ՍԲ. ՀԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԱՑԻ. « ՄԱՐԻԱՄԻ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՎԵՀ ՈՒ ՎՍԵՄ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՀԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԱՑԻ. « ՄԱՐԻԱՄԻ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՎԵՀ ՈՒ ՎՍԵՄ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ »

Սբ. Հակոբ Սարուգացու (կամ՝ Բաթնայացու, 450-521) « Սբ. Կույս Մարիամ Աստվածածնի մասին Քարոզ »ից.
 


[...] Երբ Մարիամը կանչվեց դառնալու Աստծո Որդու Մայրը, Սուրբ Հոգին սրբացրեց նրան նախքան Որդու բնակություն հաստատելը նրա մեջ։ Մաքրեց նրան որևէ տեսակի հանցանքից(1), որպեսզի նա բարձրանար որևէ չարիքից վեր, և Աստծո Որդին կարողանար սրբորեն բնակվել նրա մեջ։ Նա մաքրագործեց Իր Մորը Սուրբ Հոգու զորությամբ, որպեսզի նրա մեջ բնակություն հաստատելով՝ կարողանար նրանից մաքուր և մեղքից զերծ մարմին վերցնել։ Որպեսզի կենագործված մարմինը, որ նրա մեջ կամենում էր ստանձնել, արատավորված չլիներ, Նա մաքրագործեց Կույսին Սուրբ Հոգով, և միայն դրանից հետո բնակվեց նրա մեջ։ Աստծո Որդին կամեցավ նրա միջոցով պատվաստվել մարդկությանը. դրա համար, Սուրբ Հոգու ներգործությամբ, նախևառաջ մեղքից ազատ դարձրեց նրա մարմինը։ Բանն(2) իջավ մարմնանալու և հետևաբար, Սուրբ Հոգու միջոցով, մաքրագործեց նրան, ումից վերցնելու էր մարմինը, այդպիսով իր գալստյան մեջ մեզ ամեն ինչում նման լինելու համար, բացի այս մեկից միայն. Իր մաքուր մարմինը ազատ եղավ մեղքից։ Երբ Աստված կամեցավ մարդ դառնալ, մաքրագործեց այդ միակ Կույսին Հոգու ներգործությամբ և նրան Իր Մայրը դարձրեց, որպեսզի աշխարհն հանձինս Իրեն ունենար Աստծուց առաքված մի երկրորդ Ադամ, որն Իր ձեռքը երկարելով օձի խաբեությամբ գետին ընկած առաջին Ադամին, կարողանար կրկին ոտքի կանգնեցնել նրան. որպեսզի այս աշխարհի իշխանը, երբ Նա կկանչի սրան դատաստանի ու կդատապարտի սրան, չկարողանա գտնել Նրա մեջ ոչ մի մեղք, որով կկարողանար բացվել մահվան դուռը. և, ի վերջո, որպեսզի Աստված մարդկանց դուստրերից մեկի շնորհիվ աշխարհ մտներ որպես մարդ, դրանով հանդերձ սակայն առանց ենթակա լինելու սկզբնական դատապարտությանը։

Այս պատճառով է, որ Նա սրբագործեց, Սուրբ Հոգու զորությամբ, այս երանելի, անվանի, օրհնյալ ու մաքրամաքուր Կույսին, դարձնելով նրան սուրբ, անբիծ ու օրհնյալ այնպես, ինչպես որ Եվան էր օձի հետ խոսակցությունից առաջ։ Վերադարձրեց նրան այն սկզբնական գեղեցկությունը, որն ուներ նախամայրը մահաբեր ծառի պտուղը ճաշակելուց առաջ։ Սուրբ Հոգին, որ իջավ նրա վրա, դարձրեց նրան այնպիսին, ինչպիսին որ Եվան էր օձի խորհուրդը, նրա ատելի խոսքերը լսելուց առաջ։ Դրեց նրան այն աստիճանի վրա, որի վրա կանգնած էին Ադամն ու Եվան մեղքից առաջ, և ապա բնակություն հաստատեց նրա մեջ։ Պարգևեց Մարիամին, Սուրբ Հոգու շնորհիվ, աստվածային որդեգրությունը, որն ուներ նախահայր Ադամը, որովհետև կամեցավ բնակվել նրա մեջ։ « Ահա՛ այսուհետև երանելի կանվանեն ինձ բոլոր սերունդները » (Ղկս 1, 48), ասաց իր հոգու մեջ լուսավորված Մարիամը, մտածելով իր Որդու մասին։ Տեսավ, թե ինչպիսի վեհ ու վսեմ աստիճանի էր բարձրացվել, տեսավ, որ աշխարհը փառավորելու էր իրեն ամենաբարձր հիացմամբ։ Այն ժամանակվանից արդեն կանխատեսեց ապագան և ավետեց, որ երկրի ժողովուրդները երանելի էին հռչակելու իր կուսությունը։ Սուրբ Հոգուց իմացել էր, որ իր Որդին իշխելու էր բոլոր ժողովուրդների վրա. դրա համար բոլոր լեզուներից պահանջեց գովաբանության ու պատվի նրանց տուրքը։

Ուստի մենք նույնպես երանելի կերպով գովաբանենք այս Երանուհուն, որի երանությունն ինքնին չափազանց վեհ ու վսեմ է ողջ աշխարհի լեզուների համար։ [...]

(1) Ի նկատի ունի ադամական սկզբնական մեղքը։
(2) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։