19) Կա՞ն Ամենասուրբ Հաղորդության հետ կապված հրաշքներ – Գրադարան – Mashtoz.org

19) Կա՞ն Ամենասուրբ Հաղորդության հետ կապված հրաշքներ

Թեև չկան Ամենասուրբ Հաղորդության հրաշքներ, որոնց Եկեղեցին պահանջում է հավատալ որպես մի բանի, որն Հավատքի երաշխիք է, սակայն կան բազմաթիվ վկայություններ հրաշքների մասին, որոնք Եկեղեցին արժանի է համարել հավատալու: Ահա՛ դրանցից ընդամենը մի քանիսը[1]

Լանչանո, Իտալիա, 8-րդ դար։ Պատարագի ընթացքում օրհնված հացն ու գինին իսկական միս ու արյուն են դարձել։ Հացը և արյան մասնիկները պահպանվել են և մինչև այսօր ցուցադրվում են եկեղեցում: 1970-1980-ական թվականներին մի խումբ գիտնականներ հետազոտել են մասունքները և պարզել, որ միսն առաջացել է մարդու սրտից, իսկ արյունը պատկանում է չորրորդ խմբին:

Բոլսենա-Օրվիետո, Իտալիա, 1263թ.։ Պրահացի քահանա Պետրոսը դժվարությամբ էր ընդունում Գոյացափոխության ուսմունքը, բայց մի օր, երբ նա Պատարագ էր մատուցում, օրհնության պահին հացից արյուն սկսեց հոսել։ Հռոմի Պապ Ուրբանոս Չորրորդը հետաքննություն սկսեց այս գործի առնչությամբ և հայտարարեց, որ այն իսկական է: Հետագայում նա հրահանգեց Սբ. Թովմա Աքուինացուն կազմել Պատարագի կարգը և Քրիստոսի Մարմնի տոնի ժամերգությունը, որ նվիրված էր Ամենասուրբ Հաղորդությանը։ Մինչև օրս, Քրիստոսի Մարմնի տոնի ժամանակ, Օրվիետոյի տաճարում ցուցադրվում է այն սկիհը՝ արյունով պատված, որն իր ձեռքում պահել էր Պրահացի Պետրոս քահանան:

Ավինյոն, Ֆրանսիա, 1433թ.։ Մի քանի օր տևած հորդառատ անձրևներից հետո Ավինյոն քաղաքն ամբողջությամբ հեղեղվեց, բացառությամբ այն եկեղեցի տանող ճանապարհի, որտեղ ի ցույց էր դրված Ամենասուրբ Հաղորդությունը՝ անդադար երկրպագության համար: Վանականները, ովքեր տնօրինում են այդ փոքրիկ եկեղեցին, մինչ օրս տոնում են այդ հրաշքի հիշատակը՝ Հաղորդությունն ի ցույց դնելով և երգելով Մովսեսի երգը, որն առաջին անգամ երգվել է, երբ Աստված հրաշքով բացեց Կարմիր Ծովի ջրերը Ելքի ժամանակ:

Էտեն, Պերու, 1649թ.։ Հայր Հիերոնիմոս Սիլվան տեսավ երեխայի պատկեր նշխարի վրա, և նույն կերպ Մանուկ Հիսուսը հայտնվեց մի քանի մարդկանց: Այս հրաշքը Էտենում տոնվում է ամեն տարի Հուլիսի 12-ին:

Տրիվանդրում, Հնդկաստան, 2001թ.։ Պատարագ մատուցելիս Հայր Ջոնսոն Քարուրը տեսավ երեք կետ հացի վրա, իսկ հետո՝ մարդկային դեմք: Հարցազրույցի ժամանակ Կարուրն ասաց. «Ես ուժ չունեի հավատացյալներին որևէ բան ասելու։ Որոշ ժամանակ մի քիչ կողմ կանգնեցի։ Ես չկարողացա զսպել արցունքներս։ Մենք այդ օրերին կարդում էինք Աստվածաշունչը և խորհրդածում էինք երկրպագության ժամանակ: Այն հատվածը, որն ինձ էր ընկել այդ օրը, Հովհաննես 20, 24-29-ն էր, որտեղ Հիսուսը Սուրբ Թովմասին կանչեց հպվելու Իր վերքերին:

Վերջապես, կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ հրաշք է տեղի ունենում, նույնիսկ եթե մենք չենք կարող դա ընկալել մեր զգայարաններով: Իրոք, օրհնությունից հետո հացի և գինու նյութը դադարում է գոյություն ունենալ և փոխարինվում է Քրիստոսի Մարմնի և Արյան նյութով:

[1] Այս վկայությունները վերցված են հետևյալ հրատարակությունից. Ron Rychlak, “Eucharistic Miracles: Evidence of the Real Presence”, This Rock, Vol. 17, no. 7, September 2006.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։