ՍԲ. ՀՈՎՀԱՆ ԴԱՄԱՍԿԱՑԻ. « ԱՀԱ՛, ԵՍ ՆՈՐ ԵՄ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ » (Հյտ 21, 5) – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՀՈՎՀԱՆ ԴԱՄԱՍԿԱՑԻ. « ԱՀԱ՛, ԵՍ ՆՈՐ ԵՄ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ » (Հյտ 21, 5)

Սբ. Հովհան Դամասկացի (մոտ 675-749). « Սուրբ Կույսի Ծննդյան Ճառ », 7, 10.

 

[...] Այսօր Արարիչն ամեն ինչի, Բանն Աստված, մի նոր ստեղծագործություն շարադրեց, Հոր սրտից հեղված՝ գրված լինելու համար – կարծես մի գրչով – Հոգու կողմից, Ով Աստծո լեզուն է։ [...]

Հովակիմի ու Աննայի ամենասուրբ Դուստր, որ թաքնվեցիր Իշխանությունների ու Զորությունների հայացքներից, և «չարի հրավառ նետերից» (Կղս 1, 16; Եփս 6, 16), Հոգու ամուսնական սենյակում ապրեցիր, և անաղարտ պահվեցիր՝ դառնալու համար Աստծո Հարսն ու Աստծո Մայրը՝ ըստ [մարդկային] բնության։ [...]

Աստծուց սիրված Դուստր, ծնողներիդ պատիվ, սերունդների սերունդները քեզ անվանում են երանելի, ինչպես որ դու ինքդ հաստատեցիր ճշմարտությամբ (Ղկս 1, 48)։ Աստծուն արժանի Դուստր, մարդկային բնության գեղեցկություն, մեր առաջին մորը՝ Եվային վերստին ոտքի կանգնեցնող։ Որովհետև քո ծննդյանդ շնորհիվ նա, որ ընկել էր, կրկին վեր բարձրացվեց։ [...] Եթե առաջին Եվայի հետ «մուտք գործեց մահը» (Իմս 2, 24; Հռմ 5, 12), որովհետև ծառայել էր օձին, Մարիամը, մինչդեռ, որ իրեն դարձրել էր աստվածային կամքի աղախին, խաբեց խաբող օձին և աշխարհի մեջ ներմուծեց անմահությունը։

Դու առավել թանկարժեք ես, քան ողջ արարչությունը, որովհետև միայն քեզնից Արարիչն ընդունեց որպես ժառանգություն մեր մարդկության երախայրիքները։ Իր մարմինը քո մարմնից վերցվեց, Իր արյունը՝ քո արյունից. Աստված քո կաթով սնվեց, և քո շուրթերը հպվեցին Աստծո շուրթերին։ [...]

Քո արժանապատվության կանխագիտությամբ՝ տիեզերքի Աստվածը սիրեց քեզ. և, քանի որ սիրում էր քեզ, քեզ նախասահմանեց և «վերջին ժամանակներում» (1Պտ 1, 20) քեզ գոյության կանչեց։ [...]

Թող որ լռի իմաստնագույն Սողոմոնը, թող որ այլևս չասի, թե. «Ոչ մի նոր բան չկա արևի տակ» (Ժղվ 1, 9)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։