20) Ինչպե՞ս կարող եմ առավել խորը ակնածանք զարգացնել հոգուս մեջ Ամենասուրբ Հաղորդության հանդեպ – Գրադարան – Mashtoz.org

20) Ինչպե՞ս կարող եմ առավել խորը ակնածանք զարգացնել հոգուս մեջ Ամենասուրբ Հաղորդության հանդեպ

Ամենասուրբ Հաղորդության հանդեպ առավել խորը ակնածանք զարգացնելու ամենադյուրին ճանապարհն ամեն օր Պատարագին մասնակցելն է՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը կանոնավոր կերպով ստանալու հնարավորության համար: Կարող եք նաև աղոթական ժամանակ անցկացնել Ամենասուրբ Հաղորդության առաջ, որտեղ դա հնարավոր է (հետաքրքրվելով և գտնելով Ձեր մոտակայքում գտնվող կաթոլիկ մի եկեղեցի, ուր Ամենասուրբ Հաղորդությունը պահելու համար նախատեսված Տապանակ կա):

Կարող եք նաև կարդալ աստվածաբանական և եկեղեցական գրություններ Ամենասուրբ Հաղորդության մասին[1], կամ պապական վավերագրեր, ինչպիսին է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի «Եկեղեցին Ամենասուրբ Հաղորդության մասին» Կոնդակը։ Վերջապես, երբ մասնակցում եք Պատարագին, կարող եք կատարել հետևյալ աղոթքը, որ վերագրվում է Սուրբ Հայր (Պադռե) Պիոյին, ով այն ասել է Քրիստոսին Հաղորդության մեջ ընդունելուց հետո.

 

Եղի՜ր իմ հետ, ո՜վ Տեր, որովհետև ես Քո ներկայության կարիքն ունեմ, որպեսզի չմոռանամ Քեզ: Դու գիտես, թե որքա՜ն հեշտ է իմ համար հեռանալը Քեզնից:
Եղի՜ր իմ հետ, ո՜վ Տեր, որովհետև ես թույլ եմ և կարիքն ունեմ Քո ուժերի, որպեսզի իմ անկումներն այդքա՜ն հաճախակի չլինեն:
Եղի՜ր իմ հետ, ո՜վ Տեր, որովհետև Դու ես իմ կյանքը, և առանց Քեզ՝ իմ մեջ եռանդ չկա:
Եղի՜ր իմ հետ, ո՜վ Տեր, որովհետև դու ես իմ լույսը, և առանց Քեզ՝ ես խավարի մեջ եմ:
Եղի՜ր իմ հետ, ո՜վ Տեր, ցույց տալու համար ինձ Քո կամքը:
Եղի՜ր իմ հետ, ո՜վ Տեր, որպեսզի ես կարողանամ լսել Քո ձայնը և հետևել Քեզ:
Եղի՜ր իմ հետ, ո՜վ Տեր, որովհետև ես ցանկանում եմ Քեզ խորապես սիրել և միշտ Քո մոտ լինել:
Եղի՜ր իմ հետ, ո՜վ Տեր, եթե ուզում ես, որ ես հավատարիմ մնամ Քեզ:
Եղի՜ր իմ հետ, ո՜վ Տեր, որովհետև որքան էլ հոգիս աղքատ լինի, ես ուզում եմ, որ այն լինի Քո համար մխիթարության վայր, սիրո անոթ:
Եղի՜ր իմ հետ, Հիսո՜ւս, որովհետև ժամը ուշ է, և օրը մոտենում է ավարտին, կյանքն անցնում է, և մահը, դատաստանն ու հավերժությունը մոտենում են: Իմ ուժերը պետք է նորոգվեն, որպեսզի ճանապարհին կանգ չառնեմ, և հետևաբար՝ ես Քո կարիքն ունեմ: Ժամը ուշ է, և մահը մոտենում է։ Ես վախենում եմ խավարից, գայթակղություններից, ցամաքությունից, խաչից, վշտերից։ Ա՜հ, որքա՜ն Քո կարիքն ունեմ, իմ Հիսո՜ւս, այս աքսորի գիշերվա մեջ:
Եղի՜ր իմ հետ այսօր, Հիսո՜ւս: Վտանգներով լի կյանքում ես Քո կարիքն ունեմ:
Թո՜ւյլ տուր, որ Քեզ ճանաչեմ հացի բեկման մեջ, ինչպես Քեզ ճանաչեցին Քո աշակերտները, որպեսզի Հաղորդությունը լինի լույս խավարի մեջ, ինձ զորացնող ուժը, իմ սրտի միակ ուրախությունը:
Եղի՜ր իմ հետ, ո՜վ Տեր, որովհետև մահվան ժամին ես կամենում եմ միանալ Քեզ:
Եղի՜ր իմ հետ, Հիսո՜ւս, ես չեմ խնդրում աստվածային մխիթարություն, քանի որ ես արժանի չեմ դրան, այլ՝ Քո ներկայության պարգևը: Օ՜հ, այո՛, դա եմ Քեզնից խնդրում:
Եղի՜ր իմ հետ, ո՜վ Տեր, որովհետև ես փնտրում եմ միայն Քեզ, Քո սերը, Քո շնորհը, Քո կամքը, Քո սիրտը, Քո հոգին, որովհետև ես սիրում եմ Քեզ և ա՛յլ վարձատրություն չեմ խնդրում, բացի Քեզ ավելի ու ավելի սիրելուց:
Ուժեղ սիրով ես կսիրեմ Քեզ իմ ողջ սրտով այստեղ՝ երկրի վրա, և կշարունակեմ սիրել Քեզ կատարյալ սիրով ամբողջ հավերժության ընթացքում:
Ամեն։

[1] Օրինակ, Louis Bouyer, Eucharist: Theology and Spirituality of the Eucharistic Prayer.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։