7) Որո՞նք են Հաղորդության աստվածաշնչյան վկայությունների վերաբերյալ ամենատարածված առարկությունները – Գրադարան – Mashtoz.org

7) Որո՞նք են Հաղորդության աստվածաշնչյան վկայությունների վերաբերյալ ամենատարածված առարկությունները

Հաղորդության աստվածաշնչյան ապացույցների դեմ ամենատարածված առարկությունը թերևս այն դիտարկումն է, որ Հիսուսը պարբերաբար գործածում էր փոխաբերություններ Իր մասին, որոնք կաթոլիկները բառացի չեն ընդունում: Օրինակ, բողոքական ջատագովներ Նորման Գեյսլերը և Ռալֆ ՄակՔենզին նշում են, որ Հիսուսն ասել է «Ես եմ դուռը» (Հվհ 10, 7) և «Ես եմ որթատունկը» (Հվհ 15, 5), բայց, ըստ նրանց, «կաթոլիկ ուսումնասիրողներն այդ հայտարարությունները բառացի չեն ընդունում, թեև դրանք վերցված են նույն գրքից, որտեղ ասվում է ''սա իմ մարմինն է'': Ուստի կարիք չկա Հիսուսին բառացի ընդունել, երբ նա ասում է ''սա իմ մարմինն է'' կամ ''կերեք իմ մարմինը''»[1]:

Գեյսլերի և ՄակՔենզիի փաստարկների խնդիրն այն է, որ դա կարող է չափազանց հեռուն տանել: Եթե ​​Հիսուսի պատվիրաններից որևէ մեկը չափազանց պահանջկոտ է կամ տարօրինակ, դրանք պարզապես կարող են դուրս գրվել որպես փոխաբերություններ, քանի որ Քրիստոսը որոշ դեպքերում գործածել է փոխաբերություններ: Իհարկե, հարցն այն չէ, թե Քրիստոսն ընդհանրապես խոսե՞լ է փոխաբերական իմաստով։ Հարցն այն է, թե կոնկրետ այս դեպքում նա փոխաբերակա՞ն էր խոսում։

Նախ ուշադրություն դարձրեք, որ Հիսուսն Իրեն անընդհատ դուռ կամ որթատունկ չի անվանում, այլ՝ անընդհատ և ընդգծված ասում է Իր ունկնդիրներին, որ նրանք պետք է ուտեն Իր Մարմինը: Երկրորդ, Հվհ 10-ում և 15-ում Քրիստոսը մեզ չի ասում, օրինակ, «յուղել Նրա ճշմարիտ ծխնիները» կամ «ջրել Նրա ճշմարիտ արմատները»: Դա հակասում է Նրա հրահանգին, որ մենք պետք է ուտենք Իր Մարմինը որպես «ճշմարիտ կերակուր» և խմենք Իր Արյունը որպես «ճշմարիտ խմիչք»: Վերջապես, ոչ ոք չմերժեց Քրիստոսին դռան կամ որթատունկի փոխաբերությունն օգտագործելու համար, բայց երբ Նա հայտարարեց, որ հարկավոր է ուտել Իր Մարմինը՝ հավիտենական կյանք ունենալու համար, «Նրա աշակերտներից շատերը հեռացան Նրանից և այլևս չէին շրջում Նրա հետ» (Հվհ 6, 66): Այն փաստը, որ այդ աշակերտները հեռացան Հիսուսից, ցույց է տալիս, որ նրանց կողմից թյուրիմացություն չի եղել. նրանք բառացիորեն հասկացել են Նրա պահանջները և մերժել են դրանք:

Մեկ ա՛յլ ընդհանուր առարկություն հիմնված է նույն գլխի 63-րդ հատվածի վրա: Գեյսլերը և ՄակՔենզին ասում են, թե այս համարը տալիս է «Կյանքի Հացի» ողջ ճառի մեկնաբանման բանալին, քանի որ այստեղ Հիսուսն ասում է. «Հոգին կյանք է տալիս. մարմինը ոչ մի օգուտ չունի: Խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, հոգի և կյանք են»: Քննադատների կարծիքով դա նշանակում է, որ Հիսուսը մեզ բառացիորեն չի ասել, որ ուտենք Իր Մարմինը, քանի որ մարմինը «ոչինչ չի նշանակում»։ Փոխարենը՝ Հիսուսը ուզում է, որ մենք հավատանք Իր ասած խոսքերին, քանի որ Նրա խոսքերը «հոգի և կյանք» են[2]։

Այս առարկության հետ կապված խնդիր կա։ Այն, ինչ Հիսուսը նկատի ուներ «հոգի» և «մարմին» ասելով, տարբերվում է նրանից, ինչ մենք այսօր հասկանում ենք այդ եզրերով: Մեր համար հոգին և մարմինը սովորաբար հոմանիշ են «աննյութական»ի և «նյութական»ի: Բայց Նոր Կտակարանը հաճախ օգտագործում է «հոգին»՝ նկատի ունենալով ո՛չ թե այն, թե ինչից է բաղկացած իրը (ուրվական, հոգևոր նյութ), այլ՝ այն, թե ինչին է այն ուղղված, որն է դրա «վերջը»: Հոգին այն է, որն ուղղված է «վերևի» իրերին, որոնք գտնվում են հոգևոր աշխարհում։ Մյուս կողմից, «մարմին» նշանակում է այն, ինչը անկատար է և ենթարկվում է նյութական աշխարհին։ Պողոսը խոսում է հոգևոր մարդկանց մասին, ովքեր քննում են ամեն ինչ, բայց ոչ ոք չի քննում իրենց (1Կր 2, 15), ինչպես նաև մարմնական մարդկանց մասին (1Կր 3, 1), բայց այս երկու խմբերն էլ բաղկացած են ֆիզիկական մարմին ունեցող մարդկանցից։

Կաթոլիկ ջատագով Կառլ Քիթինգը ամփոփում է Հվհ 6, 63-ի անբավարար գործածումը, որով փորձվում է հերքել Հաղորդության կաթոլիկ ըմբռնումը։ Նա գրում է.

«Արդյո՞ք ֆունդամենտալիստները հավատում են, թե Քրիստոսը, Ով հենց նոր էր պատվիրել Իր աշակերտներին ուտել Իր Մարմինը, այժմ ասում է, որ այդ գործողությունն անիմաստ է: Դա՞ է ''մարմինը ոչ մի օգուտ չունի'' արտահայտության իմաստը։ ''Կերե՛ք իմ մարմինը, բայց դուք կհասկանաք, որ դա ժամանակի վատնում է''. այսպե՞ս է պետք հասկանալ Նրան: Եվ արդյո՞ք աշակերտները ''այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, հոգի և կյանք են'' արտահայտությունը հասկացան բացառապես որպես ակնարկ – և բավականին անորոշ ակնարկ – առ այն, որ ասվածը ''այլաբանական իմաստ''ով էր»[3]:

Ի վերջո, ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը չասաց. «Իմ մարմինը ոչինչ չի նշանակում»: Նա միայն ասում է, որ մարմինը` այս աշխարհի թույլ նյութական կողմերը, ոչինչ չեն նշանակում: Հաղորդության մերժումը, որովհետև այն նման է հացի և գինու, դա հենց այն է, ինչ նշանակում է դատել նյութապես, և ո՛չ թե հոգևորապես, ահա՛ թե ինչն է անօգուտ: Փոխարենը, Հիսուսի խոսքերը՝ «Կերե՛ք իմ մարմինը և խմե՛ք իմ արյունը», հոգի և կյանք են, և դրանց հնազանդվելով մենք հավիտենական կյանք ենք ստանում:

[1] Norman Geisler and Ralph MacKenzie, Roman Catholics and Evangelicals: Agreements and Differences, Grand Rapids, Mich.: Baker Books, 1995, pp. 261-262.
[2] Նույն, p. 262.
[3] Karl Keating, Catholicism and Fundamentalism: The Assault on “Romanism” by “Bible Christians”, San Francisco: Ignatius Press, 1988, p. 242.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։