11) Կոնկրետ ի՞նչ է տեղի ունենում Պատարագի մեջ Հաղորդության կատարման ժամանակ – Գրադարան – Mashtoz.org

11) Կոնկրետ ի՞նչ է տեղի ունենում Պատարագի մեջ Հաղորդության կատարման ժամանակ

«Գոհաբանական աղոթքը Պատարագի սիրտն է: Այդ աղոթքի ժամանակ քահանան գործում է Քրիստոսի Անունից որպես Նրա Մարմնի՝ Եկեղեցու գլուխ: Նա ի մի է հավաքում ո՛չ միայն հացն ու գինին, այլև՝ մեր կյանքի ողջ էությունը, և այն միացնում Քրիստոսի կատարյալ զոհաբերությանը՝ մատուցելով Հորը»[1]։

Հռոմեական Պատարագամատույցի Ընդհանուր Ներածության մեջ թվարկված են Ամենասուրբ Հաղորդության աղոթքի հետևյալ տարրերը.

Գոհություն (որն հիմնականում արտահայտվում է Նախաբանում), որով քահանան, ի դեմս ողջ սուրբ ժողովրդի՝ մկրտված քրիստոնյաների, փառաբանում է Հայր Աստծուն և երախտագիտություն է հայտնում Նրան՝ ողջ փրկագործության կամ դրա առանձին հանգրվանների համար՝ կախված օրից, տոնակատարությունից կամ ծիսական ժամանակից:

Հռչակում, երբ ողջ հավաքը, երկնային զորությունների հետ միասնաբար, երգում է «Սուրբ, Սուրբ, Սուրբ»ը: Այդ հռչակումը, որ մաս է կազմում Ամենասուրբ Հաղորդության աղոթքին, արտասանում է ողջ ժողովուրդը քահանայի հետ միասին։

Վերակոչում (հունարեն՝ epiclesis - էպիկլեսիս), երբ Եկեղեցին հատուկ կոչերով խնդրում է Սուրբ Հոգուն, որպեսզի մարդկանց կողմից մատուցվող ընծաները սրբագործվեն, այսինքն՝ դառնան Քրիստոսի Մարմինն ու Արյունը, և որպեսզի Հաղորդության ժամանակ ընդունվող անարատ Զոհը դառնա հաղորդվողների փրկությունը։

– Հաղորդության հաստատման Պատմությունը և ընծաների Նվիրաբերումը, երբ Քրիստոսի խոսքերով ու գործողություններով կատարվում է այն նույն Զոհաբերությունը, որը Քրիստոսն Ինքը սահմանել է Վերջին Ընթրիքի ժամանակ, երբ զոհաբերեց Իր Մարմինն ու Արյունը հացի ու գինու տեսքով, և դրանք ուտելու և խմելու համար տվեց Առաքյալներին, և պատվիրեց նրանց՝ շարունակաբար կատարել այդ Խորհուրդը:

Հիշատակում (հունարեն՝ anamnesis - անամնեսիս), երբ, կատարելով Առաքյալների միջոցով Տեր Քրիստոսից ստացված պատվիրանը, Եկեղեցին կատարում է հենց Քրիստոսի հիշատակը՝ հիշելով առաջին հերթին Նրա փրկարար Չարչարանքները, փառավոր Հարությունը և երկինք Համբարձումը, կրկին դավանելով Նրա վերադարձի սպասման ակնկալությունը։

Նվիրաբերում, երբ ի հիշատակ Քրիստոսի՝ ողջ Եկեղեցին, և հատկապես՝ այստեղ և հիմա հավաքվածները, անարատ Զոհ են մատուցում Հայր Աստծուն Սուրբ Հոգու մեջ: Որովհետև Եկեղեցին ցանկանում է, որ հավատացյալները ո՛չ միայն անարատ Զոհ մատուցեն Հորը, այլև՝ սովորեն իրենք իսկ նվիրաբերվել Նրան, և որ նրանց միությունը Նրա հետ Քրիստոս Միջնորդի միջոցով և միմյանց միջև օրեցօր աճի, որպեսզի ի վերջո Աստված լինի ամեն ինչ ամեն ինչի ու ամենքի մեջ:

Բարեխոսական աղոթք, որի միջոցով արտահայտվում է այն, որ Ամենասուրբ Հաղորդությունը կատարվում է միասնաբար՝ երկնային և երկրային ողջ Եկեղեցու հետ, և որ ընծան մատուցվում է նրա և նրա կենդանի և մահացած բոլոր անդամների համար, որոնք կանչված են մասնակցելու Քրիստոսի Մարմնով և Արյամբ ձեռքբերված մաքրագործմանն ու փրկագնմանը:

Վերջնական փառատրություն, որն արտահայտվում է Աստծո փառաբանությամբ և որը հաստատվում ու ավարտվում է ժողովրդի «Ամեն»ով, որ նշանակում է «Այո՛, այդպես է», «Ճի՛շտ է», «Թող որ այդպես լինի», որով տրվում է մեր ազատ կամքի հավանությունը Աստծո ծրագրերին և մեր անձնական հարումը Աստծուն և Իր ճշմարտությանն ու սրբությանը։

Այս մասերը, ծիսական տարբեր ավանդություններից կախված, կարող են թեթևակի փոխել իրենց հերթականությունը կամ նաև շարադրանքը, բայց ո՛չ՝ վարդապետական բովանդակությունը։

Իր «Եկեղեցին Հաղորդության մասին» Կոնդակում, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդն ուսուցանում է, որ «հանուն Քրիստոսի գործող ձեռնադրված քահանան է, որ մատուցում է Հաղորդության զոհը, և այն մատուցում է ​​Աստծուն՝ բոլոր մարդկանց անունից: Այս պատճառով, Հռոմեական Պատարագամատույցը սահմանում է, որ միայն քահանան պետք է արտասանի Ամենասուրբ Հաղորդության աղոթքը, մինչ ժողովուրդը մասնակցում է հավատքով ու լռությամբ»[2]։

Ըստ Հռոմեական Պատարագամատույցի Ընդհանուր Ներածության, «Պատարագի բոլոր մասերը, որ կատարվում են հանուն Քրիստոսի, իրենց բնույթի պատճառով՝ պետք է հստակ ու բարձրաձայն արտասանվեն և ուշադրությամբ լսվեն: Հետևաբար, այն ժամանակ, երբ քահանան դրանք արտասանում է, չպետք է կարդացվեն ա՛յլ աղոթքներ կամ կատարվեն երգեր, ինչպես նաև՝ չպետք է նվագվի երգեհոն կամ ա՛յլ երաժշտական ​​գործիքներ»[3]:

Շատերը հարցնում են, թե կոնկրետ ո՛ր պահին են հացն ու գինին դառնում Քրիստոսի Մարմինն ու Արյունը: Այս կետում կա երկու ավանդույթ, և Եկեղեցին թույլ է տալիս կաթոլիկներին ընդունել դրանցից որևէ մեկը: Եկեղեցու Արևելյան ծեսերում հատուկ ուշադրություն է դարձվում Վերակոչմանը՝ Էպիկլեսիսին, այսինքն՝ Սուրբ Հոգուն ուղղված աղերսանքին՝ իջնելու և ընծաները դարձնելու Քրիստոսի Մարմինն ու Արյունը, առանց փոխակերպման կոնկրետ պահը նշելու: Արևմտյան (Հռոմեական) ծեսում սովորաբար համարվում է, որ դա տեղի է ունենում Խորհրդի հաստատման խոսքերի ժամանակ, երբ քահանան իր ձեռքերում պահում է հացն ու բաժակը, և ասում է. «Սա իմ մարմինն է», «Սա իմ արյունն է»։ Սակայն Եկեղեցին չի որոշում, թե ե՛րբ է Ամենասուրբ Հաղորդությունը փոխակերպվում, այսինքն՝ թե կոնկրետ ո՛ր պահին է կատարվում գոյացափոխությունը, ուստի յուրաքանչյուր Ծես պահպանում է իր սեփական ավանդույթը:

[1] «The Liturgy of the Eucharist».
[2] Կոնդակ «Եկեղեցին Հաղորդության մասին», 28.
[3] Հռոմեական Պատարագամատույցի Ընդհանուր Ներածություն, 32.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։