ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ԿԱՆՉԻ՛Ր ՄԱՐԻԱՄԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ԿԱՆՉԻ՛Ր ՄԱՐԻԱՄԻՆ »

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Առաքեցաւ Գաբրիէլ Հրեշտակ յԱստուծոյ » խոսքի շուրջ Քարոզներից (Քարոզ ի գովեստ Կույս Մոր), II, 27 (Homiliae super «Missus est»: Sermo in laudibus Virginis Matris).
 


[...] Օ՜հ, ով էլ որ լինես դու, որ տեսնում ու զգում ես, որ ալեկործան ես լինում այս աշխարհի փոթորիկներում, ընդմեջ հողմերի ու մրրիկների, հաստատուն հողի վրա քայլելու փոխարեն, «աչքերդ մի՛ հեռացրու» այս աստղի պայծառությունից, եթե չես ուզում հաղթվել փոթորիկներից ու խորտակվել։

Եթե գլուխ են բարձրացնում փորձության քամիները, եթե առջևդ են ցցվում նեղությունների քարաժայռ խութերը, նայի՛ր [այս] աստղին, կանչի՛ր Մարիամին։ Եթե քեզ այս ու այն կողմ են նետում հպարտության, փառասիրության, զրպարտության, նախանձի կոհակները, նայի՛ր [այս] աստղին, կանչի՛ր Մարիամին։

Եթե զայրույթն ու ագահությունը և մարմնի հրապույրները ցնցում են հոգուդ նավակը, նայի՛ր Մարիամին։ Եթե մեղքերի վիթխարի ծանրությունից խռովված, խղճի անարժանությունից շփոթված, դատաստանի ահեղությունից սարսափած՝ սկսում ես կլանվել տրտմության վիհի, հուսահատության անդնդի մեջ, Մարիամի մասին մտածիր։

«Վտանգների մեջ», «նեղությունների մեջ», անորոշությունների մեջ մտածի՛ր Մարիամի մասին, կանչի՛ր Մարիամին։ [Նրա անունը] թող չհեռանա քո բերանից, թող չհեռանա քո սրտից։ Եվ իր աղոթքի օգնությունը ստանալու համար՝ մի՛ լքիր Աստծո մեջ ամփոփված իր կյանքի օրինակը։ Նրան հետևելով՝ չես մոլորվի. Նրա բարեխոսությունը հայցելով՝ չես հուսահատվի. Նրա մասին մտածելով՝ չես սխալվի։

Եթե Նա է քեզ պահողը, չես ընկնի. եթե Նա է քեզ պաշտպանողը, չես վախենա. եթե Նա է քեզ առաջնորդողը, չես հոգնի. եթե Նա տալիս է քեզ իր հավանությունը, դու կհասնես քո նպատակին. և այսպիսով, անձամբ փորձառությունը կունենաս այն բանի, թե որքան արդարացի կերպով է ասվել. «Եվ կույսի անունն էր Մարիամ»։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։