4) Եթե Քրիստոսի Մարմինն ու Արյունը ֆիզիկապես ներկա են Հաղորդության մեջ, դա չի՞ նշանակում, որ կաթոլիկներն ու ուղղափառները մարդակերներ են – Գրադարան – Mashtoz.org

4) Եթե Քրիստոսի Մարմինն ու Արյունը ֆիզիկապես ներկա են Հաղորդության մեջ, դա չի՞ նշանակում, որ կաթոլիկներն ու ուղղափառները մարդակերներ են

Ընդհանուր առմամբ, սա շա՜տ հին մեղադրանք է քրիստոնյաների դեմ, որ հասնում է վաղ շրջանի Եկեղեցու հեթանոս քննադատներին: Երրորդ դարում, Որոգինեսը մեղադրում էր հեթանոս քննադատ Կելսիուսին այն բանի համար, որ նա իրեն «հրեաների պես էր պահում, որոնք, երբ քրիստոնեությունը սկսեց քարոզվել, սուտ վկայություններ էին տարածում Ավետարանի մասին, օրինակ, որ քրիստոնյաները մանկական զոհաբերություններ են անում և ուտում են նրանց մարմինը»[1]: Երկրորդ դարում Սուրբ Հուստինոսն էր պատասխանում հրեա քննադատներին, ովքեր մեղադրում էին քրիստոնյաներին «ժողովրդի մեջ տարածվող ստոր գործերի մեջ, ինչպիսիք են՝ ճրագները հանգցնելը, միմյանց հետ սեռային կապը և մարդկային միս ուտելը»[2]։

Անկախ այն բանից, թե որտեղից է առաջացել մարդակերության մեղադրանքը, այն կեղծ է, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա։ Պարզապես այն պատճառով, որ հացի և գինու կերպարանքի ներքո Քրիստոսի Մարմնի և Արյան ճաշակումը չի մտնում մարդակերության սահմանման տակ: Մերրիամ-Վեբսթերը[3] մարդակերությունը սահմանում է որպես «մարդկային մարմնի ուտելը՝ սովորաբար ծիսական նպատակներով»[4], բայց կան մի քանի կարևոր կետեր, որոնք ցույց են տալիս, որ կաթոլիկները (և ուղղափառ քրիստոնյաները) մարդակերներ չեն: Նախ, մարդակերներն ուտում են սովորական մարդկային մարմնի նյութը մսի տեսքով: Կաթոլիկները հացի և գինու կերպարանքի տակ գործածում են Քրիստոսի փառավորված մարդկային Մարմինը: Երկրորդ, մարդակերության զոհերը սովորաբար սպանվում են, ապա ուտում են նրանց միայն այն մասերը, որոնք հագեցածություն են ապահովում։ Հոգին սննդի մեջ չի գործածվում (որովհետև այն աննյութական է և մահվան պահին անջատվում է մարմնից), իսկ մարմնի ո՛չ ուտելի մասերը դեն են գցվում։ Բայց նրանք, ովքեր ստանում են Ամենասուրբ Հաղորդությունը, չեն սպանում Քրիստոսին, և Քրիստոսի Անձը չի գործածվում սոսկ մասամբ, ինչպես դա տեղի է ունենում մարդակերության զոհերի դեպքում: Ընդհակառակը, հաղորդվողներն ընդունում են Քրիստոսի Անձն ամբողջությամբ՝ Նրա Մարմինը, Արյունը, Հոգին և Աստվածությունը, և, ի տարբերություն մարդակերության ժամանակավոր հագեցվածության, Ամենասուրբ Հաղորդությունը հոգևոր սնունդ է տալիս հաղորդվողներին՝ տանելով դեպի հավիտենական կյանք։

Մեկ ա՛յլ կարևոր կետն այն է, որ Ամենասուրբ Հաղորդության սոսկ խորհրդաբանական մեկնաբանությունը չի կարող օգնել խուսափելու նման մեղադրանքից: Նույնիսկ եթե Հիսուսը ֆիզիկապես ներկա չլիներ Հաղորդության ժամանակ, այն փաստը, որ Հաղորդությունը խորհրդաբանորեն ներկայացնում է Նրա Մարմինն ու Արյունը, կնշանակի, որ բողոքականները մասնակցում են խորհրդաբանական մարդակերության: Բայց Քրիստոսը երբեք չէր պատվիրի Իր հետևորդներին խորհրդաբանորեն մասնակցել այնպիսի չար գործի, ինչպիսին բռնությունը կամ սպանությունն է: Պարզ ճշմարտությունն այն է, որ Քրիստոսը մեզ չի պատվիրել մարդակեր լինել՝ ո՛չ բառացի, ո՛չ էլ խորհրդաբանական իմաստով: Փոխարենը Նա հրահանգել է, որ Իրեն մարմնապես ընդունեն որպես նոր Զատկական Գառ:

Վերջապես, քանի որ Քրիստոսը ճշմարիտ Աստված և ճշմարիտ մարդ է, մենք Նրան չենք վերաբերվում որպես սովորական մարդու: Մարդուն երկրպագելը, օրինակ, պետք է կռապաշտություն համարվի, բայց եթե այդ մարդը միաժամանակ նաև Աստված է, ինչպես Հիսուս Քրիստոսի դեպքում է, ապա դա կռապաշտություն չէ: Նմանապես, մարդուն ուտելը պետք է մարդակերություն համարվի, բայց եթե այդ մարդը միաժամանակ նաև Աստված է, և Նա Ինքը հրաշքով է տալիս Իր Մարմինը մեր հոգևոր օգուտի համար, ապա Նրան ուտելը մարդակերություն չէ: Փաստացի, մեղք կլինի չհնազանդվելն Աստծո ուղղակի հրամանին՝ ուտելու Իր Մարմինն ու Արյունը, որպեսզի մենք կյանք ունենանք Իր մեջ:

[1] Որոգինես, Ընդդեմ Կելսիուսի, 6, 27.
[2] Սբ. Հուստինոս, Առաջին ջատագովություն, 26.
[3] Ամերիկյան հրատարակչատուն, որ մասնագիտացած է բառարանների հրատարակման մեջ։
[4] Բնօրինակն առցանց. http://www.merriam-webster.com/dictionary/cannibalism .
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։