ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈՒ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԵՎ ՕՐՀՆՅԱԼ Է ՈՐՈՎԱՅՆԻԴ ՊՏՈՒՂԸ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈՒ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԵՎ ՕՐՀՆՅԱԼ Է ՈՐՈՎԱՅՆԻԴ ՊՏՈՒՂԸ »

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Առաքեցաւ Գաբրիէլ Հրեշտակ յԱստուծոյ » խոսքի շուրջ Քարոզներից (Քարոզ ի գովեստ Կույս Մոր), III, 8 (Homiliae super «Missus est»: Sermo in laudibus Virginis Matris).
 


[...] Ո՜վ Կույս, լինելու ես մայրը Նրա, ում հայրը Աստված Ինքն է։ Հայրական փառքի Որդին լինելու է կուսությանդ թագն ու պսակը։ Հայրական սիրո Իմաստությունը լինելու է կուսական արգանդիդ պտուղը։ Դու ծնելու ես Աստծուն, և Աստծուց էլ հղանալու ես։

Մխիթարվի՛ր, ո՜վ պտղաբեր Կույս, ո՜վ մաքրափայլ ծննդկան, ո՜վ անարատ մայր, որովհետև դու երկրի վրա էլ ես օրհնվել հրեշտակի կողմից, այնպես՝ ինչպես երկրի բոլոր սերունդների կողմից հռչակվում ես երանելի։

«Օրհնյալ ես դու», ուրեմն, «կանանց մեջ, և օրհնյալ է որովայնիդ պտուղը»։ Պտուղդ օրհնյալ է Իր բուրմունքով, օրհնյալ է Իր համով, օրհնյալ է Իր գեղեցկությամբ։

Մի՞թե իսկապես օրհնյալ չէ նա, ով օրհնյալ է Տիրոջից։ Այս Պտղի համի մասին այս խոսքերով էր խանդավառված ասում նա, ով ճաշակել էր. «Ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը». և ապա. «Որքա՜ն մեծ ու վիթխարի է, ո՜վ Տեր, քաղցրությունը, որ Դու վերապահել ես Քեզնից երկնչողների համար». և մի ուրիշ տեղ էլ տակավին [ասում է]. «Երանի՜ թե իսկապես ճաշակած լինեիք, թե որքա՜ն քաղցր է Տերը»։

Եվ այս Պտուղն Ինքը, մեզ Իր մոտ հրավիրելով, Ինքն Իր մասին ասում է. «Ով ուտում է ինձ, տակավին քաղց կզգա, և ով խմում է ինձ, տակավին ծարավ կզգա»։ Սա ասում էր անշուշտ այն պատճառով, որ գիտեր համի քաղցրությունը, որը մի անգամ համտեսվելով՝ է՛լ ավելի է գրգռում ախորժակը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։