Հավելված 2. - Ընդհանրապես հնարավո՞ր է, որ հացն ու գինին դառնան ինչ որ մեկի մարմինը – Գրադարան – Mashtoz.org

Հավելված 2. - Ընդհանրապես հնարավո՞ր է, որ հացն ու գինին դառնան ինչ որ մեկի մարմինը

Եթե մի պահ լրջորեն և ուշադիր մտածելու լինենք, դա այնքան էլ զարմանք պատճառող երևույթ չէ։ Ընդհակառակը, դա մի բան է, որը մենք՝ մարդիկս, անում ենք ամեն օր։ Մենք ամեն օր վերցնում ենք հացը և այն փոխակերպում ենք մեր մարմնին։ Դա մեր մարսողության ''ամենասովորական'' գործառույթն է, որը միաժամանակ, եթե լրջորեն մտորում ենք, նաև գոյություն ունեցող ամենազարմանահրաշ մեխանիզմներից մեկն է, երբ մենք վերցնելով նյութական աշխարհին պատկանող բաներ (հաց և ուրիշ որևէ կերակուր), դրանք «յուրացնում» և դարձնում ենք մեր մարմինը։ Մեր մարմնի բջիջները անդադար մահանում են և նորերը առաջ գալու համար մենք կարիքն ունենք հացն ու տարբեր կերակուրները փոխակերպելու մեր մարմնին։

Բայց մենք, անշուշտ, արարածներ ենք, և մեր դեպքում այդ ամենը տեղի է ունենում բարդ գործողությունների շղթայի արդյունքում։ Աստված, մինչդեռ, Ով ամենակարող է և Իր էությամբ պարզ, կարիք չունի միջանկյալ անցումային շղթայի, այլ՝ հացը և գինին կարող է միանգամից, Իր զորության ազդեցությամբ իսկ, փոխակերպել Իր Մարմնին ու Արյանը, մի բան, կրկնենք, որ մենք մեր կյանքում անում ենք ամեն օր, Իր կողմից ստեղծված գեղեցիկ և իմաստուն մեխանիզմների կիրառմամբ։ Մեր մարդկային մարսողական և կենսապահովման մեխանիզմները կարող են մեզ վավերական կերպով հուշել, որ հացի և գինու փոխակերպումը (գոյացափոխությունը) Հիսուսի Մարմնին ու Արյանը ոչնչով չի հակասում բանականությանը և բնական օրենքներին, այլ ընդամենը՝ գերազանցում է դրանց։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։