12) Ի՞նչ պայմաններում են կաթոլիկները ստանում Ամենասուրբ Հաղորդությունը – Գրադարան – Mashtoz.org

12) Ի՞նչ պայմաններում են կաթոլիկները ստանում Ամենասուրբ Հաղորդությունը

Եկեղեցու Կանոնական Իրավունքի համաձայն, «յուրաքանչյուր մկրտված անձ, ում օրենքով արգելված չէ, կարող է և պետք է ընդունի Ամենասուրբ Հաղորդությունը»։ Կաթոլիկ Եկեղեցու Քրիստոնեականը պարզաբանում է՝ խոսելով «պատշաճ տրամադրվածությամբ» հաղորդվելու անհրաժեշտության մասին։ Որպեսզի երեխաներին Ամենասուրբ Հաղորդություն տրվի, նրանցից պահանջվում է բավարար տեղեկացվածություն և մանրամասն պատրաստություն, որպեսզի նրանք, ըստ իրենց ըմբռնելու կարողության, ընկալեն Քրիստոսի խորհուրդը և կարողանան հավատքով ու ակնածանքով ճաշակել Քրիստոսի մարմինը։ [...] Նա, ով գիտակցում է, որ ծանր մեղք է գործել, առանց նախնական խոստովանության չպետք է ո՛չ Պատարագ մատուցի, ո՛չ էլ Հաղորդություն ընդունի»[1]։

Ինչո՞ւ է Եկեղեցին արգելում մահացու մեղքի վիճակում Ամենասուրբ Հաղորդություն ընդունել: Պողոս Առաքյալը խստորեն նախազգուշացնում է, թե ովքեր կարող են ընդունել Ամենասուրբ Հաղորդությունը անարժան կամ մեղավոր կերպով: Նա գրում է. «Ուստի ով ուտի այս հացից կամ խմի Տիրոջ այս բաժակից անարժանորեն, հանցապարտ կլինի Տիրոջ Մարմնին ու Արյանը։ Ամեն մարդ նախ ինքն իրեն թող քննի և ապա միայն ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետև ով ուտում է և խմում է անարժանորեն, ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ Մարմինը։ Այդ իսկ պատճառով ձեր մեջ բազմաթիվ հիվանդներ ու ցավագարներ կան, և շատ են նաև նրանք, ովքեր մեռած են» (1Կր 11, 27-30):

Թեև Ամենասուրբ Հաղորդությունն իրոք զորություն ունի ջնջելու ներելի մեղքը կամ հոգու աննշան անկատարությունները, Եկեղեցին ուսուցանում է, որ յուրաքանչյուր ոք, ով գիտակցում է մահացու մեղքի մեջ իր գտնվելը (այսինքն՝ մի մեղք, որ ծանր է, ազատորեն է կատարված և մարդուն բաժանում է Աստծո շնորհից), չպետք է հաղորդություն ստանա[2]: Կանոնական Իրավունքի Օրենսգիրքը նշում է, որ նման անձը չի կարող «հաղորդվել, եթե դրա համար հիմնավոր պատճառ չկա», իսկ եթե հնարավորություն չկա խոստովանվելու, նա պետք է հիշի կատարյալ զղջման գործողություն կատարելու իր պարտավորությունը, որը ներառում է հնարավորինս շուտ խոստովանվելու մտադրությունը[3]:

Կիրակի և տոն օրերին Պատարագի մասնակցելու պարտավորությունը տարբերվում է Հաղորդություն ստանալու պարտավորությունից: Եկեղեցին պահանջում է, որ անձը Հաղորդություն ստանա միայն տարին մեկ անգամ, սովորաբար Հարության Սուրբ Զատիկի օրը: Ոչ ոք պարտավոր չէ Պատարագին ընդունել Հաղորդություն, քանի որ մարդը կարող է մահացու մեղքի մեջ լինել, ա՛յլ կերպ ասած՝ չկարողանալ ընդունել այն: Սակայն նույնիսկ եթե մարդը չի կարող ֆիզիկապես ընդունել Հաղորդությունը, նա կարող է Հոգևոր Հաղորդության աղոթք կատարել՝ Հիսուսին իր սրտում ընդունելու համար: Սբ. Թերեզա Ավիլացին ասում է. «Եթե դուք չեք հաղորդվում կամ չեք մասնակցում Պատարագին, ապա Հոգևոր Հաղորդությունը ձեր համար շատ օգտակար կլինի։ [...] Դրա շնորհիվ մեր Տիրոջ սերը կմնա ձեր մեջ»[4]:

Նաև Պատարագին ներկա լինելը պարտադիր չէ Հաղորդություն ստանալու համար: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչո՛ւ մարդիկ կարող են ֆիզիկապես ի վիճակի չլինել մասնակցելու Պատարագին, և անարդար կլինի նրանց զրկել Հաղորդության շնորհից միայն Պատարագին ներկա գտնվելու անկարողության պատճառով: Օրինակ, Հաղորդությունը կարող է տարվել հիվանդ կամ տանը սահմանափակված մարդկանց՝ աշխարհականների կամ քահանաների ձեռքով:

Սակայն նույնիսկ եթե մարդը պատշաճ վիճակում չէ Հաղորդություն ստանալու համար, նա պարտավոր է մասնակցել Պատարագին: Եկեղեցին «հավատացյալներից պահանջում է Քրիստոսի Հարության հիշատակի օրվա նվիրաբերում և հատուկ ծիսական տոնակատարություններ՝ ի պատիվ Տիրոջ խորհուրդների, Սուրբ Կույս Մարիամի և Սրբերի, առաջին հերթին՝ մասնակցություն Ամենասուրբ Հաղորդության պաշտամունքին» (ԿԵՔ 2042):

[1] Կանոնական Իրավունքի Օրենսգիրք, 912-913, 916; ԿԵՔ 1388.
[2] Ինչպես ֆիզիկական սնունդը ծառայում է կորցրած ուժը վերականգնելուն, այնպես էլ Ամենասուրբ Հաղորդությունը զորացնում է սերը, որն առօրյա կյանքում հակված է թուլանալու. և այդ սերը, կենդանացած, վերացնում է թեթև մեղքերը:
[3] Կանոնական Իրավունքի Օրենսգիրքը նաև ասում է. «Չպետք է Ամենասուրբ Հաղորդության ընդունումը թույլատրվի նրանց, ովքեր պատժի նշանակումից կամ հայտարարումից հետո հեռացվել են կամ ենթարկվել արգելանքի, ինչպես նաև ա՛յլ անձանց, ովքեր համառորեն մնում են ակնհայտ ծանր մեղքի մեջ» (916)։
[4] Սբ. Թերեզա Ավիլացի, Կատարելության ուղին, 35, 1.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։