ՍԲ. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ. « ՀՂԱՑՎԱԾ ԱՌԱՆՑ ՄԵՂՔԻ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ. « ՀՂԱՑՎԱԾ ԱՌԱՆՑ ՄԵՂՔԻ »

Սբ. Եփրեմ Ասորի (մոտ 306-373), Մարեմական Տաղ
 
 
[...] Աստծո Որդի, տո՜ւր ինձ Քո սքանչելի Պարգևը, որպեսզի կարողանամ հռչակել Քո սիրասուն Մոր հրաշալի գեղեցկությունը։ Կույսն իր Որդուն ծնեց՝ պահպանելով իր կուսությունը. կաթով կերակրեց Նրան, Ով կերակրում է ազգերին. իր անարատ գրկում կրեց Նրան, Ով կրում է տիեզերքն Իր ձեռքում։ Այդքանից հետո ի՞նչ չի լինի նա, ով կույս է և մայր. մարմնի մեջ սուրբ, հոգու մեջ գեղեցկագույն, ոգու մեջ զուլալ, մտքի մեջ ուղիղ, զգացմունքների մեջ կատարյալ, ողջախոհ ու հավատարիմ, սրտով անբիծ և ամեն տեսակ առաքինություններով լի։
Մարիամով թող որ ուրախանան կույս սրտերը, որովհետև նրա մեջ մարմնացավ(1) Նա, Ով ազատեց սարսափելի ստրկության ենթարկված մարդկային զարմը։ Մարիամով թող որ ուրախանա օձից խայթված հին Ադամը(2), որովհետև Մարիամն Ադամին պարգևում է մի Սերունդ(3), որը նրան հնարավորություն է տալիս ոտնակոխ ճզմելու անիծյալ օձին և բժշկում է նրան իր մահացու վերքից (Ծնդ 3, 15)։ Օրհնյալ Կույսով թող որ ուրախանան քահանաները, որովհետև լույս աշխարհ բերեց Քահանայապետին, Ով Ինքն Իրեն դարձրեց զոհ, վերջ դնելով Հին Ուխտի զոհերին։ [...] Մարիամով թող որ ուրախանան բոլոր մարգարեները, որովհետև հանձինս նրա կատարվեցին տեսիլքները, իրականացան մարգարեությունները, հաստատվեցին պատգամները։ Մարիամով թող որ ուրախանան բոլոր նահապետները, որովհետև նա ստացավ օրհնությունը, որ խոստացվել էր իրենց. նա, որ հանձինս իր Որդու, նրանց կատարյալ դարձրեց։ [...]
Մարիամը նոր Կյանքի Ծառն է, որ Եվայի կողմից քաղված դառը պտղի փոխարեն՝ մարդկանց պարգևում է մի քաղցրագույն Պտուղ, որով ողջ աշխարհն է սնվում։ [...]
(1) Բառացի՝ ծնվեց։
(2) Հին՝ ի հակադրություն Նոր Ադամի՝ Քրիստոսի։
(3) Անձնավորված իմաստով, որպես Զավակ, Որդի։ Ի նկատի ունի Քրիստոսին։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։