« ՀԻՍՈՒՍՆ ԱՍԱՑ ՆՐԱՆՑ. "ԱՀԱ՛, ԵՍ ՁԵԶ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑԻ [...] ԹՇՆԱՄՈՒ ԲՈԼՈՐ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԻՍՈՒՍՆ ԱՍԱՑ ՆՐԱՆՑ. "ԱՀԱ՛, ԵՍ ՁԵԶ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑԻ [...] ԹՇՆԱՄՈՒ ԲՈԼՈՐ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ »

Սբ. Գրիգոր Նյուսացի (մոտ 335-395). « Փոքրիկ աղվեսները » գրությունից.

 

[...] «Որսացեք մեր համար աղվեսներին, փոքրիկ աղվեսներին, որ ավերում են խաղողի այգիները, որովհետև մեր խաղողի այգիները ծաղկել են» (Երգ 2, 15)։ Կարո՞ղ ենք մինչև խորքը հասկանալ այս մտքի խորությունը։ Աստվածային մեծության ինչպիսի՜ սքանչելիք է ամփոփված այստեղ, Աստծո զորության ինչպիսի՜ վերանցականություն է մեզ հայտնված այս խոսքի մեջ։

Նա, ում մասին խոսվում է այդքա՜ն զորեղ արտահայտություններով, – մարդասպանը, չարությամբ հզորը, [...] խավարի զորության տիրակալը (Եփս 6, 12), նա, ով ունի մահվան իշխանությունը (Եբր 2, 14), [...] նա, ի վերջո, որի մասին Բանը(1) պատմում է՝ ցույց տալով նրա ահարկու բնությունը, նկարագրելով նրան չափազանց մեծ ու հզոր, դիվային լեգիոնների գլուխ. ինչպե՞ս է նրան անվանում ճշմարիտ ու միակ Զորությունը։ Փոքրիկ աղվես։ Նաև նրա բոլոր հետևակայիններին, նրան ծառայող ամբողջ զորքին, այսպես է անվանում նրանց, միևնույն արհամարհանքով, Նա, Ով որսորդներին մղում է որսի։ [...]

Թերևս կարելի է ասել, որ այս որսորդները Սուրբ Առաքյալներն են, որոնց Նա ուղարկեց որսալու այդ գազաններին, և նրանց ասաց. «Ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ» (Մտթ 4, 19)։ Հիրավի, նրանք չէին կարողանա հաջողությամբ կատարել մարդկանց ձկնորսության գործը և փրկվածների հոգիները որսալ իրենց պատգամի ցանցի մեջ, եթե նախ չորսային այս գազաններին, այս փոքրիկ աղվեսներին իրենց բույներից, ուզում եմ ասել՝ սրտերից, ուր նրանք թաքնվել էին, այդտեղ տեղ պատրաստելու համար, ուր Աստծո Որդին կարող է Իր գլուխը դնել, հազիվ թե աղվեսների ցեղն այլևս բնակություն չի ունենա սրտերի մեջ։ [...]

Բանը նրանց(2) ասում է. «Երկրի բոլոր զորությունները, որոնց դեմ մարդը պայքարում է, [...] ընդամենը փոքրիկ աղվեսներ են, խորամանկ, բայց թշվառ, եթե նրանց համեմատելու լինենք ձեզ տրված զորության հետ։ Եթե սանձեք նրանց, այդ ժամանակ ձեր խաղողի այգին, այսինքն՝ մարդկային բնությունը, կվերաբացահայտի իր գեղեցկությունը, որը պտուղների բերքի նախաավետումը կտա առաքինի կյանքի ծաղիկներով։ "Որսացեք մեր համար աղվեսներին, փոքրիկ աղվեսներին, որ ավերում են խաղողի այգիները, որովհետև մեր խաղողի այգիները ծաղկել են"»։ [...]

(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
(2) Հոգիների ձկնորսության կանչված առաքյալներին։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։