« ՋՈՒՐԸ, ՈՐ ԵՍ ՆՐԱՆ ՏԱԼՈՒ ԵՄ, ԴԱՌՆԱԼՈՒ Է ՆՐԱ ՄԵՋ ԿԵՆԴԱՆԻ ՋՐԻ ԱՂԲՅՈՒՐ, ՈՐ ՑԱՅՏՈՒՄ Է ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ՋՈՒՐԸ, ՈՐ ԵՍ ՆՐԱՆ ՏԱԼՈՒ ԵՄ, ԴԱՌՆԱԼՈՒ Է ՆՐԱ ՄԵՋ ԿԵՆԴԱՆԻ ՋՐԻ ԱՂԲՅՈՒՐ, ՈՐ ՑԱՅՏՈՒՄ Է ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ »

Սբ. Գրիգոր Նյուսացի (մոտ 335-395). « Կենդանի ջրի հորը » գրությունից.

 

[...] Երբ Աստվածաշունչը կրթում է մեզ կենարար իրականության վերաբերյալ, – և՛ երբ մեզ խոսում է Աստծուց տրված մի մարգարեությամբ. «Նրանք հեռացան ինձնից՝ կենդանի ջրի աղբյուրից» (Երմ 2, 13), և՛ Սամարացի կնոջն ուղղված Տիրոջ խոսքերով. «Եթե դու իմանայիր Աստծո պարգևը և թե ո՛վ է նա, որ քեզ ասում է. "Ինձ խմելու ջուր տուր", դու ինքդ կխնդրեիր դա իրենից, և նա քեզ կենդանի ջուր կտար խմելու» (Հվհ 4, 10), կամ տակավին. «Ով ծարավ է, թող որ իմ մոտ գա և խմի», որովհետև. «Ով հավատում է ինձ, կենդանի ջրի գետեր են բխելու իր ներսից։ Սա ասաց Հոգու մասին, որին ընդունելու էին Իրեն հավատացողները» (Հվհ 7, 37.39), – հետևում է, որ աստվածային բնությունը մատնացույց է արվում կենդանի ջրի անունով։

Բանի(1) անսուտ վկայությունը հավաստում է, որ [Երգ Երգոցի] Հարսը (հմմտ. Երգ 4, 15) կենդանի ջրի հոր է, որի հոսքը գալիս է Լիբանանից։ Արդյոք կա՞ սրանից ավելի առեղծվածային մի բան։ Մինչ, իրոք, բոլոր հորերը պարունակում են մի ջուր, որ անշարժ է(2), միայն Հարսն է հոսող ջուր պարունակում իր մեջ, ինչի բերումով՝ ունի հորի խորությունը և, միաժամանակ, գետի շարժունությունը։ Ո՞վ կարող է պատշաճ կերպով արտահայտել այս համեմատության սքանչելիքները։ Թվում է, թե չի կարող բարձրանալ է՛լ ավելի վեր, քանի որ ամեն ինչում նման է սկզբնատիպ Գեղեցկությանը։ Կատարյալ կերպով նմանվում է իր բխմամբ՝ Բխմանը, իր կյանքով՝ Կյանքին, իր ջրով՝ Ջրին։

Կենդանի է Աստծո Բանը, կենդանի է նաև հոգին, որ ստացել է Բանին։ Այս ջուրն Աստծուց է բխում, համաձայն այն խոսքի, որ ասում է Աղբյուրը. «Աստծուց եմ ելել ու եկել» (Հվհ 8, 42)։ Եվ ինքն իսկ պարունակում է այն, ինչը որ բխում է հոգու ջրհորի մեջ, և հետևաբար՝ այս կենդանի ջրի պաշարն է, որ հոսում, կամ ավելի ճիշտը՝ բխում է Լիբանանից (հմմտ. Երգ 4, 15)։ [...]

(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
(2) Բառացի՝ հանգստանում է։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։