13) Ինչպե՞ս պետք է ընդունենք Ամենասուրբ Հաղորդությունը – Գրադարան – Mashtoz.org

13) Ինչպե՞ս պետք է ընդունենք Ամենասուրբ Հաղորդությունը

Բացի Հաղորդության պատշաճ նախապատրաստությունից, որի ժամանակ հավատացյալները պետք է ազատ լինեն գիտակցված մահացու մեղքից, նրանցից պահանջվում է նաև ծոմ պահել նախքան Հաղորդություն ընդունելը: Համաձայն Կանոնական Իրավունքի Օրենսգրքի. «Ով մտադիր է ընդունել Ամենասուրբ Հաղորդությունը, պետք է ձեռնպահ մնա բոլոր ուտելիքներից ու խմիչքներից՝ Ամենասուրբ Հաղորդությունից առնվազն մեկ ժամ առաջ, բացառությամբ միայն ջրի և դեղամիջոցների»[1]:

Հարկավոր է ի նկատի ունենալ, որ այս հարցերը չեն վերաբերվում Աստվածային Հայտնությանը, այլ՝ պատկանում են Եկեղեցու կարգապահական ոլորտին, որը ենթակա է փոփոխության: Եկեղեցու պատմության մեծ մասի ընթացքում հավատացյալները ծոմ են պահել կեսգիշերից մինչև հաջորդ առավոտ, մինչև որ ստացել են Հաղորդությունը: Սակայն 1953 թվականին Ն.Ս. Պիուս Տասներկուերորդ Պապը կրճատեց պահքի ժամկետը երեք ժամ առաջ մինչև Հաղորդությունը, խրախուսելու համար ավելի ակտիվ մասնակցությունը Պատարագին ու Հաղորդությանը[2]: 1964 թվականին Սբ. Պողոս Վեցերորդ Պապը կրկին փոխեց ծոմի շրջանը՝ այս անգամ Հաղորդությունից մեկ ժամ առաջ[3]։

Ինչ վերաբերվում է Հաղորդության արարողությունից հետո ծոմ պահելուն, ապա կոնկրետ կանոն չկա, բայց բարեպաշտ սովորույթ է՝ չուտել Հաղորդությունից հետո առնվազն տասնհինգ-երեսուն րոպե։ Դա արվում է, որպեսզի թանկարժեք Մարմինն ու Արյունը յուրացվեն և դադարեն գոյություն ունենալ հացի և գինու տեսքով (և դրանով իսկ դադարեն լինել Քրիստոսի Մարմինն ու Արյունը): Մարդը, ով մնում է եկեղեցում մինչև Պատարագի ավարտը, սովորաբար կատարում է այս սովորույթը՝ անգամ չգիտակցելով դա։

Հռոմեական Պատարագամատույցի Ընդհանուր Ներածության մեջ ասվում է, որ երբ գնում ենք Տիրոջ Մարմինն ու Արյունը ստանալու, «քահանան ցույց է տալիս հացը յուրաքանչյուր Հաղորդություն ընդունողի՝ մի փոքր բարձրացնելով այն, և ասում. ''Քրիստոսի Մարմինը'': Հաղորդվողը պատասխանում է. ''Ամեն'', և Հաղորդություն է ստանում կա՛մ բերանի մեջ, կա՛մ – որտեղ թույլատրվում է – ձեռքի ափին, ինչպես ինքն է ցանկանում»[4]:

Դա սրբազան արարք է, և ոչ մի քահանա կամ հաղորդվող չի կարող փոխել ասված խոսքերն ըստ իր անձնական նախասիրությունների: Օրինակ, քահանան չի կարող բարձրացնել հացը և ասել. «Հիսուս Քրիստոսը» կամ «Մեր Փրկիչը», փոխարենը՝ պետք է ասի. «Քրիստոսի Մարմինը»: Նույն կերպ, հաղորդվողը պետք է ասի. ''Ամեն'', այլ ո՛չ թե՝ ''Շնորհակալություն'' կամ ''Խաղաղություն քեզ''»[5]։ Հայ Ծեսում, քահանան Ամենասուրբ Հաղորդությունը հաղորդվողին տալիս է նրա լեզվի վրա դնելով միայն (թույլատրված չէ ձեռքով վերցնելու կարգը), ասելով. «Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը» (գրաբար՝ Մարմին եւ Արիւն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի), որին հաղորդվողը պետք է պատասխանի. «Ամեն»։

Հաղորդվողն ավանդաբար ընդունում է Տիրոջ Մարմինը իր լեզվի վրա և կուլ է տալիս, սակայն, ըստ Ընդհանուր Ներածության, «հաղորդվողը [...] Հաղորդություն է ստանում կա՛մ բերանի մեջ, կա՛մ – որտեղ թույլատրվում է – ձեռքի ափին, ինչպես ինքն է ցանկանում»[6]։

Ամենասուրբ Հաղորդության պատշաճ արագությամբ բաշխումը հնարավոր դարձնելու նպատակով՝ սարկավագներին ու աշխարհականներին կարող է թույլատրվել բաշխել Քրիստոսի Մարմինն ու Արյունը (օրինակ, ծիսական բազմամբոխ տոնակատարությունների ժամանակ): Այս մարդիկ, սակայն, չեն կոչվում «Հաղորդության ​​սպասավորներ», քանի որ միայն քահանան է Հաղորդության սպասավորը: Աստվածային Պաշտամունքի Ժողովը «Փրկագործության Խորհուրդը» փաստաթղթում ուսուցանում է, որ «այս գործառույթը պետք է հասկացվի խստորեն այն անվան համաձայն, որով այն հայտնի է, այսինքն՝ Սուրբ Հաղորդության արտակարգ սպասավոր»[7]:

[1] ԿԻՕ 919։ Բայց Օրենսգիրքը նաև ասում է, որ «հիվանդությամբ տառապողներից» չի պահանջվում պահել Հաղորդության ծոմը:
[2] Կոնդակ «Christus Dominus», Հաղորդության պահքի պահպանման վերաբերյալ, 13.
[3] Տե՛ս ԿԻՕ 919.
[4] Հռոմեական Պատարագամատույցի Ընդհանուր Ներածություն, 160-161.
[5] Նույն, 117։
[6] Ձեռքի ափին ստանալու դեպքում հաղորդվողը պետք է տեղում ինքն իր բերանը դնի Սուրբ Նշխարը և տեղում սպառի այն (ուտի)։ Այս կերպ հաղորդվելն անհնարին է այն դեպքում, երբ Հացը թաթախում են Թանկարժեք Արյան մեջ, այնուհետև դնում հաղորդվողի լեզվին։ Ինչպես նաև, թեև ձեռքի ափին ընդունելը կարող է թույլատրվել, Ընդհանրական Եկեղեցու, նաև Լատին Ծեսի ընդհանուր օրենքն այն է, որ Ամենասուրբ Հաղորդությունը պետք է ընդունվի լեզվի վրա (եթե չկա հատուկ կարգ, որով թույլատրվում է ձեռքի ափին ընդունելը), և ոչ ոք, նույնիսկ քահանան, չի կարող արգելել Հաղորդություն ընդունելու այդ ձևը:
[7] Փրկագործության Խորհուրդը, 156. Արտակարգ, այսինքն՝ արտաքո կարգի, կարգից դուրս, ո՛չ սովորական, բացառության կարգով։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։