12) Ես լսել եմ, որ Հիսուսն ամուսնացած էր: Ճի՞շտ է։ – Գրադարան – Mashtoz.org

12) Ես լսել եմ, որ Հիսուսն ամուսնացած էր: Ճի՞շտ է։

12) Ես լսել եմ, որ Հիսուսն ամուսնացած էր, և Եկեղեցին թաքցնում է ա՛յլ Ավետարաններ, որոնք ներկայացնում են Նրան որպես սովորական մարդ և ո՛չ թե Աստծո Որդի: Ճի՞շտ է։

 

Այն տեսությունը, թե իբր ինչ-որ մի մեծ դավադրություն մեզնից թաքցրել է իրական Հիսուսի կերպարը, շատ տարածված է դարձել «Դա Վինչիի ծածկագիրը» վեպի հրապարակումից հետո, որտեղ կատարվում են Հիսուսի վերաբերյալ որոշ ցնցող պնդումներ: Թեև այդ գիրքը սոսկ հորինված դետեկտիվ վեպ է, այն ասում է, որ «այս վեպի արվեստի, ճարտարապետության, փաստաթղթերի և գաղտնի ծեսերի բոլոր նկարագրությունները ճշմարիտ են»: Արդյունքում, բազմաթիվ ընթերցողներ միամտորեն հավատացին վեպի հերոսին, պատմաբան Թիբինգին, ով պատահաբար նշում է, թե «աշակերտները Հիսուսին համարում էին մահկանացու մարգարե, [...] մեծ և հզոր մարդ, բայց համենայն դեպս՝ մարդ: Մահկանացու»[1]:

Ըստ Թիբինգի (կամ ավելի ճիշտ է ասել՝ Դեն Բրաունի) Հիսուսն ամուսնացած էր, քանի որ հրեա տղամարդու համար բոլորովին չլսված բան էր ամուրիության մեջ ապրելը: Այն միտքը, որ Հիսուսն աստվածային է, իբր թե Քրիստոնեության մաս չի կազմել մինչև 325 թվականի Նիկիայի ժողովը: Վարդապետության այդ փոփոխությունը ենթադրաբար կատարվել է Կոստանդիանոս կայսրի խնդրանքով, ով ցանկանում էր ստեղծել նոր կրոն, որը կարող էր վերամիավորել Հռոմեական Կայսրությունը։ Կոստանդիանոսի հրամանով Եկեղեցին հետևողականորեն ոչնչացրել և փորձել է թաքցնել այն ավետարանները, որոնք նկարագրում են Հիսուսի մահկանացու կյանքը. ավետարաններ, որոնք միայն վերջերս են վերագտնվել:

Նման պնդումների խնդիրը, որոնցով գրավվում է զանգվածային գիտակցությունը, – հակառակ այն փաստի, որ դրանք գեղարվեստական, այսինքն՝ հորինված վեպից են քաղված, – այն է, որ դրանք լիովին զուրկ են փաստերից, ապացույցներից: Իրականում դրանք հաճախ հակասում են դարերով հայտնի պատմական փաստերին: Լավագույն ապացույցն այն բանի, որ քրիստոնյաները Հիսուսին համարում էին Աստված և ո՛չ թե պարզապես մահկանացու ուսուցիչ, կարելի է գտնել հին հեթանոս գրողների մոտ, ովքեր թշնամաբար էին տրամադրված քրիստոնեական հավատքին: Լուկիանոս Սամոսատացին Երկրորդ դարի դրամատուրգ էր, ով քրիստոնյաներին համարում էր կամազուրկ ու անկիրթ հիմարներ։ «Ցինիկ Պերեգրին Պրոտեուսի ինքնասպանության մասին» աշխատության մեջ նա ասում է, որ քրիստոնյաները մինչ օրս պաշտում են Պաղեստինում խաչված մի մարդուն։ Ուշադրություն դարձնենք «պաշտում են» բային, որով միանշանակ կերպով հասկացվում է աստվածային պաշտամունքը։ Պլինիուս Կրտսերը՝ Հռոմեական Բիթինիա նահանգի կառավարիչը Երկրորդ դարում, հարցաքննում էր քրիստոնյաներին, ովքեր հրաժարվում էին զոհ մատուցել հեթանոս աստվածներին, և նկատում էր, որ քրիստոնյաները «սովորություն ունեին ժողովներ անցկացնել որոշ օրերի մութն ընկնելուց հետո, որտեղ նրանք հերթով օրհնություններ էին երգում Քրիստոսին որպես աստծո և միմյանց կապվում էին հանդիսավոր ուխտերով»: Այս երկու հեթանոս, ուստի այս հարցում անկողմնակալ աղբյուրները հիմնավոր ապացույցներ են տալիս առ այն, որ վաղ շրջանի քրիստոնյաները պաշտում էին Հիսուսին որպես Աստված, Կոստանդիանոսի կողմից ենթադրյալ պրակտիկայի գյուտից դարեր առաջ։

Ավետարանների վկայությունների հետ միասին, որոնց մենք արդեն անդրադարձել ենք, Պողոսի Նամակները նույնպես հաստատում են, որ քրիստոնյաները պաշտում էին Հիսուսին: Պողոսը գրում է, որ Հիսուս Քրիստոսը «անտեսանելի Աստծո պատկերն է» (Կղս 1, 15), որի մեջ Աստվածության լիությունը բնակվում է մարմնավոր կերպով (Կղս 2, 8-9), որ նա «Աստծո պատկերն է» և այն Անունը, որի առջև խոնարհվում է յուրաքանչյուր ծունկ (Փլպ 2, 5-11), և որ Նա է մեր «մեծ Աստվածը և Փրկիչը» (Տիտ 2, 13):

Ցանկացած պնդում, թե Պողոսի Նամակներն ու կանոնական չորս Ավետարանները իբր թե հետագայի շարադրանքներ են և անվստահելի աղբյուրներ, ուղղակի սուտ է: Իրականում դրանք Հիսուսի մասին միակ աղբյուրներն են, որ ի հայտ են եկել Առաջին դարում։ Ենթադրյալ թաքցված ավետարանները, ինչպիսիք են Փիլիպպոսի Ավետարանը կամ Հուդայի Ավետարանը, որոնք տարբերվում են Քրիստոսի մասին ավանդական քրիստոնեական տեսակետից, գրվել են Հիսուսի մահից 100-300 տարի անց: Ավելին, այդ ավելի ուշ շրջանի «ապոկրիֆ» («պարականոն») ավետարաններն անգամ չեն ժխտում Հիսուսի աստվածությունը: Շատ ավելի բուռն կերպով նրանք հերքում են, որ նա իսկական մարդ էր, փոխարենը պնդելով, որ Նա միայն Աստված է, Ով հայտնվել է մարդկային սոսկ կերպարանքով, սոսկ արտաքին երևույթով (ինչի համար էլ ստացել են Երևութականներ անունը):

Այն պնդումը, թե Հիսուսն իբր ամուսնացել է, քանի որ կուսակրոնությունը հրեա տղամարդու համար անլսելի բան էր, հազիվ թե արդարացի լինի: Տարածված էր այն կարծիքը, որ, օրինակ, Հովհաննես Մկրտիչը, ինչպես փոքր Բանուս մարգարեն, ամուսնացած չէին[2]: Ի վերջո, Պողոսը նույնպես ամուրի էր ապրում, և Կորնթացիներին ուղղված իր Առաջին Նամակում ուրիշներին էլ խորհուրդ է տալիս կուսակրոն մնալ (1Կր 7, 32-38):

Երբ մենք իսկապես հասկանանք ապոկրիֆ ավետարանների բնույթը, կտեսնենք, թե ինչպիսի՛ հիմարություն է Հիսուսի մասին մեր տեսակետը հիմնել դրանց վրա: Դրանք ո՛չ միայն գրվել են իրենց նկարագրած իրադարձություններից դարեր անց, այլև՝ Հիսուսի մասին իրենց տեսլականը հակասում է Աստվածաշնչում ներառված ավելի վաղ և ավելի հուսալի կանոնական Ավետարաններին: Օրինակ, Թովմասի Ավետարանում Հիսուսին վերագրվում են այս խոսքերը. «Ես կկործանեմ այս տունը, և ոչ ոք չի կարողանա այն կառուցել», ինչը հակասում է Հվհ 2, 19-ում ներկա Հիսուսի այն հայտարարությանը, որ նա կվերակերտի Իր մարմնի տաճարը: Թովմասի Ավետարանի վերջում Հիսուսին են վերագրվում հետևյալ խոսքերը. «Ամեն կին, ով տղամարդ է դառնում, կմտնի երկնքի արքայություն»: Սա հակասում է այն ընկերական վերաբերմունքին, որը Հիսուսը ցույց տվեց կանանց հանդեպ Իր ծառայության ընթացքում և Պողոսի ուսմունքին, որ ո՛չ տղամարդիկ, ո՛չ կանայք ավելի բարձր կարգավիճակ չունեն ի Քրիստոս, այլ՝ բոլոր մկրտվածները հավասար են (Գղտ 3, 28):

Ամփոփելով՝ կարող ենք ասել, այս ավելի ուշ շրջանի ''ավետարանները'' չեն կարող պատմականորեն ճշգրիտ համարվել, այլ՝ դրանք հորինվել են՝ հաստատելու համար գնոստիկական հերետիկոսությունները, որոնք ուսուցանում են, թե իրենց հետևորդները փրկվելու համար պետք է հատուկ գիտելիքներ ունենան (հունարեն «gnosis» - «գնոսիս»): Նոր Կտակարանի ուսումնասիրող Քրեյգ Բլոմբերգն իր «Ավետարանների պատմական հավաստիությունը» գրքում գրում է, որ այդ աղբյուրները պատմական չեն, այլ՝ փոխարենը «մի քիչ ավելին, քան գնոստիկական ուսմունքի ուղղակի նեղ շրջանակը»:

[1] Դեն Բրաուն, Դա Վինչիի ծածկագիրը.
[2] Հովսեփոս Ֆլավիուսը նկարագրում է Բանուսին իր «Հովսեփոս Ֆլավիուսի կյանքը» երկում (2, 11-12):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։