6) Հովհաննեսի Ավետարանի 6-րդ գլխում ներկայացված Կյանքի Հացի մասին ճառը վկայո՞ւմ է իրական ներկայության մասին – Գրադարան – Mashtoz.org

6) Հովհաննեսի Ավետարանի 6-րդ գլխում ներկայացված Կյանքի Հացի մասին ճառը վկայո՞ւմ է իրական ներկայության մասին

Ի տարբերություն Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարանների, Հովհաննեսի Ավետարանը չի պարունակում Վերջին Ընթրիքի նկարագրությունը։ Փոխարենը, այն պարունակում է Հիսուսի ուսմունքը, որը գալիս է լրացնելու Վերջին Ընթրիքի իրադարձությունների մասին մյուս Ավետարաններում նկարագրվածը:

Հովհաննեսի Ավետարանի 6-րդ գլուխը սկսվում է անմիջապես այն բանից հետո, երբ Հիսուսը հրաշքով կերակրում է 5.000 մարդու: Կյանքի Հացի մասին ճառը սկսվում է նրանից, որ մի խումբ մարդիկ հետևում են Նրան Նրա հրաշքների պատճառով: Հիսուսը գիտի, որ նրանք ավելի շատ հաց են ուզում և ասում է նրանց. «Ես եմ կյանքի հացը. ով իմ մոտ գա, քաղցած չի մնա, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի» (Հվհ 6, 35): Նրանք դեռ հարցնում են Հիսուսին, թե ո՛վ է Նա, և դա դրդում է նրան պատասխանելու. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկն այս հացից ուտի, կապրի հավիտյան. և այն հացը, որ ես տալու եմ, իմ մարմինն է, որը ես տալու եմ աշխարհի կյանքի համար» (Հվհ 6, 51):

Մենք կարող էինք եզրակացնել, որ երբ Հիսուսը խոսում է «հացի» մասին, ի նկատի ունի այն մարմինը, որ զոհաբերելու էր խաչի վրա՝ աշխարհի մեղքերի համար: Բայց հետո Հիսուսը շատ պարզ ասում է, թե ի՛նչ ի նկատի ունի: Ի պատասխան այն մարդկանց, ովքեր հարցնում են, թե. «Ինչպե՞ս կարող է նա իր մարմինը մեզ տալ ուտելու», Հիսուսն ասում է.

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չխմեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն կտամ. քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես էլ՝ նրա մեջ։ Ինչպես կենդանի Հայրն առաքեց ինձ, և ես ապրում եմ Հոր մեջ, այնպես էլ ինձ ուտողը կապրի իմ մեջ»։

Հունարեն բնագիրը շա՜տ ավելի կտրուկ է հնչում, քան այն, ինչը մենք կարդում ենք թարգմանության մեջ։ Այս հատվածի ավելի վերևի մասում Հիսուսն օգտագործել էր «φᾰγεῖν» - «ֆագեին» բայը, որը սովորական բառ է ուտելու գործողությունը մատնանշելու համար, բայց այս տողերում սկսում է գործածել «τρώγων» - «տռօգօն» եզրը, որ նշանակում է «կրծում» կամ «ծամում»։ Նմանապես, Հիսուսը գործածում է «σάρξ» - «սառքս» եզրը, որ նշանակում է միս, այլ ո՛չ թե «σῶμα» - «սօմա», որ պարզապես նշանակում է «մարմին»։ Նրա բառերի ընտրությունը բնագիր հունարենում ընդգծում է, որ Նա խոսում է իրական, ֆիզիկական ծամելու և ուտելու մասին։

Ի պատասխան հատվածի այս ըմբռնմանը, ոմանք պնդում են, թե Հիսուսը խոսել է այլաբանական կերպով: Քանի որ Հիսուսը 35-րդ տողում ասել էր. «Նա, ով գալիս է իմ մոտ, երբեք չի քաղցի, և ով հավատում է ինձ, երբեք չի ծարավի», այդ քննադատները եզրակացնում են, որ «ուտել» ասելով Հիսուսը հասկանում է «հոգևորապես Իր մոտ գնալը», իսկ «խմել Նրա Արյունը» նշանակում է «հավատալ Հիսուսին»[1]։ Բայց Կյանքի Հացի մասին ճառը միակ հատվածը չէ, որ ունի մեկից ավելի իմաստ: 1-ից 47-րդ համարներն իսկապես այլաբանական բնույթ ունեն. Հիսուսը գործածում է երկրային փոխաբերություններ՝ բացատրելու համար Իրեն հավատալու կարևորությունը:

Բայց իմաստ և լուրջ հիմնավորում չունի ենթադրելը, թե Հիսուսն այս ճառի մեջ միայն այլաբանական եղանակով է խոսել: Օրինակ, 35-րդ տողում Հիսուսն ասում է, որ ով հավատում է Իրեն, երբեք չի ծարավի, ինչը մեզ մղում է մտածելու ջրի մասին: Հիսուսը կարող էր շարունակել Իրեն անվանել կենդանի ջրի աղբյուր, որից մենք պետք է խմենք, ինչպես որ անում է Հվհ 4, 14 և Հվհ 7, 37-38 հատվածներում։ Փոխարենը՝ Հիսուսն ասում է մեզ, որ պետք է խմենք Իր Արյունը, մի բան, որ արգելված էր Նոյի ժամանակներից ի վեր (Ծնդ 9, 4): Նաև եբրայեցերեն «ինչ-որ մեկի մարմինը ուտել» արտահայտությունը նշանակում է անիծել կամ վիրավորել նրան (տե՛ս Միք 3, 3)։ Եթե ​​Հիսուսը խոսեր այլաբանական և ո՛չ բառացի իմաստով, ապա Նրա «կե՛ր իմ մարմինը» խոսքերը կնշանակեին, որ Նա ցանկանում է, որ մենք անիծենք Իրեն և խախտենք Աստծո Օրենքը՝ հավիտենական կյանք ստանալու համար:

Ավելի հավանական բացատրությունն այն է, որ Հիսուսը բառացիորեն նկատի ուներ մանանան (կամ երկնային սնունդը) Իր ողջ ճառի ընթացքում: Ինչպես Բրանթ Պետրին ասում է իր «Հիսուսը և Հաղորդության հրեական արմատները» գրքում, շատ հին հրեաներ ակնկալում էին, որ Դավթի նման Մեսսիան կտապալի Իսրայելի ճնշողներին, բայց մյուս հրեաներն ակնկալում էին, որ Մովսեսի նման Մեսսիան նոր Ելք կսկսի և Իսրայելը կառաջնորդի դեպի ի վերուստ խոստացված նոր երկիր։ Այդ «Մովսեսի նման» Մեսսիայի նշաններից մեկը պետք է լիներ մանանա տալու նրա կարողությունը. հրաշագործ հացը, որն իջավ երկնքից և կերակրեց իսրայելացիներին Եգիպտոսից հեռանալուց հետո՝ անապատում (Ել 16):

Հվհ 6, 49-ում Հիսուսը խոսեց հին մանանան գերազանցող հացով ժողովրդին ապահովելու մասին: Ինչպես ասում է Պետրին.

«Եթե ​​Հաղորդությունը նոր մանանա է, ապա այն չի կարող լինել Քրիստոսի Մարմնի ու Արյան սոսկ ''խորհրդանիշը'', այն պետք է լինի բառացիորեն Նրա Մարմինն ու Արյունը: Որովհետև Հին Կտակարանի մանանան բառացիորեն երկնքից իջնող հրաշագործ հաց էր, և եթե Նոր Կտակարանի մանանան միայն խորհրդանիշ է, ապա Հին Կտակարանի մանանան ավելին է»։

Ի վերջո, Հովհաննեսը հայտնում է մեզ, որ «դրանից հետո Նրա աշակերտներից շատերը հեռացան Նրանից և այլևս չէին շրջում Նրա հետ» (Հվհ 6, 66): Նույնիսկ աշակերտները կասկածի տակ դրեցին Հիսուսի ուսուցումները, բայց Հիսուսը չփորձեց համոզել նրանց, թե իբր այլաբանորեն էր խոսում: Նա դա արեց մեկ ա՛յլ դրվագում, երբ աշակերտները կարծում էին, թե Հիսուսը խոսում էր բառացիորեն ուտելու մասին, երբ Նա իրականում փոխաբերական կերպով խոսում էր Հոր կամքը կատարելու մասին (Հվհ 4, 32-34): Կյանքի Հացի դեպքում Հիսուսը հաստատեց այդ ուսմունքի դժվարընկալելիությունը, և աշակերտները շարունակեցին հետևել Նրան, քանի որ գիտեին, որ Նա, ինչպես Պետրոսն ասաց, «հավիտենական կյանքի խոսքեր ունի» (Հվհ 6, 68-69):

[1] Նման ենթադրություն կարելի է գտնել հետևյալ հատորում. Eric Svendsen, Evangelical Answers: A Critique of Current Roman Catholic Apologists, Lindenhurst: Reformation Press, 1999, p. 180.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։