1) Ի՞նչ է սովորեցնում Կաթոլիկ Եկեղեցին Ամենասուրբ Հաղորդության խորհրդի մասին – Գրադարան – Mashtoz.org

1) Ի՞նչ է սովորեցնում Կաթոլիկ Եկեղեցին Ամենասուրբ Հաղորդության խորհրդի մասին

«Էուխարիստի՛ա» եզրը սերում է հունարեն « εὐχαριστία » գոյականից, որ նշանակում է «գոհություն», «երախտագիտություն»։ Կաթոլիկ ընկալմամբ կատարված Սուրբ Պատարագի ժամանակ Քրիստոսն Իրեն զոհաբերում է Հորը, միաժամանակ ներգրավելով հավատացյալներին այդ ընծայի մեջ՝ տալով նրանց Իր Մարմինն ու Արյունը սրբագործված հացի և գինու արտաքին կերպարանքի ներքո: Ըստ Քրիստոնեականի. «Աստծո հետ կյանքի հաղորդությունն ու Աստծո ժողովրդի միությունը, որոնք Եկեղեցին դարձնում են այնպիսին, ինչպիսին որ նա է՛, արտահայտվում և իրականացվում են Ամենասուրբ Հաղորդության մեջ» (ԿԵՔ 1325):

Ինչպես Մկրտությունն ու Խոստովանությունը, Ամենասուրբ Հաղորդությունը Եկեղեցու յոթ Խորհուրդներից մեկն է, այսինքն՝ անտեսանելիորեն ընդունված Շնորհի տեսանելի նշան: Ամենասուրբ Հաղորդությունը, սակայն, հիմնովին տարբերվում է մյուս Խորհուրդներից, քանի որ «ամբողջ քրիստոնեական կյանքի աղբյուրն ու գագաթնակետն է»: Մյուս բոլոր Խորհուրդները, ինչպես նաև բոլոր տեսակի եկեղեցական ծառայություններն ու առաքելական աշխատանքները կապված են Ամենասուրբ Հաղորդության հետ և ձգտում են նրան» (ԿԵՔ 1324):

Օրինակ, Մկրտության Խորհուրդը մեզ դարձնում է Եկեղեցու անդամ, որպեսզի մենք կարողանանք ընդունել Ամենասուրբ Հաղորդությունը: Խոստովանությունը՝ Ապաշխարության Խորհուրդը, հոգեպես բուժում է մեզ, որպեսզի մենք կարողանանք Ամենասուրբ Հաղորդությունը ստանալ՝ մեր մեղքերի թողությունը ստանալուց հետո: Հիվանդների Օծումը ֆիզիկապես և հոգեպես բուժում է մեզ, որպեսզի մենք կարողանանք կրկին ընդունել Ամենասուրբ Հաղորդությունը, և երբեմն դա ուղեկցվում է Ամենասուրբ Հաղորդության վերջին ընդունմամբ՝ նախքան երկրային կյանքից հեռանալը (այդ վերջին Հաղորդությունը լատին ավանդության մեջ կոչվում է «viaticum» - «վիատիկում», որ բառացի նշանակում է «ճանապարհին քո հետ», այսինքն՝ դեպի հավիտենական կյանքն ուղղված ճանապարհի թոշակ, ճանապարհին քեզ կազդուրող ու զորացնող կերակուր): Վերջապես, Ամուսնության Խորհուրդը ամուսիններին պարգևում է քրիստոնեական ընտանիք ստեղծելու շնորհը, մի ընտանիք, որ մասնակցում է Ամենասուրբ Հաղորդությանը, իսկ Ձեռնադրության Խորհուրդը տրվում է քահանաներին, որպեսզի կարողանան վավերական կերպով մատուցել Սուրբ Պատարագի զոհընծայումը՝ Ամենասուրբ Հաղորդության ծեսը:

«Քանի որ Ամենասուրբ Հաղորդությունն իր մեջ բովանդակում է Եկեղեցու ողջ հոգևոր գանձը, այսինքն՝ Իրեն՝ Քրիստոսին, մեր Զատիկին» (ԿԵՔ 1324): «Զատիկ» - «Պասեք» եզրը մեզ հղում է հրեական տոնին, և պատահական չէ, որ Սուրբ Պատարագը Քրիստոսի Սուրբ Զատիկի ընթրիքի հիշատակն է, որը Նա կատարեց Խաչելության նախօրեին Իր աշակերտների հետ: Բայց ի տարբերություն Հին Զատիկի, Ամենասուրբ Հաղորդությունը մեր Նոր Զատիկն է և ներկայացնում է կատարյալ ու վերջնական զոհաբերությունը՝ «Աստծո Գառը, Ով վերցնում հեռացնում է աշխարհի մեղքը» (Հվհ 1, 29): Եվ ինչպես Հին Զատիկի գառն էին ուտում, այնպես էլ Քրիստոսին՝ Նոր Զատիկի Գառանը հարկավոր է ուտել (հմմտ. Հվհ 6, 51-58)։ Այդ իսկ պատճառով, Ամենասուրբ Հաղորդությունը կոչվում է նաև «Տերունական Ընթրիք» կամ «Հացի Բեկում»։ Ինչպես բացատրում է Քրիստոնեականը.

«Դա կոչվում է Հացի Բեկում, քանի որ այդ ծեսը, որ բնորոշ էր հրեական ընթրիքին, օգտագործվել է Հիսուսի կողմից, երբ Նա, որպես տոնի Հյուրընկալ, օրհնում և բաժանում էր հացը, հատկապես Վերջին Ընթրիքի ժամանակ: Այդ ժեստով աշակերտները ճանաչեցին Նրան Հարությունից հետո: Առաջին քրիստոնյաները նույն կերպ կոչեցին իրենց Հաղորդության հավաքները։ Դա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր ուտում են մեկ բեկված Հացը՝ Քրիստոսին, հաղորդության մեջ են մտնում Նրա հետ և այդուհետ Նրա հետ կազմում են մեկ Մարմին» (ԿԵՔ 1329)։

Վերջապես, այս նոր զատկական զոհաբերությունը տեղի է ունենում Սուրբ Պատարագի համատեքստում: Այն կոչվում է նաև «Առաքում», քանի որ «Պատարագը, որի ընթացքում կատարվում է փրկության խորհուրդը, ավարտվում է նրանով, որ հավատացյալներն ուղարկվում են առաքելության՝ կատարելու Աստծո կամքն իրենց առօրյա կյանքում» (ԿԵՔ 1332): Այդ համատեքստում, Ամենասուրբ Հաղորդությունը կոչվում է նաև «Սուրբ Զոհ», քանի որ այն այժմեացնում է Քրիստոս Փրկչի միակ Զոհը և իր մեջ ներառում է նաև Եկեղեցու ընծայաբերումը. կամ այլապես՝ այն կոչվում է Սուրբ Պատարագի Զոհ, Գովաբանության Զոհ, հոգևոր Զոհ, մաքուր և սուրբ Զոհ, որովհետև «լրացնում և գերազանցում է Հին Կտակարանի բոլոր զոհերին» (ԿԵՔ 1330):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։