14) Ինչպե՞ս վարվել այն Մարմնի և Արյան հետ, որ չի գործածվել: Եվ ի՞նչ անել, եթե Մարմինը և Արյունը տարբեր պատճառներով թափվել են: – Գրադարան – Mashtoz.org

14) Ինչպե՞ս վարվել այն Մարմնի և Արյան հետ, որ չի գործածվել: Եվ ի՞նչ անել, եթե Մարմինը և Արյունը տարբեր պատճառներով թափվել են:

Ինչպես որ երբեք չպետք է իզուր արտաբերենք Տիրոջ Անունը, այնպես էլ չպետք է անլուրջ վերաբերվենք հենց Իրեն, երբ Նա մեր հետ ներկա է Հաղորդության խորհրդի մեջ: Ահա՛ թե ինչո՛ւ Պատարագից հետո հարկավոր է հատուկ խնամքով վերաբերվել Սուրբ Մարմնի և Թանկարժեք Արյան մնացած մասերին։

Կանոնական Իրավունքի Օրենսգրքում ասվում է. «Ով դեն է նետում Սուրբ Ընծաները, կամ գողանում կամ թաքցնում է դրանք սրբապղծության նպատակով, ենթակա է բանադրանքի՝ Առաքելական Աթոռի կողմից վերապահված նախադատական ​​որոշմամբ. եթե այդ անձը եկեղեցական է, բացի այդ, կարող է ենթարկվել ա՛յլ պատժի ևս, չբացառելով քահանայական կարգավիճակից զրկումը»[1]։ Սակայն պետք է հիշել, որ եթե տվյալ մարդը չգիտի, որ դա սխալ է, նա պատասխանատվություն չի կրի իր արարքների համար, և հետևաբար՝ ինքնաբերաբար չի բանադրվի և չի հեռացվի Եկեղեցուց:

Այս օրենքը լիովին հասկանալու համար պետք է սահմանենք, թե ի՛նչ է նշանակում «դեն նետել» նվիրաբերված Հացն ու Գինին։ Մարդկանց մեծամասնությունը (բայց, ցավոք, ո՛չ բոլորը) հասկանում է, որ Քրիստոսի Մարմինն ու Արյունը չպետք է գցվեն աղբամանը կամ թափվեն կոյուղու մեջ: Դա կլինի խիստ անհարգալից, ուղղակի սրբապիղծ վերաբերմունք Քրիստոսի Մարմնի և Արյան հանդեպ: Բայց ոմանք թյուրիմացաբար կարծում են, թե նվիրագործված Հացն ու Գինին սպառելու օրինական ա՛յլ ուղիներ էլ կան։

Օրինակ, ոմանք կարծում են, թե թույլատրելի է Ամենասուրբ Հաղորդությունը հողի մեջ թաղելը կամ Թանկարժեք Արյունը ավանդատանը, եկեղեցու հատուկ լվացարանում կամ մկրտության ավազանում թափելը, որտեղից չի գնում դեպի կոյուղի, այլ՝ հոսում է գետնին: «Փրկագործության Խորհուրդը» փաստաթղթում հստակ նշվում է, որ յուրաքանչյուր ոք, ով «սրբազան ընծաները թափում է ավանդատան լվացարանի կամ մկրտության ավազանի մեջ, կամ անարժան մի ա՛յլ վայր, կամ հողի մեջ, պետք է կրի սահմանված պատիժը [ներառյալ մինչև իսկ Եկեղեցուց հեռացումը]»[2]:

Ուրեմն ի՞նչ անել սրբագործված ընծաների հետ, եթե դրանք ավելացել են: «Փրկագործության Խորհուրդը» փաստաթուղթը շարունակում է. «Քրիստոսի մնացած ամբողջ Արյունը պետք է ամբողջությամբ և անհապաղ խմվի քահանայի կամ ա՛յլ սպասավորի կողմից՝ համաձայն կանոնների, իսկ մնացած սրբագործված Հացը զոհասեղանի առաջ պետք է ուտի քահանան, կամ տեղափոխվի Հաղորդության պահպանման վայրը [այսինքն՝ Տապանակի մեջ դրվի]»։

Ինչ վերաբերվում է այն դեպքերին, երբ ինչ-որ մեկը պատահաբար Թանկարժեք Արյունը թափում է գետնին կամ խորանին, օրինակ՝ ծիսակատարության ժամանակ սայթաքելու պատճառով, Հռոմեական Պատարագամատույցի Ընդհանուր Ներածության մեջ ասվում է, որ իսկույն «հարկավոր է ջրով լվանալ այն տեղը, որտեղ այն թափվել է», իսկ այդ ջուրը պետք է թափվի մաքուր հողի վրա[3]: Սա չի հակասում Թանկարժեք Արյունը ավանդատան լվացարանի կամ մկրտության ավազանի մեջ չլցնելու նախորդ հրահանգին, քանի որ հենց որ այն բավականաչափ խառնվում է ջրի հետ, գինու ձևը դադարում է գոյություն ունենալ, և դրա հետ մեկտեղ անհետանում է նաև այդ տեսքով առկա Թանկարժեք Արյունը։ Այն տարրերը, որոնք նախապես Թանկարժեք Արյունն էին կազմում, կարող են լցվել մաքուր հողի վրա, ճիշտ այնպես, ինչպես բաժակներում և Պատարագի ա՛յլ անոթներում գտնված տարրերը լվացվում են այդպես:

Նույն կանոնը վերաբերվում է նաև այնպիսի հազվադեպ, բայց հնարավոր դեպքերի, երբ մասամբ ծամված կամ արդեն կուլ տրված Հացը դուրս է փսխվում (օրինակ, երեխայի կամ տարեց հիվանդի կողմից) և ընկնում է գետնին։ Նման դեպքում ևս, Հացի մնացորդները պետք է հավաքվեն, այնուհետև լուծվեն ջրով լի բաժակի մեջ, իսկ տեղը պետք է ջրով լվացվի։ Հացը ջրի մեջ լուծվելուց հետո (այդպիսով դադարում է Մարմինը լինելուց), և՛ այդ, և՛ լվացման ջուրը կարող են թափվել մաքուր հողի վրա: Նույնիսկ եթե դա տեղի է ունեցել եկեղեցուց հեռու, միևնույն է, պետք է այդպես արվի, քանի որ Քրիստոսի Մարմինը արժանի չէ հարգանքի պակասի:

Ուշագրավ առաջարկ է ներկայացնում նաև Սբ. Թովմա Աքուինացին այնպիսի դեպքերի համար, եթե մի միջատ է ընկնում սկիհի մեջ. «Եթե մի ճանճ կամ մի սարդ սրբագործումից առաջ ընկնի բաժակի մեջ, [...] ապա լցված գինին պետք է թափվի և բաժակը մաքրելուց հետո՝ նվիրագործման համար նոր գինի լցվի։ Իսկ եթե ​​սրբագործումից հետո հայտնաբերվի վերը նշվածներից որևէ մեկը, ապա պետք է արվի հետևյալը. միջատը պետք է զգուշորեն դուրս հանվի և լվացվի, ապա այրվի», իսկ մոխիրը մաքուր հողի մեջ խառնվի[4]։

[1] ԿԻՕ 1367.
[2] Փրկագործության Խորհուրդը, 107.
[3] Հռոմեական Պատարագամատույցի Ընդհանուր Ներածություն, 280.
[4] Սբ. Թովմա Աքուինացի, Համառոտություն աստվածաբանության, 1, 83, 6.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։