10) Ինչո՞ւ են կաթոլիկները զոհաբերում Քրիստոսին Պատարագի ժամանակ, երբ Աստվածաշունչը հստակ ասում է, որ Քրիստոսը զոհաբերվեց «մեկընդմիշտ» – Գրադարան – Mashtoz.org

10) Ինչո՞ւ են կաթոլիկները զոհաբերում Քրիստոսին Պատարագի ժամանակ, երբ Աստվածաշունչը հստակ ասում է, որ Քրիստոսը զոհաբերվեց «մեկընդմիշտ»

Ոչ մի հակասություն չկա այն փաստի մեջ, որ Պատարագը կոչվում է Սուրբ Զոհաբերություն, և այն խոսքերի, որոնք գրված են Աստվածաշնչում, որ Քրիստոսը մեկ անգամ զոհաբերվել է Գողգոթայի վրա՝ մարդկության մեղքերը քավելու համար: Այս թվացյալ հակասության լուծումը կայանում է նրանում, որ Քրիստոսն ամեն Պատարագի ժամանակ նորից չի զոհաբերվում, այլ՝ կրկին կանգնում է Հոր առաջ՝ մարդկանց մեղքերի քավության համար: Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի խոսքերով ասած. «Հաղորդությունն անքակտելիորեն կապված է Տիրոջ չարչարանքների ու մահվան դեպքերի հետ, որոնք այն ո՛չ միայն հիշեցնում է, այլև՝ խորհրդականորեն կրկին այժմեացնում է: Դա Խաչի միակ զոհաբերությունն է, որ կատարվում է դարերի ընթացքում»[1]։

Եբրայեցիներին ուղղված Նամակից պարզ է դառնում, որ ի տարբերություն Հին Կտակարանի կենդանական զոհաբերությունների, Քրիստոսի զոհաբերությունը կատարյալ էր և կրկնվելու կարիք չունի: Ա՛յլ կերպ ասած, մեր մեղքերը քավելու համար Քրիստոսը պետք չէ նորից ու նորից խաչվի: Եբրայեցիս 9, 27-28 հատվածում ասվում է, որ «ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել, և այնուհետև դատաստանն է, նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը ջնջելու համար»։

Հռոմայեցիս 8, 34-ում ասվում է. «Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, հարություն իսկ առավ և Աստծո աջ կողմում է, և բարեխոս է մեր համար»: Բայց եթե Քրիստոսի մեկ զոհաբերությունը կատարվել է Խաչելության ժամանակ և լիովին բավարար է մեղքը ոչնչացնելու համար, ապա ինչո՞ւ էր Քրիստոսը բարեխոսում քրիստոնյաների համար Իր Խաչելությունից երեսուն տարի անց, երբ Պողոսը գրում էր հռոմեացիներին ուղղված իր նամակը:

Պատասխանը «արյունով» և «անարյուն» զոհաբերության տարբերակման մեջ է։ Քրիստոսը միայն մեկ «արյունով» զոհաբերություն կատարեց, երբ Ինքն էլ լինելով զոհ, դաժանաբար սպանվեց։ Նույն եզակի ու կատարյալ զոհաբերությունը մշտապես հայտնվում է Հոր առջև՝ անարյուն ճանապարհով, Ամենասուրբ Հաղորդության հրաշքով: Եբրայեցիս 13, 10 տողն ասում է, որ քրիստոնյաներն ունեն «մի սեղան, որից ճաշակելու իրավունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում»։ Եթե ​​Քրիստոսը «միայն մեկ անգամ զոհաբերվեր», ապա քրիստոնյաները զոհասեղաններ չէին ունենա, քանի որ ա՛յլ զոհաբերությունների կարիք չէր լինի։ Փոխարենը՝ դա նշանակում է, որ հրեա քահանաները, ովքեր ծառայում են տաճարում, չեն կարող մասնակցել քրիստոնեական զոհասեղաններին մատուցվող անարյուն Պատարագին։

Եկեղեցու վաղ շրջանի Հայրերն ուսուցանում էին, որ Հաղորդությունը զոհաբերություն է, որ մատուցվում է քահանաների կողմից՝ մեղքերի թողության համար: Առաջին դարում, Դիդախեի հեղինակը քրիստոնյաներին խորհուրդ էր տալիս. «Կտրեք հացը և գոհություն հայտնեցեք՝ խոստովանելով ձեր մեղքերը, որպեսզի ձեր զոհաբերությունը մաքուր լինի»[2]։ Եկեղեցու Հայրերը հասկանում էին, որ Քրիստոսի դերը որպես մեր Քահանայապետ (Եբր 4, 14-16) չի նսեմացնում ի Քրիստոս նոր ծառայողական քահանայությունը: Երրորդ դարում, Սբ. Կիպրիանոս Կարթագենացին գրել է. «Եթե մեր Տեր և Աստված Հիսուս Քրիստոսն Ինքն է Հայր Աստծո գերագույն Քահանան, եթե Նա առաջինն է, Ով զոհաբերեց Իրեն Հորը և հրամայեց դա անել Իրեն ի հիշատակ, ապա ակնհայտ է, որ միայն այն քահանան է Քրիստոսի ճշմարիտ ժառանգորդը այս ծառայության մեջ, ով ընդօրինակում է Քրիստոսին քահանայության մեջ, և միայն այն ժամանակ է նա ամբողջական ու կատարյալ զոհաբերություն մատուցում Հայր Աստծուն Եկեղեցում, երբ մատուցում է այն ճանապարհով, որով Ինքը՝ Քրիստոսն է մատուցել»[3]:

Սուրբ Օգոստինոսը մեզ հստակ օրինակ է տալիս, թե ինչպե՛ս կարելի է ներկայացնել մեր հավատքը Խաչի վրա Քրիստոսի կատարած միակ զոհաբերության հանդեպ Պատարագի ընթացքում: Նա գրում է. «Մի՞թե Քրիստոսն Ինքը մեկընդմիշտ չզոհաբերվեց։ Եվ այնուամենայնիվ, մի՞թե Նա որպես զոհ չի մատուցվում Հաղորդության մեջ, ո՛չ միայն Պասեքի հատուկ տոնակատարությունների ժամանակ, այլև ամեն օր՝ մեր հավաքների ժամանակ։ Այնպես որ, այն մարդը, ով հարցնում է, թե արդյո՞ք Նա զոհաբերվում է այս խորհրդի մեջ, պատասխանն է, որ դա այդպե՛ս է: Որովհետև եթե խորհուրդներն իրական նմանություն չունենային այն բաների հետ, որոնց խորհուրդներն են, դրանք ընդհանրապես խորհուրդներ չէին լինի»[4]:

[1] Կոնդակ «Եկեղեցին Հաղորդության մասին», 11.
[2] Դիդախե, 14.
[3] Սբ. Կիպրիանոս Կարթագենացի, Նամակ 63, 14.
[4] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Նամակներ, 98, 9.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։