« ՀՈԳԻՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ Է ՆՐԱՆ, ՈՎ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈԳԻՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ Է ՆՐԱՆ, ՈՎ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Քարոզներ Երգ Երգոցի մասին, 12 (PG 44, 1037B-C).
 
 
[...] Երբ հոգին, իր Սիրեցյալի կանչը լսելով, դուրս է գալիս և փնտրում է Նրան, ում չի գտնում, և կանչում է Նրան, ում ոչ մի անուն չի կարող հասնել, հասկանում է, [...] որ սիրահարվել է Նրան, ով անհասանելի է, և որ ցանկանում է Նրան, ով անըմբռնելի է: Այս խոսքերը հարվածում են նրան և խոցում են հուսահատությամբ, որովհետև կարծում է, թե լիության իր փափաքը լինելու է անվերջ: [...] Բայց նրանից հեռացվում է իր տրտմության քողը, հասկացնելով նրան, որ Սիրեցյալի փնտրտուքի մեջ միշտ հառաջադիմելու և բարձրանալուց երբեք չդադարելու մեջ է կայանում ճշմարիտ վայելումը այն բանի, որը նա փափաքում է, որովհետև յուրաքանչյուր անգամ, որ նրա ցանկությունը գոհացվում է, ծնում է ավելի բարձր իրողությունների ցանկություն:
Ուստի, երբ նրանից հեռացվում է իր հուսահատության քողը, և նա տեսնում է, որ իր Սիրեցյալի անտեսանելի ու անսահման գեղեցկությունը միշտ ավելի գեղեցիկ է երևում ամբողջ հավիտենության ընթացքում, վերստին ոգևորվում է մի առավել ուժգին ցանկությամբ և Սիրեցյալին հայտնում է [...] իր սրտի վիճակը, ասելով, որ Աստծո նետը ստանալուց հետո՝ իր սիրտը խոցվել է հավատքի ծայրով, և որ մահացու խոցվել է սիրուց: Արդ, Հովհաննես Առաքյալի համաձայն, սերն Աստված է: Նրան փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։