անունների տառասխալները) և ձեռագրերի մեծ քանակի պատճառով կարող էին հեշտությամբ հայտնաբերվել և ուղղվել: Բացի այդ, մենք կարող ենք ստուգել ձեռագիր կրկնօրինակությունների ճշգրտությունը՝ համեմատելով դրանք այն բանի հետ, թե ինչպե՛ս են Սուրբ Գրությունները մեջբերել Եկեղեցու Հայրերը Աստվածաշնչի տասնյակ հազարավոր էջերի հասնող իրենց մեկնաբանություններում։

Նույնիսկ Բարթ Էհրմանը, ով իր «Սխալ մեջբերվող Հիսուսը» գրքում զարգացնում է այն միտքը, որ մենք չենք կարող վստահել Նոր Կտակարանի վավերագրերին իրենց ներկայիս տեսքով, եզրակացնում է․ «Բացի տեքստի մասին տեղեկություններից, որոնք կարելի է ձեռքբերել Նոր Կտակարանի հունարեն ձեռագրերից և վաղ թարգմանություններից, տեքստային քննադատին հասանելի են մեծ թվով աստվածաշնչյան մեջբերումներ, որոնք ներառված են վաղ շրջանի մեկնաբանություններում, քարոզներում և ա՛յլ աշխատություններում՝ գրված Եկեղեցու Հայրերի կողմից։ Իսկապես, այդ մեջբերումներն այնքա՜ն շատ են, որ եթե մենք կորցնենք Նոր Կտակարանի տեքստերի բոլոր մյուս աղբյուրները, ապա դրանք միայն բավարար կլինեն՝ Նոր Կտակարանի գրեթե ողջ տեքստը վերականգնելու համար»[2]:

Եզրափակելով, եթե անհավատները ցանկանում են ասել, որ Աստվածաշնչին չի կարելի վստահել, քանի որ մենք չունենք բնօրինակ ձեռագրերը, ապա մենք պետք է պատրաստ լինենք դեն նետել նաև ողջ հին պատմությունը: Սակայն, քանի որ նրանք դժվար թե ցանկանան դա անել, պետք է հավատարիմ մնան ակադեմիական հետևողականությանը և Նոր Կտակարանը չդարձնեն անարժան քննադատության առարկա:

[1] F.F. Bruce, The Books and the Parchments, Old Tappan, NJ: Revell, 1963, p. 78.
[2] Բ.Մ. Մեցգեր, Բարթ Էհրման, Նոր Կտակարանի տեքստային ուսումնասիրություններ, Հրատ. ԲԲԻ, Մ.: 2013 թ․
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։