« ՄՈՎՍԵՍԸ ՄՏԱՎ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ, ՈՐՏԵՂ ԳՏՆՎՈՒՄ ԷՐ ԱՍՏՎԱԾ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄՈՎՍԵՍԸ ՄՏԱՎ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ, ՈՐՏԵՂ ԳՏՆՎՈՒՄ ԷՐ ԱՍՏՎԱԾ »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Մովսեսի կյանքը, II, 162-164 (PG 44, 376D-377B; SC 1bis, pp. 210-212).
 
 
[...] Աստծո հայտնությունը Մովսեսին տրվեց նախ լույսի մեջ: Ապա Աստված նրա հետ խոսեց ամպի մեջ: Ի վերջո Մովսեսը, է՛լ ավելի վեր բարձրացված լինելով, հայեց Աստծուն խավարի մեջ:
Ահա՛ թե ինչ ենք սովորում սրանից. անցումը խավարից լույսին՝ դա առաջին հեռանալն է Աստվածության վերաբերյալ թյուր ու կեղծ կարծիքներից:
Ծածուկ իրողությունների առավել ուշադիր ճանաչումը, որը տեսանելի իրողությունների ընդմիջով հոգին առաջնորդում է դեպի անտեսանելի իրողությունները, նման է ամպի, որն իր ստվերով ծածկում է զգայական աշխարհը և հոգին վարժեցնում է ճանաչելու այն, ինչ ծածուկ է:
Ի վերջո հոգին, որն այդ ճանապարհներով հառաջադիմել է դեպի վերին իրողությունները և լքել է այն ամենն, ինչը որ հասանելի է մարդկային բնությանը, մուտք է գործում Աստծո ճանաչողության սրբավայրը, բոլոր կողմերից աստվածային խավարով պատվելով: Այնտեղ, դրսում թողած լինելով զգայական և իմացական ամեն բան, հայեցողությանը ուրիշ ոչինչ չի մնում, քան միայն այն, ինչն անըմբռնելի է մտքի համար. այնտե՛ղ է Աստծո օթևանը, ըստ այն խոսքի, որ ասում է Աստվածաշունչը [...]. «Մովսեսը մտավ խավարի մեջ, որտեղ գտնվում էր Աստված» (Ել 20, 21): [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։