ՍԲ. ՀԻԼԴԵԳԱՐԴ ԲԻՆԳԵՆԱՑԻ. « ՈՂՋՈ՜ՒՅՆ ՔԵԶ, Ո՜Վ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՈՒ ԱՄԵՆԱՔԱՂՑՐ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՀԻԼԴԵԳԱՐԴ ԲԻՆԳԵՆԱՑԻ. « ՈՂՋՈ՜ՒՅՆ ՔԵԶ, Ո՜Վ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՈՒ ԱՄԵՆԱՔԱՂՑՐ »

Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Աղոթք ».
 
Ողջո՜ւյն, Դուստր Վեհանձն, Փառավոր, Անարատ,
ողջախոհության բիբ ական, սրբության գոյացություն, Աստծո Հաճություն.
Քո մեջ տարածվեց երկնային Հեղումը
և Նրա զորությամբ՝ քո մեջ
Բանն(*) ինքնիշխան
մարմնով զգեստավորվեց։
Շուշան կայծկլտուն, որով Աստված
զմայլվում է բոլոր արարածներից վեր,
Դու՝ ամենագեղեցիկդ ու ամենաքաղցրդ,
Դու, որ ստացար Աստծո հաճությունը,
երբ քո մեջ դրեց Իր ջերմության ողջ հուրը,
որպեսզի քեզնից Իր Որդին ճաշակի
մայրական կաթը։
Այնժամ ուրախությամբ լի եղավ քո արգանդը,
երկնային նվագներն համայն հնչեցին քեզնում,
քանի որ, ո՜վ Կույս, կրում էիր Աստվածորդուն
և մաքրությունդ պանծացվեց Աստծո մեջ։
Ուրախացավ արգանդդ
ինչպես ցողով թրջված խոտը.
ցող, որից է նա ստանում իր թարմությունը։
Սա կատարվեց քո արգանդում, ո՜վ ամեն բերկրանքի Մայր։
Թող որ ուրախությամբ փայլի այլևս Եկեղեցին,
ձայն բարձրացնի ներդաշնակությամբ,
երգելով ի պատիվ քաղցրագույն Կույսի,
զմայլելի Մարիամ Աստվածամոր։
Ամեն։
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։