5) Արդյո՞ք Հիսուսը չի պատվիրել Առաքյալներին՝ պարզապես հիշատակի ընթրիք կատարել Իրեն ի պատիվ, այլ ո՛չ թե՝ բառացիորեն ուտել և խմել Իր Մարմինն ու Արյունը – Գրադարան – Mashtoz.org

5) Արդյո՞ք Հիսուսը չի պատվիրել Առաքյալներին՝ պարզապես հիշատակի ընթրիք կատարել Իրեն ի պատիվ, այլ ո՛չ թե՝ բառացիորեն ուտել և խմել Իր Մարմինն ու Արյունը

Այս հարցն անխուսափելիորեն ենթադրում է «կա՛մ, կա՛մ»ի տրամաբանությունը։ Մասնավորապես, այն պահանջում է ճանաչել գոյություն չունեցող հակասության առկայությունը, որ բաղկացած է նրանից, որ Հաղորդությունը կա՛մ հիշատակի ճաշ է ի պատիվ Քրիստոսի, կա՛մ էլ զոհաբերություն է, որ ներառում է բառացի Մարմինն ու Արյունը։ Բայց ինչո՞ւ այն չի կարող միաժամանակ երկուսն էլ լինել: Եկեղեցին ուսուցանում է, որ Ամենասուրբ Հաղորդությունն, անշուշտ, հիշատակի ընթրիք է, բայց ո՛չ միայն դա:

Ըստ Քրիստոնեականի.

«Մեր Փրկիչը Վերջին Ընթրիքի ժամանակ, այն գիշեր, երբ Իրեն դավաճանեցին, հաստատեց Իր Մարմնի և Իր Արյան Հաղորդության Զոհը՝ տևականորեն հավերժացնելու համար Իր զոհաբերությունը Խաչի վրա մինչև Ինքը կվերադառնա, և, հետևաբար, կտակեց Իր սիրելի հարսին՝ Եկեղեցուն, Իր Մահվան և Հարության հիշատակը. բարեպաշտության խորհուրդ, միասնության նշան, սիրո միություն, Զատկական ընթրիք, որի ժամանակ ըմբոշխնում են Քրիստոսին, հոգին լցվում է շնորհով և ապագա փառքի գրավականը է տրվում մեզ» (ԿԵՔ 1323):

Հիսուսն ասել է. « ... արե՛ք սա իմ հիշատակի համար». հունարեն «հիշատակ» բառը ծագում է «ἀνάμνησις» - «անամնեսիս» եզրից, որն ավելին է նշանակում, քան պարզապես անցյալ իրադարձությունների կամ անձի մտավոր հիշողությունը: Այս բառը նշանակում է «զոհաբերության արարքով կատարված հիշատակ»[1]։ Նման գործողության օրինակ կարելի է գտնել Ղևտացվոց 24, 7-8 հատվածում, որտեղ իսրայելացի քահանային և նրա որդիներին հանձնարարված է ամեն շաբաթ օր հաց մատուցել Տիրոջը որպես հիշատակ: Այդ հատվածում ասվում է. «Յուրաքանչյուր դիզված կույտի վրա կդնես մաքուր կնդրուկ և աղ, որպեսզի Տիրոջ առջև հիշատակի նվեր լինեն։ Յուրաքանչյուր շաբաթ այդ տասներկու հացերը մշտապես պիտի դրվեն Տիրոջ առջև Իսրայելի որդիների կողմից՝ իբրև հավիտենական ուխտ»։ Եբրայեցերեն «հիշատակ» նշանակող բառը, որ այստեղ գործածվում է, «ַאזְּכָרָה » - «ացքարա» եզրն է, որ նշանակում է հիշատակի զոհաբերություն։

Ապշեցուցիչ է զուգահեռը վերը նշվածի և քրիստոնեական Պատարագի միջև, որտեղ ամեն Կիրակի (այսինքն՝ նոր շաբաթ օր) մատուցվում է սրբագործված Հացը՝ ի հիշատակ Քրիստոսի նոր, հավերժական ուխտի: Նմանապես, երբ Հիսուսն ասում է. «Դա արե՛ք իմ հիշատակի համար», նա պարզապես նկատի չուներ. «Հիշեք ինձ ամեն անգամ, երբ ուտեք այս կերակուրը»: Հիսուսի խոսքերի ավելի ճշգրիտ թարգմանությունը կլինի. «Ընդունի՛ր ինձ որպես հիշատակի ընծա»։ Վաղ քրիստոնյաները, ովքեր ծնվել մեծացել էին հուդայականության մեջ, խնդիր չունեին հասկանալու, որ հիշատակի ընթրիքը ներկայացնում էր Աստծո իրական ներկայությունը: Աստվածաշնչագետ Բրենթ Պիտրին այսպես է արտահայտվել.

«Ինչպես որ Աստված իսկապես ներկա էր Իր ժողովրդի մեջ Մովսեսի Տապանակում և Սողոմոնի Տաճարում, այնպես էլ հիմա Հիսուսն իսկապես և ճշմարտապես ներկա կլինի Իր աշակերտների մեջ Հաղորդության ժամանակ: Եվ ինչպես որ ընծայի հին հացը Աստծո ''հավիտենական ուխտի'' նշանն էր, այնպես էլ այժմ Հաղորդությունը դարձել է Նոր Ուխտի հավիտենական նշանը՝ կնքված Արյունով»[2]:

Վերջին առարկությունն այն փաստի վերաբերյալ, որ Հիսուսը սահմանել է հենց զոհաբերություն, և ո՛չ թե սոսկ հիշատակի ընթրիք, այն է, որ Հիսուսն Ինքը ներկա է եղել Վերջին Ընթրիքին: Ինչպե՞ս կարող էր Հիսուսը զոհաբերել Իրեն, եթե Առաքյալները դեռ տեսնում էին Իրեն: Արդյո՞ք Հիսուսն Իրեն կերավ Վերջին Ընթրիքի ժամանակ:

Համատես Ավետարանները նկարագրում են, թե ի՛նչ են կերել Հիսուսն ու Առաքյալները միասին, ուստի անհնարին է պատկերացնել, որ Հիսուսը հրաժարվել է ուտելուց, մինչ բոլորը ուտում էին: Բայց ինչպե՞ս Քրիստոսը կարող էր ճաշակել Իր իսկ Մարմինն ու Արյունը: Կարևոր է հիշել, որ Քրիստոսի ֆիզիկական ներկայությունը Հաղորդության մեջ սահմանափակված չէ տարածությամբ և ժամանակով: Դոմինիկյան աստվածաբան Ժիլ Դիմոքը գրում է. «[Քրիստոսը] ներկա է ո՛չ թե զուտ ֆիզիկական եղանակով, այլ ավելի շուտ՝ որպես փառավորված մարմին, որը, ըստ Սբ. Թովմա Աքուինացու, ունի հատկություններ, որոնք գերազանցում են ֆիզիկականին՝ չկորցնելով հանդերձ իր մարմնականությունը»[3]։

Տարածությունն ու ժամանակը գերազանցելու այդ կարողությունը թույլ տվեց Քրիստոսին ներկա լինել մարդկային մարմնում՝ Առաքյալների կողքին, ինչպես նաև Վերջին Ընթրիքի հացի մեջ: Սբ. Թովմա Աքուինացին գրում է, որ շատ տրամաբանական է, որ Քրիստոսը կերավ Վերջին Ընթրիքի ժամանակ Առաքյալներին ընծայված Հացից, «որովհետև Քրիստոսն Ինքը միշտ անում էր այն, ինչ պահանջում էր ուրիշներից. այսպիսով, Նա ցանկացավ նախ Ինքն Իրեն մկրտել, նախքան ուրիշներին պարտադրեր դա անել, ինչի կապակցությամբ կարդում ենք Գործք Առաքելոց գրքում. ''Հիսուսն ի սկզբանե արեց և ուսուցանեց'' (Գրծ 1, 1)։ Ուստի, Նա նախ ընդունեց Իր Մարմինն ու Արյունը, և դրանից հետո միայն դրանք տվեց աշակերտներին՝ ընդունելու համար»[4]:

Ի վերջո, Նոր Կտակարանը մեզ տալիս է բազմաթիվ ապացույցներ, որ Հիսուսը նախատեսել է, որ հացը, որ պետք է զոհաբերվեր Հաղորդության ժամանակ, լինելու էր ավելին, քան սովորական հացը: Օրինակ, Եկեղեցու բազմաթիվ Հայրեր «Տո՜ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը» խոսքը (Մտթ 6, 11) թարգմանել են որպես «Մեր գերէական հացը տո՜ւր մեզ այսօր», որն առավել համահունչ է հունարեն բնագրին[5]: Ավելին, երբ Հիսուսը Էմմաուս տանող ճանապարհին հայտնվեց աշակերտների առաջ, թաքցրեց Իր ինքնությունը, մինչև որ օրհնեց հացը և կտրեց այն նրանց հետ: Ա՛յլ կերպ ասած, Հիսուսը հասկացրեց, որ Հարությունից հետո Իր աշակերտներն այլևս չեն տեսնելու Իրեն մարդկային կերպարանքով, այլ՝ որ Նա «Իրեն ճանաչել էր տվել նրանց՝ հաց կտրելու ժամանակ» (Ղկս 24, 35):

[1] Stephen K. Ray, Crossing the Tiber: Evangelical Protestants Discover the Historical Church, San Francisco: Ignatius Press, 1997, p. 210.
[2] Brant Pitre, Jesus and the Jewish Roots of the Eucharist, New York: Doubleday, 2011, pp. 144-145.
[3] Giles Dimock, 101 Questions & Answers on the Eucharist, New York: Paulist Press, 2006, p. 52.
[4] Սբ. Թովմա Աքուինացի, Համառոտություն աստվածաբանության, III, 81, 1.
[5] Բնագրի հունարեն «ἐπιούσιος» - «էպիուսիոս» եզրը առաջին անգամ հայտնվում է հենց այս հատվածում, և դրա ծագումը ամենևին պարզ չէ։ Հերոնիմոսը և Կյուրեղ Ալեքսանդրացին այն թարգմանել են որպես «գերբնական», քանի որ ստուգաբանորեն «ἐπιούσιος» նշանակում է «գեր/վերևում» (ἐπι) և «էություն կամ բնություն» (ούσια): Տե՛ս նաև. Pitre, Jesus and the Jewish Roots of the Eucharist, p. 92-96:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։