18) Ի՞նչ է նշնակում «Երկրպագություն Ամենասուրբ Ընծաներին» – Գրադարան – Mashtoz.org

18) Ի՞նչ է նշնակում «Երկրպագություն Ամենասուրբ Ընծաներին»

Ամենասուրբ Ընծաների Պաշտամունքը (կամ Երկրպագությունը) Աստծուն երկրպագելու պրակտիկա է, որ կատարվում է Հացի և Գինու քողի տակ ներկայացող Ամենասուրբ Հաղորդության խորհրդի մեջ: Այս պրակտիկան հայտնի չէր վաղ շրջանի Եկեղեցում, թեև, ինչպես տեսանք, այն ժամանակ էլ անսասան կերպով հավատում էին Քրիստոսի իրական ներկայությանը Ամենասուրբ Հաղորդության մեջ: Հաղորդության երկրպագության առաջին գրանցված դեպքը տեղի է ունեցել 1226 թվականի Սեպտեմբերի 11-ին, երբ «Լյուդովիկոս Յոթերորդի ցանկության համաձայն, ով նոր էր հաղթել ալբիական հերետիկոսներին, քողածածկ Ամենասուրբ Հաղորդությունը հանդիսավոր կերպով ի ցույց դրվեց Սուրբ Խաչ եկեղեցում՝ ի նշան երախտագիտության։ Երկրպագողների ամբոխն այնքան մեծ էր, որ եպիսկոպոս Փիեր դը Քորբին նպատակահարմար գտավ շարունակել պաշտամունքը թե՛ ցերեկվա և թե՛ գիշերվա ընթացքում, և այս առաջարկը հետագայում հաստատվեց Սուրբ Աթոռի կողմից»[1]:

Ամենասուրբ Ընծաների Պաշտամունքը կարող է տեղի ունենալ, երբ Ամենասուրբ Հաղորդությունը խորանի վրա ի ցույց է դրվում վայելուչ ճաճանչի մեջ, որ կոչվում է Ընծայակիր, կամ երբ չի ցուցադրվում, այլ՝ գտնվում է Տապանակի մեջ։ Դա մեր միտքն ուղղում է Ուխտի Խորանին՝ Հին Կտակարանի այն վրանին, որ ծառայում էր որպես Ուխտի Տապանակի պահոց՝ Աստծո ներկայության հատուկ նշանն Իր ժողովրդի հետ: Այսպիսով, տեղին է, որ Ամենասուրբ Հաղորդությանը տրվի իր սեփական «վրանը» Տապանակի տեսքով:

Համաձայն Կանոնական Իրավունքի Օրենսգրքի. «Ամենասուրբ Հաղորդությունը եկեղեցու կամ մատուռի մեջ միշտ պետք է պահպանվի միայն մեկ Տապանակում: Տապանակը, որի մեջ պահվում է Ամենասուրբ Հաղորդությունը, պետք է տեղադրվի եկեղեցու կամ մատուռի մի հատուկ մասում, որ լինի արժանավոր, նկատելի, զարդարված և աղոթքի համար հարմար վայր»[2]։

Կանոնական Իրավունքի Օրենսգիրքը նաև նշում է. «Տապանակի առջև, ուր պահվում է Ամենասուրբ Հաղորդությունը, պետք է մշտապես վառվի մի հատուկ ճրագ, որը խորհրդանշում և պատվում է Քրիստոսի ներկայությունը»[3]։ Հռոմեական Պատարագամատույցի Ընդհանուր Ներածության համաձայն, այդ ճրագը պետք է «անդադար վառվի՝ սնվելով յուղով կամ մոմով, որով մատնանշվում է Քրիստոսի ներկայությունը և պատիվ է տրվում Նրան»[4]։ Դա նշանակում է, որ այդ ճրագը, որպես կանոն, չպետք է էլեկտրական լինի, թեև նման սարքերն արգելված չեն։ Ավանդաբար գործածվում է կարմիր ապակիով պատված ճրագ, սակայն չկան օրենքներ կամ կանոններ, որոնք պահանջում են, որ այն որոշակի գույնի լինի:

Երկրպագության ժամանակ հավատացյալները կարող են սրտաբուխ աղոթքներ կամ նախապես գրված պաշտոնական աղոթքներ կատարել, կամ նաև Վարդարան աղոթել: Այնուամենայնիվ, Ամենասուրբ Հաղորդությունը չի կարող ի ցույց դրվել բացառապես պաշտոնական աղոթքի նպատակով: «Notitiae» ամսագիրը՝ Աստվածային Պաշտամունքի և Խորհուրդների կանոնակարգման Ժողովի պաշտոնական հրատարակությունը, իր 1998 թվականի համարում ասում է. «Հաղորդությունը չպետք է ի ցույց դրվի միայն Վարդարան աղոթելու համար: Սակայն, պաշտամունքի ժամանակ գործածվող աղոթքների շարքում, անշուշտ, կարող է լինել նաև Վարդարանի աղոթքը, շեշտը դնելով քրիստոսաբանական տեսանկյունների վրա, աղոթքն ուղեկցելով աստվածաշնչյան ընթերցումներով, որոնք վերաբերվում են խորհրդածվող խորհուրդներին, և բավական ժամանակ հատկացնելով լուռ երկրպագության և դրանց մասին խորհրդածելու համար»:

Երբ Ամենասուրբ Հաղորդությունն ի ցույց է դրվում ավելի երկար ժամանակ, դա կոչվում է Տևական Երկրպագություն: Բայց դա պետք է արվի միայն այն դեպքում, երբ կա ողջամիտ վստահություն, որ ինչ-որ մեկը միշտ կկարողանա երկրպագել Ամենասուրբ Ընծաների առաջ և դրանք չեն թողնվի առանց ուշադրության: «Փրկության Խորհուրդը» («Redemptionis Sacramentum») փաստաթղթում ասվում է, որ «Ամենասուրբ Խորհուրդը, երբ ի ցույց է դրվում, երբեք չպետք է մնա առանց ուշադրության, նույնիսկ ամենակարճ ժամանակահատվածի համար: Ուստի անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ հավատացյալներից գոնե մի քանիսը միշտ ներկա լինեն որոշակի ժամանակ, նույնիսկ եթե նրանք փոխարինում են միմյանց»[5]:

[1] Կաթոլիկ Հանրագիտարան, հտր. 3.
[2] ԿԻՕ 938․
[3] ԿԻՕ 940.
[4] Հռոմեական Պատարագամատույցի Ընդհանուր Ներածություն, 316.
[5] Redemptionis Sacramentum, 138.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։