16) Ինչպիսի՞ հաց և գինի կարելի է գործածել Պատարագի ժամանակ – Գրադարան – Mashtoz.org

16) Ինչպիսի՞ հաց և գինի կարելի է գործածել Պատարագի ժամանակ

Քրիստոսը ցանկանում է, որ բոլոր մարդիկ կարողանան ստանալ Իր շնորհը Եկեղեցու ծիսակատարությունների միջոցով: Բայց խնդիրն առաջանում է, երբ մարդիկ ֆիզիկական արգելքներ ունեն, որոնք խանգարում են ընդունել խորհուրդները, այդ թվում՝ Ամենասուրբ Հաղորդությունը: Օրինակ, որոշակի առողջական խնդիրներ ունեցող մարդիկ վտանգի են ենթարկում իրենց աղիքները, եթե ուտում են սնձան (գլյուտեն), որը ցորենի (ինչպես նաև գարու և տարեկանի) սպիտակուց է, որը վերամշակված հացահատիկները փխրուն է դարձնում: Նմանապես, ոգելից խմիչքներից մոլի կախվածություն ունեցողները, ովքեր նույնիսկ փոքր քանակությամբ գինի խմելու դեպքում ենթարկվում են ''թուլանալու'' վտանգին և վերադառնալու իրենց նախկին կախվածությանը: Արդյո՞ք Եկեղեցին պետք է Հաղորդության համար առաջարկի սնձան չպարունակող հաց և ոչ-ալկոհոլային գինի:

Համաձայն Կանոնական Իրավունքի Օրենսգրքի, «Ամենասուրբ Հաղորդության զոհաբերությունը պետք է կատարվի հացի և գինու ընծայմամբ [...] ։ Հացը պետք է լինի մաքուր ցորենի և թարմ թխած, որպեսզի փչանալու վտանգ չլինի։ Գինին պետք է լինի բնական, խաղողի, ո՛չ քացխած»։ Հռոմեական Պատարագամատույցի Ընդհանուր Ներածությունը մանրամասնորեն բացատրում է Պատարագի ժամանակ գործածվող գինու տեսակը: Այն ասում է. «Հաղորդության համար նախատեսված գինին պետք է լինի խաղողի գինի (հմմտ. Ղկս 22, 18), բնական և մաքուր, այսինքն՝ առանց օտար խառնուրդների»[1]։ Դա նշանակում է, որ գինին պետք է գնվի այնպիսի արտադրողներից կամ վաճառողներից, ովքեր փորձ ունեն Պատարագի ժամանակ գործածվող գինու վաճառքի մեջ, քանի որ խանութից գնված սովորական գինին կարող է օտար նյութեր պարունակել, որոնք այն դարձնում են ո՛չ պիտանի Հաղորդության համար:

Այսպիսով, ի՞նչ կարելի է անել այն հիվանդություններով տառապող մարդկանց դեպքում, ում արգելված է սնձանը, կամ ալկոհոլային կախվածության դեմ պայքարող մարդկանց դեպքում, լինեն նրանք աշխարհականներ, թե հոգևորականներ: 1994 թվականին Հավատքի Վարդապետության Ժողովը թողարկեց մի փաստաթուղթ. «Ցածր քանակի սնձան պարունակող հաց գործածելու նորմերը և մաճառը» վերնագրով։ Փաստաթղթում ասվում է. «Ցածր քանակի սնձան պարունակող հացն ընդունելի է այն պայմանով, որ այն պարունակի բավարար սնձան՝ առանց օտար նյութերի ավելացման հացի բլիթներ պատրաստելու համար, և որ նման հացեր պատրաստելու կարգը չփոխի հացի բնույթը»: Ինչ վերաբերվում է գինուն, ապա կանոնները նշում են, որ քահանան, եպիսկոպոսի թույլտվությամբ, կարող է սովորական գինու փոխարեն օգտագործել մաճառ: Մաճառը «խաղողի թարմ հյութն է կամ հյութ, որ պահպանվում է դրա խմորումը դադարեցնելով (սառեցնելով կամ ա՛յլ եղանակներով, որոնք չեն փոխում դրա բնույթը)»: Դա «խաղողի հյութ» չէ, այլ՝ գինի, որի խմորումը դադարեցվել է՝ կտրուկ նվազեցնելով ալկոհոլի պարունակությունը։

Բացի այդ, մարդիկ, ովքեր և՛ անհանդուրժողությամբ են տառապում (ալերգիկ են) ցորենի նկատմամբ, և՛ ի վիճակի չեն ոգելից խմիչքներ խմել, միշտ կարող են Հոգևոր Հաղորդության աղոթք կատարել: Սբ. Թովմա Աքուինացին պաշտպանում էր այս պրակտիկան, և Տրիդենտյան Ժողովը հավանություն է տվել դրան[2]: Իսկ մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել Ամենասուրբ Հաղորդության մասերից միայն մեկը, կարող են Հաղորդությունը ստանալ կա՛մ հացի, կա՛մ գինու միջոցով: Այսինքն, եթե տվյալ անձը չի կարող հացը գործածել, կարող է միայն գինին խմել, կամ եթե չի կարող գինին գործածել, կարող է միայն հացից ճաշակել։ Դա հնարավոր է, քանի որ նվիրաբերված հացը և նվիրաբերված գինին լիովին դառնում են Քրիստոսի ամբողջ Անձը` մարմինը, արյունը, հոգին և աստվածությունը:

Ի վերջո, 1439 թվականին Ֆերրարա-Ֆլորենցիայի Ժողովը հայտարարել է, որ Քրիստոսի Մարմինն իսկապես (vere conficitur) կա և՛ բաղարջ, և՛ խմորված ցորենի հացի մեջ, և քահանաները կարող են Խորհուրդը կատարել դրանցից յուրաքանչյուրի գործածմամբ՝ յուրաքանչյուրը Արևմտյան և Արևելյան Եկեղեցիների ավանդույթների համաձայն[3]։ Արևմուտքում ընդունված է գործածել կլոր տափակացված, արևանման բաղարջ հաց, քանի որ դա այն է, ինչ Հիսուսն Ինքը գործածել է (և հրեաները դեռ գործածում են) Պասեքի ժամանակ։ Հայ Եկեղեցում գործածվում է նույն ձևի նշխար: Բյուզանդական Ծեսի Եկեղեցիներում ընդունված է գործածել փխրուն թթխմորով հաց, քանի որ այն խորհրդանշում է հոգու կյանքը, որ խմորված է Հաղորդության միջոցով: Երկուսն էլ Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցու կողմից ընդունված և թույլատրված են՝ յուրաքանչյուրն իր համապատասխան Ծեսի շրջանակներում:

[1] Հռոմեական Պատարագամատույցի Ընդհանուր Ներածություն, 322.
[2] Summa Theologiae, III, 80, 2; Documents of the Council of Trent, Session XIII, cap. 8.
[3] Ֆերրարա-Ֆլորենցիայի Ժողովի փաստաթղթեր, նիստ VI.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։