17) Ո՞րն է Վատիկանյան Երկրորդ Ժողովի վարդապետությունը Ամենասուրբ Հաղորդության վերաբերյալ – Գրադարան – Mashtoz.org

17) Ո՞րն է Վատիկանյան Երկրորդ Ժողովի վարդապետությունը Ամենասուրբ Հաղորդության վերաբերյալ

Սուրբ Պատարագը և Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը քննարկվել են Վատիկանյան Երկրորդ Ժողովի փաստաթղթերում։ Օրինակ, «Սրբազան Պաշտամունքի մասին» Սահմանադրությունը («Sacrosanctum Concilium») ուսուցանում է, որ Ամենասուրբ Հաղորդությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում Եկեղեցու կյանքում: Այն ասում է․

«Պատարագն այն գագաթն է, որին ձգտում է Եկեղեցու ողջ գործունեությունը, և միևնույն ժամանակ՝ աղբյուրն է, որից բխում է նրա ողջ ուժը։ Որովհետև առաքելական աշխատանքն ուղղված է առ այն, որ բոլորը, հավատքի և մկրտության միջոցով, Աստծո զավակներ դառնալով, հավաքվեն, փառաբանեն Աստծուն Եկեղեցում, մասնակցեն զոհաբերությանը և ուտեն Տիրոջ ընթրիքը»[1]։

Այս խորհրդի եզակիության և կարևորության մասին է վկայում նաև «Քահանաների ծառայության և կյանքի մասին» Վճռագիրը («Presbyterorum Ordinis»): Այն ասում է.

«Բոլոր խորհուրդները, ինչպես նաև բոլոր եկեղեցական ծառայություններն ու առաքելական գործը սերտորեն կապված են Ամենասուրբ Հաղորդության հետ և ուղղված են նրան։ Չէ՞ որ Ամենասուրբ Հաղորդությունը պարունակում է Եկեղեցու ողջ հոգևոր բարիքը, այսինքն՝ Ինքը՝ Քրիստոսը, մեր Զատիկը և Կենդանի Հացը՝ Իր Մարմնով, Սուրբ Հոգով կենդանացած և կենսատու՝ կյանք տալով մարդկանց, ովքեր այսպիսով կանչվում են և խրախուսվում Նրա հետ միանալով ընծայել իրենց, իրենց աշխատանքը և այն ամենը, ինչ ստեղծված է»[2]:

Եթե ​​Հաղորդությունն այդքան կենտրոնական է Եկեղեցու կյանքում, և Հաղորդությունը կարող է գոյություն ունենալ միայն այն ժամանակ, երբ հացն ու գինին օրհնվում են պատշաճ կարգով ձեռնադրված քահանայի կողմից, ապա տրամաբանորեն հետևում է, որ քահանայի առաքելությունը նույնպես կենտրոնական է Եկեղեցու կյանքում: «Եկեղեցու միսիոներական գործունեության մասին» Վճռագիրը («Ad Gentes») այն ձևակերպում է հետևյալ կերպ. « [...] շնորհիվ իրենց ծառայության, – որն հիմնականում կայանում է Պատարագի մատուցման մեջ, որ կատարում է Եկեղեցին, – նրանք [քահանաները] հաղորդության մեջ են Քրիստոս Գլխի հետ և ա՛յլ մարդկանց ևս տանում են դեպի այդ հաղորդությունը»[3]:

Ժողովի տարիներին ծագած սխալ գաղափարներից մեկն այն էր, թե Քրիստոսը հավասարապես ներկա է Խոսքի մեջ, կամ նույնիսկ մարդկանց մեջ՝ Պատարագի և Հաղորդության ժամանակ, այնպես որ, ինչպես մենք ծունկի չենք գալիս մեր եղբայրների և քույրերի առջև Պատարագի ժամանակ, նմանապես կարիք չկա ծունկի գալ խորանի առջև, ուր դրված է Ամենասուրբ Հաղորդությունը: Այս թյուր կարծիքը կարող է լինել պատճառներից մեկը, որոնք Պողոս Վեցերորդ Պապին մղեցին Ժողովի ընթացքում հրապարակել «Հավատքի Խորհուրդը» («Mysterium Fidei») Կոնդակը։ Այդ կարծիքը դատապարտվում է հետևյալ հատվածում.

«Այդ զանազան ուղիները, որոնց միջոցով Քրիստոսը ներկա է, միտքը լցնում են զարմանքով և Եկեղեցուն առաջարկում են մտորելու խորհուրդ: Բայց կա ևս մեկ ձև, որով Քրիստոսը ներկա է Իր Եկեղեցում, մի ճանապարհ, որ գերազանցում է բոլոր մյուսներին: Դա Նրա ներկայությունն է Ամենասուրբ Հաղորդության խորհրդի մեջ, որն այդ պատճառով ''բարեպաշտության ավելի մխիթարիչ աղբյուր է, ավելի լավ մտորումների առարկա, և ավելի սուրբ՝ իր պարունակածի պատճառով'', քան մյուս բոլոր խորհուրդները. քանի որ այն պարունակում է հենց Քրիստոսին և հանդիսանում է ''հոգևոր կյանքի մի տեսակ պսակ և ինչ-որ իմաստով՝ բոլոր խորհուրդների նպատակը'': Այդ ներկայությունը կոչվում է ''իրական'' ո՛չ թե բացառելու համար այն միտքը, որ մյուսները նույնպես ''իրական'' են, այլ ավելի շուտ՝ նշանակելու համար գերազանց ներկայությունը, քանի որ այն էական է, և դրա միջոցով Քրիստոսը ներկայացվում է ամբողջությամբ և ամբողջական՝ որպես Աստված և մարդ»[4]:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմանադրություն Sacrosanctum Concilium, 10.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վճռագիր Presbyterorum Ordinis, 5.
[3] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վճռագիր Ad Gentes, 39.
[4] Պողոս Վեցերորդ Պապ, Կոնդակ Mysterium Fidei, 38-39.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։