15) Կարո՞ղ են Ընդհանրական Եկեղեցուց բաժանված համայնքների պատկանող քրիստոնյաները Հաղորդություն ստանալ – Գրադարան – Mashtoz.org

15) Կարո՞ղ են Ընդհանրական Եկեղեցուց բաժանված համայնքների պատկանող քրիստոնյաները Հաղորդություն ստանալ

Ընդհանրապես, Հաղորդություն ստանալու համար մարդը պետք է մկրտված լինի և ընդունվի Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցի, և անգամ այդ դեպքում՝ անձը պետք է զերծ լինի մահացու մեղքից կամ իր դեմ կիրառված կանոնական սահմանափակումներից, ինչպիսին է, օրինակ, բանադրանքը: Օրինակ, Դիդախեն Առաջին դարի քրիստոնյաներին հորդորում է. «Եվ թող որ ոչ ոք չուտի և չխմի ձեր Հաղորդությունից, բացի նրանցից, ովքեր մկրտված են Տիրոջ Անունով, որովհետև Տերն ասաց այս մասին. ''Սուրբ բաները շներին մի՛ տվեք''»[1]։

Հարկավոր է հասկանալ, որ այս կանոնը գոյություն չունի հոգևոր գերազանցության զգացման կամ այն ​​պատճառով, որ Եկեղեցին ցանկանում է, որ ո՛չ կաթոլիկներն իրենց վատ զգան: Ավելի շուտ, դա արվում է ո՛չ կաթոլիկների հանդեպ մտահոգությունից ելնելով, ովքեր կարող են ցանկանալ Հաղորդության մոտենալ:

Կաթոլիկ Եկեղեցին ուսուցանում է, որ Ամենասուրբ Հաղորդությունն իսկապես Քրիստոսի Մարմինն ու Արյունն է: Երբ հաղորդվողը Հաղորդություն ընդունելիս ասում է «Ամեն», ասում է, որ հավատում է ո՛չ միայն այս դոգմային, այլ՝ այն ամենին, ինչ սովորեցնում է Ընդհանրական Եկեղեցին։ Եթե ​​նա չի հավատում դրան, Հաղորդությանը տրված համաձայնությունը չի կարող վավերական լինել: Անշուշտ, եթե նա ցանկանում է Հաղորդություն ստանալ, ապա նա միշտ կարող է ընդունվել Ընդհանրական Եկեղեցու գիրկը, որպեսզի իր Հաղորդությունը Եկեղեցու հետ լինի նույնքան ամբողջական, որքան Քրիստոսի հետ Հաղորդության ժամանակ:

Ընդհանրական Եկեղեցուց բաժանված համայնքների պատկանող անձը կարող է Հաղորդություն ստանալ միայն այն դեպքում, եթե նա այնպիսի Եկեղեցու անդամ է, որը միևնույն տեսակետն ունի Ամենասուրբ Հաղորդության վերաբերյալ, ինչ Ընդհանրական Եկեղեցին: Այդպիսին են, օրինակ, Արևելյան Եկեղեցիները, որոնց եպիսկոպոսներն ու քահանաները պահպանում են իրական առաքելական իշխանությունը, բայց լիարժեք հաղորդության մեջ չեն Ընդհանրական Եկեղեցու հետ, քանի որ չեն ճանաչում Պետրոսի իրավահաջորդի գերագահությունն ու անսխալականությունը՝ հանձինս Հռոմի Եպիսկոպոսի՝ Պապի։ Այդ Եկեղեցիների անդամների համար թույլատրվում է կատարել Ապաշխարության խորհուրդը, Հիվանդների Օծումը և Պատարագը, «եթե վերջիններս իրենք են խնդրում և պատշաճ տրամադրվածություն ունեն։ Այս դրույթը վերաբերվում է նաև ա՛յլ Եկեղեցիների անդամներին, որոնք, Առաքելական Աթոռի վճռով, խորհուրդների հարցում հավասար են վերոհիշյալ Արևելյան Եկեղեցիներին»[2]:

Սա կարող է վավերական լինել նաև ա՛յլ քրիստոնյաների դեպքում, ինչպիսիք են բողոքականները, ովքեր ցանկանում են ընդունել Ընդհանրական հավատքը (և այդպիսով հավատում են Ամենասուրբ Հաղորդության մեջ Քրիստոսի իրական ներկայությանը), բայց գտնվում են մահվան վտանգի մեջ: Կանոնական Իրավունքի Օրենսգրքում ասվում է. «Մահվան վտանգի դեպքում, կամ այն ​​դեպքում, երբ թեմական եպիսկոպոսի կամ եպիսկոպոսների ժողովի դատողությամբ մեկ ա՛յլ անհետաձգելի կարիք ստիպում է դա անել, Ընդհանրական Եկեղեցու սպասավորներն իրավունք ունեն Հաղորդությունը մատուցել ա՛յլ քրիստոնյաների, ովքեր լիարժեք հաղորդակցություն չունեն Ընդհանրական Եկեղեցու հետ, ովքեր չեն կարող դիմել իրենց համայնքի սպասավորին և իրենք խնդրել են դա, եթե միայն ցույց տան Ընդհանրական Եկեղեցու հավատքն այս խորհուրդների վերաբերյալ և ճիշտ տրամադրված լինեն»[3]:

Եկեղեցին նաև ուսուցանում է, որ որոշակի հանգամանքների դեպքում կաթոլիկները կարող են Սուրբ Պատարագի մասնակցել և Ամենասուրբ Հաղորդություն ստանալ ո՛չ կաթոլիկ եկեղեցիներում, որոնք ունեն վավերական խորհուրդներ (օրինակ՝ Արևելյան Ծեսերի Եկեղեցիներում): Դա կարող է լինել այն դեպքում, եթե մեկը գտնվում է օտար երկրում, որտեղ չկան կաթոլիկներ և, հետևաբար, չի կարող մասնակցել կաթոլիկ Պատարագին: Կանոնական Իրավունքի Օրենսգրքում ասվում է. «Երբ անհրաժեշտ է, կամ իրական հոգևոր օգուտը հակված է դրան, և չկա մոլորության կամ անտարբերության վտանգ, Քրիստոսի հավատարիմներին, ովքեր ֆիզիկապես կամ բարոյապես չեն կարողանում դիմել կաթոլիկ սպասավորին, թույլատրվում է ստանալ Ապաշխարության խորհուրդը, Հաղորդությունը և Հիվանդների Օծումը ո՛չ կաթոլիկ սպասավորների ձեռքով, որոնց Եկեղեցում վերոհիշյալ խորհուրդներն իրական ձևով գոյություն ունեն»[4]։

[1] Դիդախե, 9.
[2] ԿԻՕ 844, 3.
[3] ԿԻՕ 844․
[4] Նույն.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։