Հավելված 1. - Ի՞նչ է ուսուցանում Ամենասուրբ Հաղորդության մասին Հայ Ծեսի Սուրբ Պատարագի տեքստը – Գրադարան – Mashtoz.org

Հավելված 1. - Ի՞նչ է ուսուցանում Ամենասուրբ Հաղորդության մասին Հայ Ծեսի Սուրբ Պատարագի տեքստը

Հայ Ծեսի Սուրբ Պատարագի տեքստը լավագույնս արտահայտում է Հայ Եկեղեցու ավանդական անխախտ հավատքը Ամենասուրբ Հաղորդության խորհրդի մեջ Քրիստոսի իրական ներկայության հանդեպ։ Ահա՛ մի քանի մեջբերում Հայածես Սուրբ Պատարագի աղոթքներից.

– « [...] որ միակդ ես Սուրբ և Սրբերի մեջ բնակված. աղաչում եմ Քեզ, միակ Բարերար և [աղոթքները] հեշտությամբ Լսող, հայացքդ ուղղիր իմ՝ Քո մեղանչած ու անպիտան ծառայի վրա, և սրբիր իմ հոգին և իմ միտքը չարի բոլոր պղծություններից. և Սուրբ Հոգուդ զորությամբ կարող դարձրու ինձ, որ օժտված եմ քահանայական շնորհով, կանգնելու այս Սուրբ Սեղանի առաջ և քահանայագործելու Քո անարատ Մարմինդ և պատվական Արյունդ [...] »։

– « [...] աղերսում եմ, Երեսդ մի՛ դարձրու ինձնից և մի՛ հեռացրու ինձ Քո ծառաների կարգից, այլ՝ արժանացրու մատուցել Քեզ այս ընծաները իմ՝ Քո մեղանչած և անարաժան ծառայիդ ձեռքով, քանի որ Դո՛ւ ես, որ մատուցում ես և մատուցվում ես, և ընդունում ես և տալիս ես, Քրիստոս Աստված մեր, և Քեզ փա՜ռք ենք մատուցում [...] »։

– « [...] Դու, Տեր, Ում մատուցում ենք այս Պատարագը, ընդունիր մեզնից այս Ընծաները և ամբողջացրու սա Միածնիդ Մարմնի և Արյան խորհրդականությամբ. ճաշակողներիս որպես մեղքերի թողության դեղ պարգևիր այս Հացն ու Գավաթը [...] »։

– « [...] Պատարագվում է Քրիստոսը՝ Աստծո Գառը [...] »։

– « [...] Եվ արդ մենք, Տեր, այդ պատվիրանի համաձայն կատարելով Քո Միածնի մարմնի և արյան փրկական խորհուրդը, հիշում ենք մեր համար եղած Նրա փրկագործ չարչարանքները, կենսատու խաչելությունը, երեքօրյա թաղումը, երանելի հարությունը, աստվածապես համբարձումը, Քո աջ կողմում բազմելը, ո՜վ Հայր, ահավոր ու փառավորյալ Նրա մյուս անգամ Գալուստը դավանում և օրհնում ենք [...] »։

– « [...] Քո բազմազեղ ներողությանդ լիովին ապավինելով է, որ համարձակվում ենք մերձենալ մարմնի և արյան սպասավորությանը Քո Միածնի՝ մեր Տերդ և Փրկիչդ Հիսուս Քրիստոսի [...] »։

– « [...] Երկրպագում ենք և աղաչում և խնդրում Քեզնից, բարերար Աստված. առաքիր մեր մեջ և առաջադրված այս ընծաների մեջ՝ Քո մշտնջենավորակից և էակից Սուրբ Հոգիդ. Որով հացն այս օրհնելով՝ ճշմարտապես մարմինը դարձրու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի. Եվ բաժակն այս օրհնելով՝ ստուգապես արյունը դարձրու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի. Որով այս հացն ու գինին օրհնելով՝ ճշմարտապես մարմինն ու արյունը դարձրու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, փոխարկելով Քո Սուրբ Հոգով. Որպեսզի լինի սա մեր՝ բոլոր մոտեցողներիս անդատապարտության, մեղքերի քավության ու թողության համար [...] »։

– « [...] զտելով մեր մտածումները՝ մեզ տաճար դարձրու՝ ընդունելու մեր մեջ Մարմինն ու Արյունը Քո Միածնի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որի հետ Քեզ՝ ամենակալ Հորդ, կենդանարար և ազատիչ Սուրբ Հոգուդ հետ միասին, վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ [...] »։

– « [...] Սո՜ւրբ, սո՜ւրբ, պատվակա՜ն Մարմնից ու Արյունից մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, ճաշակենք սրբությամբ, որ երկնքից իջած՝ բաշխվում է մեր մեջ: Սա կյա՜նք է, հո՜ւյս, հարությո՜ւն, մեղքերի քավությո՜ւն և թողությո՜ւն [...] »։

– [Հաղորդվելուց առաջ, քահանան սևեռուն հայացքով նայում է Սուրբ Նշխարին և ասում է.] « [...] Դավանում եմ և հավատում, որ Դու ես Քրիստոսը՝ Աստծո Որդին, որ Քո վրա վերցնելով՝ ջնջեցիր աշխարհի մեղքերը [...] »։

– « [...] Մի՛ նայիր իմ անարժանությանը և մի՛ դադարեցրու Սուրբ Հոգուդ շնորհների հեղումը: Այլ Քո անբավ մարդասիրությանդ համաձայն՝ պարգևիր սա որպես մեղքերը քավող, հանցանքները ջնջող [զոհ], ինչպես խոստացավ և ասաց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, թե. «Ով ուտում է իմ Մարմինը և ըմպում է իմ Արյունը, կապրի հավիտյան» [...] »։

– « [...] Գոհություն եմ հայտնում Քեզ, Քրիստոս Թագավոր, որ ինձ՝ անարժանիս արժանացրեցիր հաղորդվել Քո Սուրբ Մարմնին և Արյանը [...] »։

– « [...] Միշտ իմ հետ եղիր Քո անսուտ խոստման համաձայն, թե. «Ով ուտում է իմ Մարմինը և ըմպում է իմ Արյունը, նա Իմ մեջ կբնակվի, իսկ Ես՝ նրա»: Դո՛ւ ասացիր, Մարդասե՜ր. իրագործիր Քո աստվածային անխախտելի ու անջնջելի հրամանների խոսքերը: Քանի որ Դու Աստվածն ես ողորմության և գթության և մարդասիրության, և պարգևիչն ես բոլոր բարիքների [...] »։

– [Մինչ հաղորդվում է, քահանան ասում է.] « [...] Քո անապական Մարմինը թող որ կյանքի աղբյուր լինի իմ համար: Եվ Քո Սուրբ Արյունը թող որ մեղքերի քավություն և թողություն պարգևի ինձ [...] »։

– [Հավատացյալները, մոտենալով՝ ստանալու Ամենասուրբ Հաղորդությունը, դավանում են.] « [...] Դավանում ենք և հավատում, որ սա ճշմարիտ Մարմինն ու Արյունն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ Իր վրա վերցնելով՝ ջնջում է աշխարհի մեղքերը [...] »։

– [Քահանան, մինչ Ամենասուրբ Հաղորդությունը տալիս է հավատացյալներին, ասում է.] « [...] Մարմինն ու Արյունը Քրիստոսի՝ Աստծո Որդու, թող որ մեղքերի քավություն և թողություն պարգևի քեզ [...] »։

– [Հաղորդվելուց հետո, հավատացյալները միասին հռչակում են.] « [...] Ամեն: Մեր Աստվածը և մեր Տերը երևաց մեզ: Օրհնյա՜լ է Նա, Ով եկավ Տիրոջ անունով [...] »։

– « [...] Գոհություն ենք հայտնում Քեզ, Քրիստոս թագավոր, որ կենդանություն պարգևեցիր մեզ Քո կենարար Մարմնով և սուրբ Արյունով: Շնորհիր քավություն և մե՜ծ ողորմությունդ: Ալելուիա [...] »։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։